«Քաղաքական ուժերի բանավեճի համար Հանրային հեռուստաընկերության առաջարկած նոր մոտեցումը բավականին խոցելի է». Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, Հանրային հեռուստաընկերությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախապատրաստվում է «Հայաստանն ընտրում է» խորագրով նախընտրական բանավեճերի անցկացմանը: Կխնդրեմ ասեք, թե որքանո՞վ է այս ձևաչափն արդյունավետ ընտրողների կողմնորոշման համար:

– Այս ձևաչափը շատ կարևոր է և շատ հաճախ օգնում է, որպեսզի ընտրողը կարողանա կողմնորոշվել: Ամեն անգամ, երբ որևէ քաղաքական ուժ միակողմանի ելույթ է ունենում և իր տեսակետներն է արտահայտում, իր մեղադրանքներն է առաջ քաշում, ինչը մնում է օդի մեջ, իսկ բանավեճի ժամանակ հնարավորություն է լինում հնչեցված մտքերին հակադարձել, հակափաստարկներ բերել և այլն:

Նորություն չէ, որ բանավեճը ընտրողին օգնում է կողմնորոշվելու, և այն քաղաքական ուժերը, որոնք խուսափում են բանավեճից, չունեն բավականաչափ փաստարկներ ու ասելիք, որովհետև միակողմանի քարոզ անելը շատ հեշտ է, կարելի է ասել՝ ինչ ուզես:

Հաշվի առնելով քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, նրանց միջև տեղի ունեցած հեռակա բանավեճերը, ի՞նչ եք կարծում, բովանդակային բանավեճի ականատես կլինե՞նք:

– Ինչ էլ ստացվի, ամեն դեպքում պետք է մեզանում ձևավորել բանավեճի մշակույթը: Չեմ բացառում, որ ինչ-որ տեղ դա թերի կամ շատ թերի լինի, ամեն ինչ շատ վատ ընթանա, բայց դա է բանավեճի մշակույթ ձևավորելու ճանապարհը, և, ի վերջո, կարելի է նախնական պայմանավորվածություն ձեռք բերել, որ ոչ մի վիրավորանք, ատելության խոսք եթերի ժամանակ չհնչի, ինչը կարող է չափանիշներից մեկը լինել՝ թեկնածուների պարկեշտությունը գնահատելու համար:

2018 թվականին լռության օրվանից առաջ նախընտրական ցուցակի առաջին դեմքերի բանավեճը շատ լավ ավանդույթ կարող է դառնալ, որովհետև այն իսկապես մեծ լսարան հավաքեց և քաղաքական հետաքրքիր միջոցառում դարձավ:

Պարո՛ն Մելիքյան, Հանրայինը որոշել է բանավեճի շրջանակում անցկացնել չորս դեբատ, որոնցից երկուսին կմասնակցեն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, մյուս երկուսին՝ ցուցակի առաջին համարները, քանի որ արտահերթին մասնակցող քաղաքական ուժերի թիվը շատ է, և տեխնիկապես հնարավոր չէ բոլորին միասին հրավիրել: Առաջին դեմքերի՝ 13:13 քաղաքական ուժերի բաժանված բանավեճը որքանո՞վ արդյունավետ կլինի:

– Կարծում եմ՝ մոտեցումը բավականին խոցելի է, որովհետև այդ 13/13-ը ինչպես էլ բաժանվեն, հարցեր են առաջանալու, որովհետև հստակ չէ, թե գաղափարական հակադիր բևեռները կհանդիպե՞ն, թե՞ մոտավորապես նույն պլատֆորմներն ունեցող ուժերը կբանավիճեն միմյանց հետ:

Լավ կլիներ, որ ինչ-որ մի բանաձև գտնվեր, որը թույլ կտար բոլորին հավաքել, համենայնդեպս, բոլորը բոլորի դիմաց լինեն ու կարողանան պայքարել միմյանց դեմ: Կարծում եմ, դեռ ժամանակ կա, և կարելի է այդ թեմայով մասնագիտական քննարկում կազմակերպել և խորհրդակցել միջազգային փորձագետների հետ: Ընտրված տարբերակը լավագույնը չէ:

Այսինքն՝ կարևորում եք, որ 26 քաղաքական ուժերի առաջին դեմքերը բոլորը միասի՞ն մասնակցեն բանավեճին:

Այո՛, կա՛մ այդպես, կա՛մ մեկ ուրիշ բանաձև գտնեն, որտեղ յուրաքանչյուր առաջին դեմք զրուցի այն առաջին դեմքի հետ, որն իրեն սկզբունքորեն հետաքրքիր է, ասենք՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է անպայման բանավիճել Քոչարյանի հետ:

Հակառակ դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը բանավիճի, օրինակ՝ «Լուսավոր Հայաստանի» կամ Արման Բաբաջանյանի հետ, այնքան էլ հետաքրքիր չէ:

– Պարո՛ն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում նախաքարոզարշավային ընթացքի լուսաբանումը ԶԼՄ-ների կողմից:

– Քարոզարշավի ընթացքը նախորդ ամիսներից մեծ հաշվով չի տարբերվում, այն առումով, որ լրատվամիջոցները բևեռացված են, ճնշող մեծամասնությունը սպասարկում է ինչ-որ քաղաքական ճամբարների շահեր:

Այս քարոզարշավի ընթացքում, ամենայն հավանականությամբ, մթնոլորտը մի քիչ ավելի կթեժանա, ավելի շատ մանիպուլյացիաներ, ֆեյք լուրեր կլինեն, այսինքն՝ կտեսնենք այն, ինչ նախորդ ամիսներին ենք տեսել այն թեժ քաղաքական պայքարի ժամանակ, որտեղ կրկին տուժելու է հասարակ քաղաքացին, քանի որ իրար վարկաբեկելու, մանիպուլյացիաներով միմյանց փչացնելու միտումը որևէ օբյեկտիվ ինֆորմացիայի տեղ չի թողնի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am