Հայաստանը գազի ասեղի վրա նստեցնելու, փշրանքների, չաղ-չաղ թագավորների եւ այլնի մասին. Տիգրան Խզմալյան

16-05-2013
399 դիտում
Հայաստանը գազի ասեղի վրա նստեցնելու, փշրանքների, չաղ-չաղ թագավորների եւ այլնի մասին. Տիգրան Խզմալյան

Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ «Մեդիալաբը» զրուցեց «Նախախորհրդարան» քաղաքացիական խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ:

-Պարո՛ն Խզմալյանօրերս Աբովյանում Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու բացման ժամանակ տխուր պատկերի ականատես եղանք՝ իշխանավորների հեռանալուց հետո ժողովուրդը բառի բուն իմաստով հարձակվեց ուտելիքներով լի սեղանների վրա: Ինչպե՞ս եք սա մեկնաբանում, ինչի՞արդյունք էր մարդկանց այս պահվածքը:

- Այդ երևույթն ավելի բարդ է, քան առաջին հայացքից թվում է: Մարդկայնորեն, իհարկե, տհաճ է, և ակամա ամոթ ես զգում, մենք ապրում ենք հենց ամոթի ցավը, որ մեզ դրել են նման ստորացուցիչ վիճակի մեջ: Դա խորհրդանշական բան է, դա նշանակում է, որ չաղ-չաղ թագավորները կերան և փշրանքները, ոսկորները գցեցին ժողովրդին, ինչպես շներին են գցում: Առաջին իսկ հայացքից հենց դա էր ակնհայտ, և դա վկայում է անդունդի մասին, որը գոյացել է ժողովրդի և իշխանությունը զավթած խունտայի միջև: Դա ունի նաև պատմական զուգահեռներ: Ես, չգիտես ինչու, հիշեցի, որ նման մի դեպք 1905 թվականին բերեց առաջին ռուսական հեղափոխության: Երբ Նիկոլայ Երկրորդը թագադրվում էր Սանկտ Պետերբուրգի արվարձաններում, նման մի դեպք էր եղել, դրվել էին սեղաններ, և մարդիկ, իրար հրմշտելով խմիչքի և ուտելիքի համար, ստեղծեցին այնպիսի մի քաշքշուկ, որ մի քանի հարյուր մարդ զոհվեց: Սա շատ մռայլ խորհրդանիշ էր այն ժամանակ, և կարծում եմ, որ մենք այսօր գործ ունենք ճիշտ նման մռայլ խորհրդանիշի հետ՝ հասցնել մարդկանց այսպիսի ստորացուցիչ վիճակի: Նրանք դա չեն մարսի, հենց ժողովուրդը չի մարսելու այդ փշրանքները, չաղ-չաղ թագավորների խունտան չի մարսի այդ ստորացումը, որին ենթարկել են մեր ժողովրդին:

- Իսկ այս ամենում ժողովրդի մեղքը չե՞ք տեսնում, արդյոք նաև ժողովո՞ւրդը չէ մեղավոր, որ այսօր դարձել է սեղանի ցփշրանք հավաքող:

- Ավելի հեշտ է մեղադրել ժողովրդին, բայց ես հակված չեմ նման բաներ անել, որովհետև մարդիկ գալիս էին հիմնականում ոչ թե ուտելու, գալիս էին եկեղեցու օծմանը մասնակցելու, գալիս էին թոթափելու այդ գորշ մթնոլորտը, որ ուրախանային: Բայց դա էլ պղտորվեց: Այսինքն՝ հետևողականորեն պղտորվում են մեր կյանքի բոլոր հնարավոր և անհնար ասպարեզները: Եկեղեցու բացումը և նույն օրը համարյա նույն վայրում կազինոյի բացումը՝ սա շատ դաժան, մռայլ և գորշ, խայտառակ մի խորհրդանիշ է: Միաժամանակ բացում են կազինոն ու եկեղեցին, միաժամանակ հավասարության խորհրդանիշը, եղբայրության խորհրդանիշը, որը եկեղեցին է, դառնում է անհավասարեցման ու ստորացման խորհրդանիշ: Ժողովուրդը փաստորեն ծուղակն է ընկել, և մեղավոր են մարդիկ, ովքեր այդ ծուղակը լարել են: Դա ակնհայտորեն լարված ծուղակ էր, իրենք գիտեին՝ ի՛նչ են անում, և հրճվում են դրանով, դա ակնհայտ է: Իրենց պետք էին այդ պատկերները, սա Հին Հռոմի նման խայտառակություն է, երբ մարդկանց ինչ-որ տեսարան են ապահովում և փշրանքներ նետում: Ես ժողովրդին չեմ մեղադրում, դա նույն ժողովուրդն էր, որն ըմբոստացավ փետրվարի 18-ին և քվեարկեց սրտով, խղճով: Այսինքն՝ հիմա գիտակցաբար փորձում են ստորացնել, ջարդել հենց դա, բայց չի հաջովի: Այդ պատկերներն իհարկե ամոթալի են, բայց դրանք դաս պետք է լինեն մեզ համար: Ես ոչ այնքան ժողովրդի համար եմ ամաչում, որքան իշխանավորների, ովքեր կազմակերպել են այս խայտառակությունը:

- Պարո՛ն Խզմալյան, առաջիկայում գազի գնի բարձրացում է սպասվում, ինչի՞կհանգեցնի դա, ինչպե՞ս եք գնահատում այս թանկացումները աղքատության խորացման ֆոնին:

- Ես տարիներ շարունակ ասում էի ու գրում, որ սա նույնպես շատ վտանգավոր ծուղակ է: Հայաստանը գազի ասեղի վրա նստեցնելն առնվազն անպատասխանատու և սխալ կառավարման որոշում էր: Սա դավաճանության նման մի բան է, Հայաստանն իրեն չի կարող նման կախվածություն թույլ տալ: Այն պահին, երբ նման ռազմավարական որոշում էր ընդունվում, այդ որոշումը պետք է լիներ հօգուտ հոսանքի, որով մենք կարող ենք ապահովել մեզ և՛ ատոմակայանի, և՛ փոքր հէկերի միջոցով: Գերագույն հարցը, որը Հայաստանը պետք է լուծի, ազգային անվտանգության հարցն է: Գազի թանկացումը սպառնում է մեր ազգային անվտանգությանը և անկախությանը, դա՛ է խնդիրը: Դարձնել սեփական երկիրը գների տատանման կամ քաղաքական քմահաճույքի խաղալիք՝ հանցագործություն է: Դա չի համապատասխանում այն դերին, որը պետք է կառավարությունը խաղա: Կառավարությունը դավաճանական քաղաքականություն է վարում, և գազի այս թանկացումն ու հատկապես այն ծանր վիճակը, որում հայտնվելու է Հայաստանը, դրա հետևանքն է: Թե դա ինչի՛ կհանգեցնի, կարելի է շատ հեշտ պատկերացնել, որովհետև գազի թանկացումը կբերի և՛ բենզինի, և՛ հացի, և՛ տրանսպորտի գների բարձրացմանը, կենսամակարդակի կտրուկ անկմանը:
Ես ներկայացնում եմ «Նախախորհրդարանը» և կարծում եմ, որ «Նախախորհրդարանից» հետո մնում է միայն լյումպենացված ամբոխը, որն այլևս չի մտածի պետականության մասին: Մենք պարտավոր ենք հիմա պարտության մատնել այս դավաճանական համակարգը, որովհետև եթե դա չհաջողվի այս անգամ նաև մեզ, մեզնից հետո գալու է ուղղակի ոչ թե սոցիալական ապստամբություն, այլ՝ վախենում եմ բնորոշում տալ այս վտանգին, այս սոցիալական լարվածությանը, որն առկա է և օրեցօր ավելանալու է: 

Մարի Ներսեսյան 

© Medialab.am