ՀՀԿ-ն գիտակցված ողջունում է այն, ինչ անիրագործելի է

ՀՀԿ-ն գիտակցված ողջունում է այն, ինչ անիրագործելի է
ՀՀԿ-ն գիտակցված ողջունում է այն, ինչ անիրագործելի է

2018թ. մայիսի 31-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն թե Ընտրական օրենսգրքում փոփոխությունների, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ պատրաստ է քննարկումների: Սակայն իր հայտարարության մեջ Հարությունյանն ընդգծեց, որ ողջունում են մատնահետքերի մեկ միասնական առցանց բազայի ստեղծումը և մոբիլ ընտրացուցակների ներդրումը… Այնինչ, առաջինը իրագործելու համար երկար ժամանակ է հարկավոր, իսկ երկրորդը՝ անիրագործելի է:

Վերջին շրջանում ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ տարբեր քննարկումներ են եղել գրեթե բոլոր (բացառությամբ ՀՀԿ-ի) խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների, շահագրգիռ ՀԿ-ների, ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, Եվրոպայի Խորհրդի, ՄԱԿ-ի, Ոստիկանության և ԱԱԾ մասնագետների հետ: Քննարկումների ընթացքում հնչել են գաղափարներ, որոնք էապես կնպաստեն արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը, պարզվել է տարբեր քննարկումների իրագործելիությունը:

Մասնագիտական քննարկումների ժամանակ անդրադարձ է եղել նաև Դավիթ Հարությունյանի ողջունած գաղափարներին:

Մատնահետքերի մեկ միասնական առցանց բազա.

Մատնահետքերի միասնական բազայի և ընտրողներին մատնահետքով իդենտիֆիկացնելու համակարգի ստեղծումը շատ ծախսատար և ժամանակատար է: Այն գործնականում հնարավոր չէ իրագործել 2018 թվականի ընթացքում: Մասնավորապես,

1․Առցանց բազան ենթադրում է, որ բոլոր տեղամասերի մատնահետք կարդացող սարքերը ապահովված պետք է լինեն ինտերնետով, իսկ ինտերնետի խափանումը մեկ տեղամասում կհանգեցնի ընտրական գործընթացի խաթարմանը: Եվ այս մասին առաջինը բարձրաձայնել է ինքը՝ Դավիթ Հարությունյանը դեռևս 2016 թվականին «4+4+4» ֆորմատով բանակցությունների ժամանակ:

2․Առցանց բազան տեսականորեն պետք է ընտրողի մատնահետքը համեմատի մինչ այդ քվեարկած բոլոր ընտրողների մատնահետքերի հետ, ինչը նշանակում է, որ 1 ընտրողի իդենտիֆիկացիան կարող է տևել մոտ 20 րոպե (հատկապես օրվա վերջում քվեարկողների դեպքում):

3․Առցանց բազան անարդյունավետ է նաև այն առումով, որ յուրաքանչյուր ընտրող ունի 10 մատ և հանցավոր համաձայնության գալու դեպքում կարող է քվեարկել 10 անգամ:

4․Եթե բազան ոչ թե համեմատի քվեարկողի մատնահետքը քվեարկած այլ անձնաց մատնահետքերի հետ, այլ համակարգում արդեն առկա տվյալ ընտրողի մատնահետքի հետ, ապա պետք է ընտրություններից առաջ հավաքագրել բոլոր ընտրողների մատնահետքերը: Իսկ այս պահին նույնականացման քարտեր ստանալիս մատնահետքեր են հանձնել ընդամենը մոտ 970 հազար քաղաքացի (որոնց միայն մի չնչին մասն է հանձնել 10 մատնահետք, իսկ մոտ 700 հազարը՝ միմիայն երկու ցուցամատերը):

5․Այժմ ոստիկանությունում կա ID քարտերի դեֆիցիտ, իսկ նոր քարտերի առաքումը տևում է 4 ամիս, իսկ ամսական հանրապետության 62 անձնագրային բաժինները կարող են տալ ոչ ավել, քան 50 հազար ID քարտ: Սա նշանակում է, որ մոտ 1,6 միլիոն ընտրողներին ID քարտ տալու և գոնե 2 մատնահետքերի բազան ունենալու համար պետք է ոչ պակաս, քան 20 ամիս… Անգամ արտակարգ ռեժիմով աշխատելու դեպքում դա հնարավոր չէ ավարտել 2018-ի ընթացքում:

