ԵԱՏՄ-ն չպետք է ունենա քաղաքական կամ աշխարհաքաղաքական օրակարգ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ելույթ է ունեցել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում՝ շեշտելով, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել ևս, աշխարհաքաղաքական օրակարգ, և նրա սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ստանձնելով ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը՝ Հայաստանի Հանրապետությունն այդ կապակցությամբ ակնկալում է անդամ երկրների աջակցությունը և արդյունավետ համագործակցությունը` առկա խնդիրների լուծման նպատակով։ 

«Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ, որի հիմքում այն բազային հիմնադրույթն է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել և հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ։ Առևտրի և ինտեգրման հիմնարար ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով, դա միանշանակ կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի։ Այս համատեքստում, հայկական կողմը կարևորում է մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի ստորագրումը, որը հիմնված է ԵԱՏՄ միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման հայեցակարգային և առաջնահերթ ուղղությունների վրա»,- ասել է ՀՀ վարչապետը: 

Նա նշել է՝ հայկական կողմը ողջունում է Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը։ Փաշինյանի կարծիքով՝ լիաֆորմատ համաձայնագրի ստորագրումը կնպաստի Իրանի հետ առևտրատնտեսական, լոգիստիկ և տրանսպորտային կապերի ամրապնդմանը և հնարավորություն կտա ամուր պայմանագրային հիմք ստեղծել համատեղ ծրագրերի համար։ 

«Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ի ներսում կուտակվել են սկզբունքային բնույթ կրող մի շարք չլուծված խնդիրներ, տեղին եմ համարում նշել անդամ պետությունների կողմից ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության մոտեցումները, սկզբունքները և մեխանիզմները համաձայնեցնելու վերաբերյալ հիմնարար լուծումների հասնելու հասունացած անհրաժեշտությունը։ Այս համատեքստում, մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու ուղղությամբ՝ ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների առավելություններից և ներուժից օգտվելու նպատակով։ Անհրաժեշտ եմ համարում նաև էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում համագործակցության ոլորտների ընդլայնումը։ Մեկ այլ հիմնավորապես կարևոր խնդիր է մեր երկրների ՏՏ համայնքների ակտիվ ներգրավմամբ թվային տեխնոլոգիաների ներդրումը պետական բիզնես գործընթացների գործնական գործունեության մեջ։ Այս ոլորտն առանձնահատուկ նշանակություն ունի, մասնավորապես, արհեստական բանականության գործնական կիրառությունների լույսի ներքո, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական գործունեության տվյալների ավելի արագ հավաքագրման և արդյունավետ վերլուծության համար: Արհեստական բանականության հնարավորությունների պատասխանատու օգտագործումը կարող է նաև ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացման լրացուցիչ խթան հանդիսանալ»,- նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր է ստեղծում Հայաստանի համար։ Սա մարտահրավեր է Հայաստանի համար, բայց միևնույն ժամանակ բացառիկ հնարավորություն ԵԱՏՄ-ի համար։ 

«Եթե մեզ հաջողվի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել տրանսպորտի, տարանցման և վարչարարության անխափանությունը, մենք կունենանք ԵԱՏՄ հարաբերությունները շահագրգիռ երրորդ երկրների հետ զարգացնելու բացառիկ հնարավորություն։ Մեկ այլ արդյունավետ գործիք կարող է հանդիսանալ ապրանքների և բեռների թվային հետագծելիության ժամանակակից համակարգերի ներդրումը, այդ թվում՝ էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը, ինչը երաշխավորում է «չորս ազատությունների» իրականացումն առանց հավելյալ խոչընդոտներ ստեղծելու՝ դրանով իսկ ԵԱՏՄ ներսում տեխնիկական հիմք ապահովելով արդյունավետ համագործակցության համար: Կարևոր է, որ այս համակարգերը լինեն ժամանակակից, արդյունավետ և վերացնեն գոյություն ունեցող խոչընդոտները, այլ ոչ թե ստեղծեն նորերը: Նիստի հարգելի մասնակիցներ, Բոլորիս համար այս դժվարին պահին պետք է ջանքերը կենտրոնացվեն ԵԱՏՄ ազդեցությունն առավելագույնի հասցնելու վրա՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները»,- եզրափակել է Փաշինյանը։