«Ուկրաինացին իր ազատության համար դուրս եկավ փողոց, հայը դուրս չի գալիս». Ստյոպա Սաֆարյան

11-02-2014
620 դիտում
«Ուկրաինացին իր ազատության համար դուրս եկավ փողոց, հայը դուրս չի գալիս». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբ»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

-Պարոն Սաֆարյան, մի կողմից Սահմանդրական դատարանը որոշում է, որ կենսաթոշակային պարտադիր վճարներ չկատարելու համար տուգանքների կիրառումը հետաձգվում է, մյուս կողմից գործատուներն առանց աշխատակիցները կամքը հարցնելու նրանց աշխատավարձերից պահումներ են անում: Այս իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում:

-Սահմանադրական դատարանը քաղաքականությամբ է զբաղված  և քաղաքական խնդիր է լուծում՝ իրավական որոշման անվան տակ: Չլիներ ՍԴ տվյալ որոշումը, մենք համակարգի դեմ կունենայինք էական դիմադրություն: Բայց հիմա, քանի որ պատասխանատվության նորմը հանել են, դիմադրության խնդիր չկա: Մյուս կողմից գործատուն պարտադրանքով պահումներն անում է: Այսինքն՝ ակնհայտորեն քաղաքացիական շարժումը, հասարակական ընդվզումը թուլացնելու խնդիր է լուծում Սահմանադրական դատարանի որոշումը:

Եթե Սահմանադրական դատարանն այդքան շահագրգռված լիներ, կարող էր բավականին արագ լսել հարցը՝ նկատի ունենալով, որ համակարգը ներդրվում է և կարող է լինել Սահմանադրությանը հակասող: Սահմանադրական դատարանը կասեցնում է տույժերը, բայց այդ ընթացքում ներդրվում է համակարգը: Դուք պատկերացրեք, որ ներդրված համակարգից հետո որոշում կայացնի և ասի՝ գիտեք, ինչ ներդրվել է, սխալ է ներդրվել: Սա նշանակում է մի բան՝ Սահմանադրական դատարանը լավ էլ գիտի, թե ինչ որոշում է կայացնելու, մենք էլ դա գիտենք, Սահմանադրական դատարանը չի կարող հակառակ որոշում կայացնել, եթե Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարում է, որ ինքը դրական է վերաբերվում այս օրենքին, իսկ կառավարությունն ամբողջությամբ պաշտպանում է այս համակարգը: Հետևաբար անգամ իշխանության ներսում չկա տարբեր կարծիք, որպեսզի Սահմանադրական դատարանը հիմք ընդունի դրանցից մեկի դիրքորոշումը: ՍԴ որոշումը միանգամայն սպասել է լինելու՝ սահմանադրությանը համապատասխան է ճանաչելու կուտակային բաղադրիչը:

-Պարոն Սաֆարյան, թեև գնալով երկրում ավելանում է դժգոհությունը, սական զանգվածային ընդվզում նկատելի չէ, ի՞նչն է պատճառը:

-Դրա պատճառները երկուսն են՝ քաղաքական ուժերը ճիշտ չեն կազմակերպում և ճիշտ չեն առջնորդում շարժումը, ինչը բերում է հիասթափության: Եվ երկրորդը, ժողովուրդն ինքը պայքարի, բողոքի, համաժողովրդական ընդվզման շատ թույլ նախադեպեր ունի: Այս առումով թերևս ամենատպավորիչ վիճակը, օրինակ, նախագահական ընտրություններից հետո ընդվզումն էր: Մեր հասարակությունը Ուկրաինայի հասարակությունը չէ, որը իր իրավունքների սահմանափակման համար դուրս եկավ փողոց և ուժեղացրեց Եվրամայդանը: Եվրամայդանը փաստացի մեկ խնդրով սկսված շարժում էր, որը հետագայում ավելի հարստացավ, երբ գործող ռեժիմը որոշեց սահամանփակել մարդկանց իրավունքները և ազատությունները: Ուկրաինացին իր ազատության համար դուրս եկավ փողոց, հայն իր իրավունքի և ազատության համար դուրս չի գալիս:

-Իսկ ի՞նչ կանխատեսումներ ունեք քաղաքական զարգացումների, նաև պայքարի ակտիվացման ուղղությամբ:

-Կոնկրետ կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը քաղաքացիական նախաձեռնություն է, «Ժառանգությունը» տվյալ պարագայում մյուս քաղաքական ուժերի նման գործընկեր է, համագործակից ուժ է: Բնակաբանար, ամեն ինչ կարելի է անել այդ բոլորի համատեղ քննարկման արդյունքում: Մեր կուսակցությունն այդ պայքարին մասնակցում է այնքանով, որքանով դա համաձայնության առարկա է եղել մի կողմից քաղաքացիական նախաձեռնության, մյուս կողմից խորհդարանական խմբակցությունների միջև: Համատեղ որոշումներ են ընդունվել դիմել Սահմանադրական դատարան, հրավիրել հանրահավաք, հնարավորություն տալ բոլորին իրենց տեսակետները ներկայացնել հանրահավաքում:

-«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ին հանրահավաք  է անցկացնելու, հնարավո՞ր է դա շարունակական բնույթ կրի, նոր օրակարգ առաջարկվի ժողովրդին:

-Ցանկություններն այլ բան են, հնարավորությունները՝ այլ: Վերջին հաշվով լավ մոբիլիզացիայի համար պետք են բավական ուժեղ արշավ մայրաքաղաքում և մարզերում: Դա ենթադրում է լուրջ քաղաքական աշխատանք և դրա համար բավական մեծ ֆինսնասական միջոցներ են հարկավոր, որպեսզի գնաս, մարդկանց համոզես, ձևավորես այդ օջախը: Իհարկե, «Ժառանգությունը» կցանկանա դա անել, բայց այլ հարց է՝ հնարավորություններ կա՞ն:

-Խոսակցություններ կան, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը մտադիր են ԱԺ հաջորդ քառօրյայում բարձրացնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Ձեր կարծիքով՝ դա ի՞նչ արդյունք կտա:

-«Ժառանգությունն» այս պահին քննարկում է ստացված առաջարկը: Մեր վերաբերմունքի մասին տեղյակ կպահենք այն ժամանակ, երբ կուսակցության տեսակետը կլինի:

-Պարոն Սաֆարյան, արդեն հայտնի է, որ Մաքսային միությանը միանալու դեպքում մաքսատուրքերի բարձրացում է տեղի ունենալու, հետևաբար Հայաստանում գնաճ է լինելու: Արդյո՞ք հետընթաց չի սպասվում Հայաստանին:

-Այս իշխանությունները լավագույնս փաստարկել էին, թե ինչու Հայաստանը չի կարող միանալ Մաքսային միությանը, որովհետև մենք ընդհանուր սահմաններ չունենք: Դա նոր Մաքսային տարածքի համար էական խնդիր է: Մենք ցամաքային կապ չունենք, ինձ գոնե հայտնի չէ որևէ լուրջ տնտեսական հիմավորում, որ Մաքսային միություն մտնելով օգուտ կստանանք: Անշուշտ, մենք ունենալու ենք թանկացումներ, եթե մենք ներկրող երկիր ենք, և մեր առևտրաշրջանառության զգալի մասը պայմանավորված է Եվրոպայի հետ, հետևաբար մենք հայտնվելով այդ տնտեսական գոտում՝ այլ գնային խնդիրներ ենք ունենալու: Առաջին հերթին դա գնաճի տեսքով ազդելու է բնակչության վրա:

© Medialab.am