Այդքան անզգույշ չի կարելի լինել բանակի ու միջոցառումների հանդեպ․ այսօրվա իրողությունը նվազեցնում է բանակի, կազմակերպված երկրի դերակատարությունը․ Սեյրան Օհանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը

– Պարո՛ն Օհանյան, Հայոց բանակի 30-ամյակն է այսօր։ Ի՞նչ խորհուրդ ունի Հունվարի 28-ը ձեզ համար։

– Շնորհավորում եմ Բանակի տոնի կապակցությամբ ողջ հայ ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը ու նաև բանակի ողջ անձնակազմին՝ գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրայիններին ու ցանկանում, որ բանակն արագ տեմպերով վերականգնի իր ունեցած երբեմնի համբավը՝ որպես հաղթանակած և մեր տարածաշրջանում մրցունակ բանակ։

Օրվա խորհուրդը շատ մեծ է։ Մեր բանակը մեր անկախության հետ ձևավորված անչափ կարևոր կառույց է, որ ապահովել է մեր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և նաև հաղթանակներ, որոնք ձևավորել են Հայաստան-Արցախ միասնական անվտանգային կուռ համակարգ, որը եղել է շատ ամուր ու անպարտելի:

Ցավոք, այսօր իրավիճակն այլ է․ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո այլ իրավիճակ է ստեղծվել, ու այդ կրած պարտությունից հետո, կարծում եմ, որ բանակն այն կառույցն է, որն առաջինը կարող է ամենաարագը վերականգնվել՝ որպես կարգապահ, կազմակերպված, ուղղահայաց ենթարկվածությամբ ձևավորված կառույց, և դրանք հենց այնպես ասվող խոսքեր չեն։ Ճիշտ կազմակերպելու, կառավարելու դեպքում Հայկական բանակն արագ կվերականգնվի, մեջքը կուղղի ու այսուհետ ևս կհանդիսանա մեր ու Արցախի անվտանգության երաշխավորը։

– Գործընթացների ճիշտ կազմակերպման, կառավարման նախադրյալներ տեսնո՞ւմ եք։

– Չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ․ բանակը պարտավոր է դա անել, բանակի պարտքն է լինել մեր անվտանգության երաշխավորը։

– 44-օրյա պատերազմում կրած պարտությունից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո տարակարծությունները շատ էին պետական տոները նշել-չնշելու վերաբերյալ։ Ձեր տեսակետն ինչպիսի՞ն է այս մասով, պարո՛ն Օհանյան՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այսօր բանակի 30-ամյակն է, բայց այն չի նշվում, ինչպես նախկինում։

– Քանի որ այսօր Բանակի տոնն է, բանակի ու երկրի ղեկավարությունը պետք է որոշի՝ ինչ մասշտաբայնությամբ, թեկուզ համեստ, բայց պետք է նշվի։ Այն իրողությունը, որն այսօր կա՝ կապված հիվանդության հետ, գտնում եմ, որ որոշակի առումով նաև բանակի դերակատարությունը, կազմակերպված երկրի դերակատարությունը նվազեցնում է։ Այդքան անզգույշ չի կարելի լինել բանակի ու միջոցառումների հանդեպ։

– Բանակի կազմավորման ակունքներում եք եղել, մշտապես բանակի կողքին, կխնդրեմ ասեք՝ ի՞նչ ճանապարհ է անցել Հայոց բանակը կազմավորման օրվանից, հե՞շտ էր զրոյից բանակ ստեղծել։

– Մենք բանակը կառուցել ենք չափազանց դժվարին պայմաններում, բանակը ձևավորվել է պատերազմին զուգահեռ, շրջափակման մեջ, երկրաշարժի տարիներին, բայց մեր ժողովուրդը կարողացել է, մեր կամավորականները, մտավորականները ու նաև Խորհրդային Միությունից եկած մեր կադրային սպաները կարողացել են մի կուռ ձուլվածք ստեղծել ու ձևավորել բանակը: Դժվար է եղել, բայց հպարտության տարիներ են եղել։ Հպարտությամբ ու պատվով եմ հիշում այդ ամբողջ ընթացքը, որ ունեցել ենք։

– Որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ ունենանք այն բանակը, որն ունեինք։

– Բանակին իր առջև դրված առօրյա խնդիրը կատարելու համար ժամանակ պետք չէ, այն պարտավոր է անմիջապես լծվել այդ գործին։ Բանակը որպեսզի կազմակերպված իրականացնի մարտական պատրաստությունը, պետք է պլանավորել ու իրականացնել, ու նաև մի քանի տարի է պետք՝ սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար։ Այսինքն՝ մեկ նախընտրական ժամանակահատվածը բավ է, որ բանակն ունենա այն կազմակերպվածությունը, որն ունեցել է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am