6․Մատնահետքեր կարդացող սարքերը 4-5% դեպքերում չեն կարողացել կարդալ ընտրողների մատնահետքերը, ինչը կարող է պայմանավորված լինել սարքի զգայնությամբ, անձի մասնագիտությամբ, եղանակային և այլ պայմաններով (և այս մասին ևս առաջինը բարձրաձայնել է ինքը՝ Դավիթ Հարությունյանը «4+4+4»-ի ժամանակ):

«Մոբիլ» ընտրացուցակների ներդրում

Այստեղ խոսքը ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային Էլեկտրոնային Կառավարման Տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի մասին է, որը սակայն հնարավոր չէ ճշգրտորեն կապել ընտրացուցակների հետ ստորև նշված օբյեկտիվ պատճառներով.

1․ՍԷԿՏ համակարգը սկսել է գործել 2008 թվականից, ուստի մինչև 2008թ. ՀՀ-ից արտագաղթած և այլևս հետ չվերադարձած անձանց մասին տեղեկություններ չկան:

2․ՍԷԿՏ-ը պարունակում է ոչ թե անձանց Հայաստանում գտնվելու վերաբերյալ տվյալներ, այլ միայն տվյալներ սահմանային կետերը հատելու վերաբերյալ: Ընդ որում, 2008-ին ՍԷԿՏ-ը գործել է միայն Զվարթնոց օդանավակայանում, ավելի ուշ նաև ցամաքային անցակետերում, ուստի հնարավոր է որ քաղաքացին այդ ընթացքում լքած լինի ՀՀ տարածքը օդային ճանապարհով, բայց վերադարձած լինի ցամաքայինով, ինչի արդյունքում ըստ ՍԷԿՏ-ի՝ քաղաքացին դուրսն է, բայց նա իրականում երկրում է:

3․Անճշտություններ կարող են լինել նաև երկքաղաքացիների մոտ: Օրինակ՝ քաղաքացին լքել է ՀՀ սահմանը հայկական անձնագրով, և վերադառնա արտերկրյա անձնագրով: Այս դեպքերում անձի նույնականացումը դժվարանում է նրանով, որ արտասահմանյան անձնագրերում հայրանուն չի նշվում: Իսկ այն դեպքերում երբ քաղաքացին արտասահմանում փոխում է նաև իր ազգանունը (օրինակ՝ ամուսնանալիս) կամ անունը, անձի նույնականացումը դառնում է անհնարին: Այդ բոլոր անձինք ևս, ըստ ՍԷԿՏ-ի, արտերկրում են, բայց իրականում՝ Հայաստանում:

Չնայած վերը նշված թերությունների՝ ԱԱԾ-ի և ոստիկանության հետ քննարկվել են այլ անձի փոխարեն քվեարկությունը բացահայտող այլ տարբերալկներ (ՍԷԿՏ-ի ներգրավմամբ), որոնք նաև կկանխարգելեն այդ հանցագործությունը:

Ավելին, քննարկումների ժամանակ դիտարկվել են նաև այլ գործուն միջոցներ, որոնք կերաշխավորեն այլ անձանց փոխարեն քվեարկությունների բացառումը:

Կարևոր է նաև նշել, որ անձամբ Դավիթ Հարությունյանը, ով բազմաթիվ տարիներ զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, պետք է քաջատեղյակ լինի վերը նշված բոլոր թերություններից: Ինչը, իր հերթին, կասկածի տակ է դնում հանրապետականի հայտարարության անկեղծությունը:

Հավելենք, որ կառավարությունը ևս կրկնաքվեարկության հնարավորությունը բացառելու նպատակով մտադիր է ներդնել քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց կամ այդ նպատակին հասնել «համարժեք այլ եղանակով»:

Աղբյուրը՝ sut.am