Ճանապարհատրանսպորտային պատահարներն ու դրանց զոհերը․ սև վիճակագրություն. Fip.am

07-07-2019
484 դիտում
Ճանապարհատրանսպորտային պատահարներն ու դրանց զոհերը․ սև վիճակագրություն. Fip.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտարարելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը հունվար ամսին (2019 թ.), նախորդ տարվա հունվարի համեմատ, էապես նվազել է։

Փաստերի ստուգման հարթակը որոշեց գնալ վարչապետի այս գրառման հետքերով։

Ոստիկանությանը խնդրեցինք տրամադրել 2017 և 2018 թվականների, ինչպես նաև 2019 թ․ առաջին եռամսյակում արձանագրված ՃՏՊ-ների, դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թիվը։

Եվ այսպես, ըստ ոստիկանության տվյալների՝

2017 թ. արձանագրվել է 3535 ՃՏՊ, զոհերի թիվը՝ 279, վիրավորներինը՝ 5179։

2018 թ․ գրանցվել է 4111 ՃՏՊ, զոհերի թիվը՝ 343, վիրավորներին՝ 5950-ը։

Ինչ վերաբերում է 2019-ինապա վարչապետի հայտարարությունը ճիշտ է, ի տարբերություն 2018 թ. հունվարի, երբ ՃՏՊ-ների հետևանքով զոհվել էր 37 մարդ, 2019-ի հունվարին զոհերի թիվը 20 է եղել։ Սակայն եթե դիտարկում ենք առաջին եռամսյակում գրանցված ՃՏՊ-ները, ապա այստեղ պատկերն այնքան էլ հուսադրող չէ։ Հունվարից-մարտ ընկած ժամանակահատվածում արդեն գրանցվել է 936 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 63, մարմնական վնասվածք է ստացել 1399 մարդ։

Ճանապարհային ոստիկանության աշխատանքից հանրությունն առավելապես սկսեց բողոքել անցյալ տարվա մայիսից։ 2018 թ. հեղափոխությունից հետո հասարակական դժգոհության մեծ ալիք սկսվեց ընդդեմ ՃՈ-ի՝ կառույցին մեղադրելով անգործության մեջ։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ որոշեցինք համեմատել 2017 և 2018 թվականների մայիս-դեկտեմբեր ամիսների վիճակագրությունը։

Այսպես, 2017 թ. մայիս-դեկտեմբեր ամիսներին հանրապետությունում արձանագրվել է 2639 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 225 մարդ, մարմնական վնասվածքներ է ստացել 3826-ը։

2018 թ․ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 3060 ՃՏՊ՝ 16 տոկոսով ավել նախորդ տարվա ցուցանիշից։ Վիրավորների թիվը ևս աճել է 15,4 տոկոսով՝ 4416 մարդ։ Ինչ վերաբերում է զոհերին, ապա զոհերի թիվը ևս աճել է, սակայն ավելի քիչ՝ համեմատած պատահարների և վիրավորների թվի աճի հետ։ Նախորդ տարվա մայիս-դեկտեմբեր ամիսներին ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 243 մարդ, որը 8 տոկոսով է ավել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ըստ ամիսների վերլուծելով պատահարները՝ տեսնում ենք, որ առավել վատ է պատկերը դեկտեմբեր ամսին։ Այստեղ ՃՏՊ-ների թիվն աճել է 32,6 տոկոսով, վիրավորների թիվը՝ 37,4 տոկոսով, զոհերի թիվը՝ 69,5 տոկոսով։ Ամենաշատ զոհերը, սակայն, գրանցվել են օգոստոսին՝ 42 ։

ՃՏՊ-ների թվի կտրուկ աճ է արձանագրվել հուլիս և նոյեմբեր ամիսներին, համապատասխանաբար՝ 26,2 և 29 տոկոսով։

Վիրավորների թվի նվազում նկատվել է միայն հոկտեմբերին։ Այդ ամիս վիրավորների թիվը, 2017 թ. հոկտեմբերի համեմատ, նվազել է մոտ 5 տոկոսով։ Մյուս բոլոր ամիսներին գրանցվել է վիրավորների թվի աճ։  Բացի դեկտեմբերից, աճը հատկապես ակնառու է եղել նաև նոյեմբեր ամսին՝ 35,5 տոկոս։

Քիչ թե շատ «հուսադրող» է պատկերը ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թվի վիճակագրության մասով։ Այստեղ՝ մայիս, հունիս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին գրանցվել է զոհերի թվի նվազում՝ 2017 թ. նույն ամիսների համեմատ։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ վերջին տարիներին համաչափ աճում են և՛ ճանապարհատրանսպորտային պատահարները, և՛ դրանց հետևանքով մարմնական վնասվածք ստացած մարդկանց թիվը։

Ինչ վերաբերվում է ՃՏՊ-ների հետևանքով զոհերին, ապա այս տարվա առաջին եռամսյակում ունեցած զոհերի թիվը թեև նվազել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն դա առավելապես պայմանավորված է հենց անցյալ տարվա առաջին եռամսյակում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի ավելի քան կրկնակի աճով։

Սևադա Ղազարյան

www.Fip.am