«Ոչ ոք չի բռնում այս իշխանության ձեռքերը ավելի խիստ պայքար մղելու հանցավորության դեմ՝ չունենալով ոչ մի կաշկանդվածություն». փաստաբան 

27-08-2019
792 դիտում
«Ոչ ոք չի բռնում այս իշխանության ձեռքերը ավելի խիստ պայքար մղելու հանցավորության դեմ՝ չունենալով ոչ մի կաշկանդվածություն». փաստաբան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը

- Պարո՛ն Նորիկյան, վերջին շրջանում քրեական տարրերի ակտիվություն է նկատվում, նրանց մասնակցությամբ հանցագործություններն աճել են: Վերջին շրջանում միայն երկու քրեական հեղինակություն է սպանվել Երևանում: Ինչո՞վ է բացատրվում այս իրավիճակը:

- Բացատրվում է նրանով, որ, այսպես կոչված, հանցավոր աշխարհը դեռևս շարունակում է կենսունակ մնալ Հայաստանում: Ոչ ֆորմալ այդ ինստիտուտները շարունակում են գոյություն ունենալ, և կա սոցիալական մի առանձին շերտ, որն իր հարցերը կարգավորում է հրազենի միջոցով կամ օրինական միջոցներից դուրս գտնվող իրենց աշխարհընկալման կանոններով: Դա անթույլատրելի է, կարծում եմ՝ այս առումով ՀՀ իրավապահ մարմինները լուրջ անելիք ունեն:

Իրավապահները պարտավոր են ուղղակի արմատախիլ անել քրեական մշակույթը, ջարդել այդ համակարգի ողնաշարը և թույլ չտալ, որ հանցավոր աշխարհը երկրում որևէ շոշափելի դերակատարում կամ թեկուզ իր գոյության մասին հիշեցնելու հնարավորություն ունենա: Ես տարակուսած եմ այս հանգամանքից:

Չպետք է թույլ տալ, որ նույնիսկ մեկի մտքով անցնի, թե իրավապահ համակարգը թույլ է: Պետք է կոշտ բռունցքը մշտապես պահել հանցագործ աշխարհի գլխին՝ անհրաժեշտության դեպքում այդ գլուխը ջարդելու հեռանկարով:

- Հեղափոխությունից հետո իրավապահ համակարգի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կոշտ պայքար է ընթանում հանցավորության դեմ, ոստիկանությունը պարբերաբար «ասֆալտին փռելու» օպերացիաներ է իրականացնում: Այս գործողություններն ինչո՞ւ չեն զսպում այդ շրջանակներին:

 - Ընդհանրապես այդ տեսարաններն ու շոուները գալիս են Հռոմեական կայսրությունից: Դրանք երբեմն անհրաժեշտ են որոշակի մթնոլորտ ստեղծելու, բայց բավարար չեն հանցավորության դեմ պայքարելու համար: Հանցավորության դեմ պայքարելը միայն հատակին կամ ասֆալտին պառկեցնելն ու պատին ծեփելը չէ: Հանցավորության դեմ պայքարը մասնագիտություն է, ամենօրյա քրտնաջան աշխատանք, ենթադրում է պրոֆեսիոնալ կարողությունների գործադրում և նաև օրենսդրության կիրառում:

Հետևաբար, հանգել հետևության, որ միայն այդ տեսարանների շնորհիվ հնարավոր է արմատախիլ անել հանցավոր բարքերը, ես կարծում եմ՝ միամտություն ու ինքնախաբեություն է: Հայաստանի Հանրապետությունում հանցավոր բարքերը վերացնելու համար նախ անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկներում տիրող արժեհամակարգն ուղղակի ջնջել, ոչնչացնել:

Քրեակատարողական հիմնարկները քրեական դպրոցներ են, որտեղ որոշակի սոցիալական խմբեր ուղղակիորեն դաստիարակվում կամ դաստիարակում են իրենց արժեհամակարգին բնորոշ արժեքներով: Եվ քրեակատարողական հիմնարկներից դուրս եկող անձինք ուղղակի իրենց արժեհամակարգը տարածում են փողոցներում, գյուղերում, քաղաքներում, դպրոցներում, ամենավատը՝ բանակում: Եվ մեծ ողբերգությունների հիմնական մասը գալիս է, այսպես կոչված, հարց լուծողների պատճառով:

Ուստի ես կարծում եմ, որ մեզ պետք է շատ խիստ ոստիկանություն: Մենք պետք է ստեղծենք այն ոստիկանությունը, որը պետք է դառնա հանցավոր աշխարհի ահն ու սարսափը, բայց որը միաժամանակ կգործի օրինականության դաշտում ու իրավաչափ: Պետք են արմատական ու բեկումնային քայլեր՝ այդ ոլորտում բեկումնային հաջողություն արձանագրելու համար:

- Ընդհանրապես, հասարակության մեջ քրեական մշակույթն ու արժեհամակարգն ինչպե՞ս վերացնել:

- Այո՛, ես հեռու եմ այն մտքից, որ միայն ոստիկանությունում է խնդիրը: Այդ քրեական մշակույթը ջարդելու համար մեզ նորմալ կրթություն է պետք, մեզ նորմալ դաստիարակություն է պետք: Կան հանգամանքներ, որ մենք ինքներս պետք է փոխվենք: Այսինքն՝ սա լուրջ, գլոբալ խնդիր է: Ես կարող եմ սա գնահատել որպես ազգային անվտանգության ներքին սպառնալիքներից մեկը: Ուստի, այս առումով անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ:

- Ի՞նչ եք նկատում, նախորդ իշխանության օրոք կարող էր հանցավոր աշխարհի ներկայացուցիչների «լռությունը» նրանով պայմանավորված լինել, որ նրանք նախկին իշխանությունների հետ փոխկապակցված լինելով՝ ճնշվում էին որոշ չափով: Գուցե նրանց ակտիվացումը նաև այս գործոնո՞վ է պայմանավորված:

- Եթե այն ժամանակ տեղեկություններ, անգամ հաստատված հանգամանքներ կային, որ քրեական տարրերը սերտաճել էին իշխանության հետ, այսօր չկա նման դեպք: Ավելին, նախկինում կային քրեական տարրեր, որոնք ուղղակիորեն ներթափանցել էին պետական և տեղական ինքնակառավարման համակարգ: Այս իշխանության դեպքում, սակայն, այդ մասին չենք կարող խոսել: Բայց դա չի խոսում այս իշխանության օգտին այն առումով, որ նրանց ոչ մի բան չի կաշկանդում, ինչո՞ւ չեն գործում:

Ոչ ոք չի բռնում այս իշխանության ձեռքերը, այս իշխանությունն ավելի խիստ պայքար պետք է մղեր կամ մղի հանցավորության դեմ՝ չունենալով ոչ մի կաշկանդվածություն: Եթե նախկինները սերտաճած էին միմյանց հետ կամ կոծկում էին միմյանց հանցագործությունները, ապա ի՞նչն է խանգարում այսօրվա իշխանությանը որակյալ ու պրոֆեսիոնալ պայքար մղելու հանցավորության դեմ: Այս համեստ վերաբերմունքն այդ անձանց նկատմամբ ինձ համար հասկանալի ու ընդունելի չէ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am