«Ինձ զրպարտել են և շարունակում են զրպարտել». Նունե Եսայանը՝ Գյումրիում իր համերգը բոյկոտելու առաջարկ անողներին

16-08-2019
740 դիտում
«Ինձ զրպարտել են և շարունակում են զրպարտել». Նունե Եսայանը՝ Գյումրիում իր համերգը բոյկոտելու առաջարկ անողներին

Գյումրու օրվան նվիրված համերգի շուրջ ֆեյսբուքում աղմուկ է բարձրացել: Պատճառն այն է, որ համերգին երգելու է ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը:

Ֆեյսբուքյան օգտատերերը մեջբերումներ են կատարում երգչուհու 2008 թվականի Մարտի մեկի դեպքերից հետո արված հայտարարությունից: Մասնավորապես, օգտատերերը պնդում են, որ նա ասել է. «Մարտի 1-ի զոհերը իրենք են մեղավոր, որ զոհվել են, թող չգնային հանրահավաք, չէին զոհվի»: Ֆեյսբուքում հնչում են առաջարկներ, որ Նունե Եսայանի համերգի ժամանակ պետք է այս գրությամբ պաստառներով ներկայանալ՝որպես բողոքի նշան:

Factor.am-ի հետ զրույցում Նունե Եսայանը  վստահեցրեց, որ, անկախ իրավիճակից, մասնակցելու է համերգին, իսկ իր դեմ ակցիա իրականացնողների մասին էլ ասաց. «Աստված իրենց հետ, Աստված է պատժում բոլորին: Աստված պատժելու է նրանց, ովքեր որ վատ բան են անում: Եթե ես էլ եմ վատ բան արել, թող ինձ էլ պատժի: Դուք այդ հայտարարությունն իմ շուրթերից լսե՞լ եք: Ինձ զրպարտել են և շարունակում են զրպարտել»: Ի դեպ, վերջերս հասարակական աղմուկից հետո մեկ այլ վաստակավոր արտիստ՝ Ռազմիկ Ամյանը, հրաժարվեց համերգին ներկայանալուց: Խոսքը Հարութ Փամբուկչյանի  «30 տարի անց»  համերգի մասին է, որին նախորդել էր Ռազմիկ Ամյանի կողմից Սերժ Սարգսյանին նվիրված երգի պրեմիերան: 

Հավելենք, որ Գյումրու օրվան նվիրված միջոցառումներն այս տարի տեղի են ունենալու օգոստոսի 25-ին: Ավագանու որոշմամբ՝ համայնքային բյուջեից միջոցառմանը հատկացվել է 8 մլն դրամ, որից 1 միլիոնը տրվելու է Նունե Եսայանին: Նա այդ  գումարը բարեգործական նպատակներով է ծախսելու․ փոխանցելու է Գյումրու թիվ 1 Արվեստի դպրոցին՝ երաժշտական գործիքներ ձեռք բերելու նպատակով: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։