Բեգլարյանին կփոխարինի փոխքաղաքապետ Մարգարյա՞նը

09-12-2010
Բեգլարյանին կփոխարինի փոխքաղաքապետ Մարգարյա՞նը

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Լուրը պաշտոնապես հաստատվել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայության կողմից:

Բեգլարյանը այս քայլին է դիմել Սերժ Սարգսյանի արարողակարգի ծառայության աշխատակցի հետ ունեցած սկանդալի պատճառով, որը դատապարտել է նաեւ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը:

Վերջինս հաստատել է այն լուրը, որ Գագիկ Բեգալրյանը երկու օր առաջ ծեծի է ենթարկել Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:

Ըստ շրջանառվող լուրերի, Բեգլարյանը Կանդանյանին ծեծի է ենթարկել այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ վերջինս աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ խնդրել է իր տիկնոջը մի աթոռ այն կողմ նստել:

Արարողակարգի համաձայն, նախագահի մոտ կարող են նստել միայն Ամենայն հայոց Կաթողիկոսն ու ԱԺ նախագահը: Իսկ համերգի գնացած Բեգլարյանի տիկինը նստել էր հենց այն աթոռի հարեւանությամբ, որտեղ պետք է նստեր Սերժ Սարգսյանը:

Երբ Բեգլարյանը տեղեկացել է, որ Կանդանյանը իր տիկնոջը խնդրել է մի աթոռ այնկողմ նստել, գնացել է նախագահական, հանդիպում պահանջել Կանդայանի հետ, ապտակել, ապա վերջինիս տարել է դուրս եւ ծեծի ենթարկել:

Արմեն Արզումանյանը պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է, որ Գագիկ Բեգլարյանի եւ Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի միջեւ խնդիրներ են ծագել, թեեւ մի փոքր այլ կերպ է ներկայացրել կատարվածը։

«Այո, ցավոք, միջադեպ տեղի ունեցել է: Իհարկե, մեր մամուլը դեպքերի իր նկարագրության մեջ դրանք չափազանցրել է։ Մասնավորապես, չի եղել ոչ առեւանգում, ոչ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք, իսկապես, տեղի ունեցել է»,- ասել է Արզումանյանը։

«ՀՀ նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է եւ անհանդուրժելի: Իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավելեւս»,- ասել է Արզումանյանը:

Բեգլարյանի հրաժարականից հետո այժմ ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ով կարող է փոխարինել վերջինիս: Ըստ նախնական տեղեկությունների, ամենայն հավանականությամբ, Բեգլարյանին կփոխարինի փոխքաղաքապետ, վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին` Տարոն Մարգարյանը:

Տարոն Մարգարյանը, ինչպես Գագիկ Բեգլարյանը, եւս ՀՀԿ անդամ է եւ փոխքաղաքապետ է նշանակվել Երեւանի ավագանու կողմից:

Բեգլարյանի հրաժարականից հետո քչերն են կասկածում, որ վերջինիս կփոխարինի հենց Տարոն Մարգարյանը:

© Medialab.am