Հաջորդ տարի ամոքիչ բուժօգնությունը հասանելի կլինի բոլոր մարզերում. Քննարկումներ` պալիատիվ խնամքի շուրջ

04-04-2014
615 դիտում
Հաջորդ տարի ամոքիչ բուժօգնությունը հասանելի կլինի բոլոր մարզերում. Քննարկումներ` պալիատիվ խնամքի շուրջ

Հայաստանում պալիատիվ օգնություն իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ և կրթական ծրագրեր են մշակվում, նախատեսվում է այն սահմանել որպես բուժօգնության առանձին տեսակ և 2015թ. առանձին տողով ներառել առողջապահության ոլորտի բյուջեում:

«Առաջիկա 1-2 տարում ամոքիչ բուժօգնության կարիք ունեցող յուրաքանչյուր մարզում այդ ծառայությունները հասանելի կլինեն: Մենք աշնանը նախատեսում ենք ձեռք բերել հաբերի տեսքով մորֆին և 2015թ.-ից տարածում ապահովել: Այս պահի դրությամբ մենք ցավազրկող դեղորայքի, այդ թվում` թմրամիջոցների պակաս հանրապետությունում չունենք»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Պալիատիվ օգնության առկա զարգացումները» թեմայով քննարկմանը:

Քրմոյանը նշեց, որ համապատասխան մասնագետների ապահովումը լուրջ խնդիր է. Հայաստանում պալիատիվ  օգնություն իրականացնելու համար անհրաժեշտ  են մասնագետներ՝ շուրջ 120 բարձրագույն կրթությամբ բժիշկներ և շուրջ  600 բուժքույր.   «Դեռևս այս քանակը մենք չունենք, սակայն կրթական ծրագրեր ենք իրականացրել, նաև պլանավորում ենք դասընթացներ նախաձեռնել Բժշկական համալսարանում»:
 
Իրավունքի զարգացման կենտրոնի տնօրեն Վիոլետա Զոփունյանի կարծիքով՝ ամենակարևորն այս պահին օրենսդրական բարեփոխումներն են. «Նպատակահարմար կլիներ, որ դրանցից ամենակարևորները շուտ ընդունվեին, օրինակ՝ կլինիկական ստանդարտները, որոնց հիման վրա բժիշկները կարող են առանց սահմանափակումների նշանակումներ անել՝ ըստ հիվանդի ցավի»: Պարոն Քրմոյանը վստահեցրեց, որ մեկ ամսվա ընթացքում  կլինիկական ստանդարտները կհաստատվեն:
 
Պալիատիվ օգնության հարցերով ԲՀՀ-ի միջազգային խորհրդատու Սթիվեն Քոննորն էլ տեղեկացրեց, որ արդեն 40 տարի է ԱՄՆ-ում աշխատում են պալիատիվ խնամքի ոլորտի ստեղծման ուղղությամբ և կարիքների դեռ 40 տոկոսն են ապահովում, իսկ Հայաստանում պիլոտային ծրագրերով թերևս կարքիների 1%-ը չի բավարարում:

«Ամոքիչ օգնության քաղաքականություն մշակելու գործում բավականին աշխատանք տարվել է Հայաստանում, դեղամիջոցների խնդիրն էլ է լուծված, բայց այստեղ չկան ամենակարևոր՝ ցավի դեմ պայքարող դեղամիջոցները: Ամեն դեպքում Առողջապահության նախարարությունը հակված է փոփոխությունների, պարզապես հեշտ չէ դրանք հասցնել բոլոր ենթակառուցվածքներ»,-նշեց Սթիվեն Քոննորը:
 
Սուրեն Քրմոյանն էլ հավելեց, որ երբ մի քանի տարի առաջ պալիատիվ բժշկությունը նեդրվեց, շատ շատերը տեղեկություն չունեին, որ իրենց հիվանդության ընթացքը կարող է լինել առանց ցավի. «Կրթելու խնդիր ունենք, կրթել է պետք թե´ պացիենտներին, թե´ ընտանիքի անդամներին, թե´ առավել ևս բժիշկներին»:

«Մեդիա կենտրոն»