Հայաստանն ունի մի շարք ռազմական արտադրատեսակների սերիական արտադրություն. Հակոբ Արշակյան

Ռազմաարդյունաբերական համալիրի, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերի ֆինանսավորումը 2023 թվականին 2017 թվականի համեմատ աճել է 4 անգամ՝ կազմելով ավելի քան 6,8 միլիարդ դրամ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։

«Որպեսզի մեզ հետևող քաղաքացիներին և գործարար համայնքին պարզ լինի գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերի իմաստը, դրանք ռազմական կարիքներից բխող, ինչպես նաև տարբեր կողմից առաջարկվող առաջադեմ ինովացիոն ապրանքների ստեղծման ֆինանսավորման ծրագրեր են, որոնք քննարկվում են Պաշտպանության նախարարության, Գիտության կոմիտեի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ղեկավարությամբ և ֆինանսավորում են ստանում այն ընկերությունները, որոնք հավանության են արժանանում այս հանձնաժողովների աշխատանքի ընթացքում։  Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ պետական փորձարկումներ անցած գրեթե բոլոր նմուշները ֆինանսավորվել են հենց ռազմաարդյունաբերության կոմիտեի կողմից։ Այսօր արդեն հնարավոր է դարձել այդ մշակումներից շատերը փորձարկել իրական պայմաններում և ռազմական փորձարկման առկայությամբ այսօր արդեն իսկ սերիական արտադրության մի շարք պատվերներ կան ընկերությունների շրջանում»,-ասաց Արշակյանը։

ԱԺ նախագահի տեղակալն ընդգծեց, որ նմուշներն այլևս փորձնական պատվերներ չեն, այլ Պաշտպանության նախարարության կողմից իջեցված սերիական պատվերներ։

«Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում այսօր առկա է մի շարք արտադրատեսակների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, ռադիոլոկացիոն համակարգերի, օպտիկական գիշերային և ցերեկային դիտարկման համակարգերի և մի շարք այլ սպառազինությունների սերիական արտադրություններ, որոնք ստացել են պետական և ռազմական փորձարկումներ և մատակարարվում են»,- ասաց Հակոբ Արշակյանը։