Եթե կան ապուշներ, պետությունը պարտավոր է նրանցից հնարավորինս շատ փող վերցնել. զրոներով պետհամարանիշ ունենալը չտեսություն է. Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը 

– Պարո՛ն Բաբայան, արդեն 98 մարդ է գրանցվել 20 միլիոն դրամ արժեցող գոլդ պետհամարանիշը գնելու համար, նկատենք, որ այս թիվը, իհարկե, դեռ աճելու է։ Երևույթի մասին ձեր դիտարկումն եմ խնդրում, ինչի՞ դրսևորում է սա։

– Լավ բառ կա՝ չտեսություն, դա է, ցավոք սրտի, շատ է տարածված, ես ԱՄՆ-ում եմ տեսել մեքենաների համարներ, որոնց վրա գրված է տիրոջ անունը, ու դա էլ, հաստատ, որոշակի գումար է, այդ ձևն էլ կարելի է այստեղ կիրառել։ 

Եթե կան մարդիկ, որոնք ապուշության համար պատրաստ են մեծ գումարներ վճարել, ապա թող վճարեն, ես այդտեղ մեծ խնդիր չեմ տեսնում, պարզապես չէի ուզենա, որ սա հասարակության կողմից ընկալվեր որոշակի արժեքային համակարգ, չէի ուզենա, որ դրանք որոշակի ձևով ազդեցություն ունենային ճանապարհային ոստիկանության վրա, ինչը շատ կարևոր է, որովհետև անկախ այն բանից, թե քանի զրո է քո մեքենայի վրա, դու պարտավոր ես ենթարկվել երթևեկության կանոններին։ 

Լուրջ չեմ վերաբերվում, որովհետև լուրջ բան չէ։ Չգիտեմ՝ հաշվարկով 98 մարդը շա՞տ է, թե՞ քիչ մեր հանրապետության մասշտաբով, չգիտեմ, բայց այդ մարդիկ, փաստորեն, պատրաստ են վճարել 20 միլիոն, ինչը մի նոր լավ մեքենայի գին է, եթե ինչ-որ մեկը պատրաստ է այդքան զրոների համար վճարել այդչափ գումար՝ ի՛նչ կարող ենք ասել։

– Մեր ազգին բնորո՞շ գիծ է։

– Ա՛յ մարդ, ամեն ազգում էլ լիքը ապուշ մարդ կա։ Ապուշությունը չի հարցնում՝ դու հա՞յ ես, ուզբե՞կ, անգլիացի՞ ես, դա վերևից գալիս է, կպչում քեզ, ու ամբողջ կյանքդ դա հետդ տանում ես, տարբեր ձևերով դա արտահայտում ես, սա էլ ձևերից մեկն է։ Իսկ ո՞վ է ասել, թե մեր ազգին դա բնորոշ չէ, մենք գիտե՞նք, թե 13-րդ դարում տարբեր մարդիկ մեզանում ի՛նչ էշություններ են արել, դա բոլորին էլ բնորոշ է, կարծում եմ:

Ինչքան մենք հեռու մնանք ազգային նկարագիր գտնել ամեն մի հերոսության կամ ապուշության տակ, հասկանալով, որ դրանք մարդկային հատկություններ են ու բնորոշ են բոլորին, այնքան ավելի լավ։ Սա չտեսություն է, վե՛րջ, որը բնորոշ է բոլորին։ Նման քայլերից հեռու մնալու համար որոշակի ներքին մշակույթ է պետք, որոշակի ներքին արժեքներ են պետք, իսկ եթե դու զրոյից հասնում ես ինչ-որ բանի ու ինքդ չես հավատում քեզ, որ քեզանից ինչ-որ բան ես ներկայացնում, դու փորձում ես դա ներկայացնել այդ զրոների քանակով։ 

– Այդպես փորձում ես քո արժեքը բարձրացնե՞լ։

– Հա՛, հիմա ավելի շատ խնդիրը ոչ թե նրանց մեջ է, որոնք պատրաստ են այդ գումարը վճարել, այլ խնդիրն ավելի շատ մեր մեջ է, մենք ինչպե՛ս ենք դրան վերաբերվում։ Ես կարծում եմ, որ սրան պետք է հումորով վերաբերվել, ինչ-որ մեկն ուզո՞ւմ է նման բան անել, շատ լավ, թող անի։

– Պարո՛ն Բաբայան, իսկ երբ պետությունը դրա համար մրցույթ է հայտարարում, չի՞ ստացվում, որ թեկուզ անուղղակիորեն խրախուսում է նման երևույթները։

– Ես հիմա, գուցե, վատ բան ասեմ, բայց եթե կան ապուշներ, ապա պետությունը պարտավոր է նրանցից հնարավորինս շատ փող վերցնել, որովհետև ամեն մեկը վճարում է ինչ-որ բանով, մեկը՝ իր աշխատանքով, մյուսը՝ տաղանդով, մեկն էլ թող ապուշությունով օգուտ տա երկրին, ի՛նչ է եղել, դա էլ է լավ: Ուղղակի որ այդ գումարն իսկապես գնա, օրինակ՝ ճանապարհաշինությանը, որպեսզի ամեն անգամ ձմեռն ավարտվելուց հետո այդպիսի փոսեր չլինեն ճանապարհներին, կոնկրետ նպատակին ծառայի ու հստակ գրվի՝ այս չտեսից վերցրել ենք 20 միլիոն ու օգտագործել այս նպատակի համար, ու ես շատ ուրախ կլինեմ, եթե տեսնենք կոնկրետ այդ 20 միլիոնի նպատակային օգտագործումը։ 

– Եթե պետությունը, օրինակ՝ նույն այդ գումարի չափով բարեգործական նպատակով մրցույթ հայտարարեր, այսքան մարդ կդիմե՞ր դրան մասնակցելու համար՝ ըստ ձեզ։

– Ա՛յ հիմա շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև ես էլ եմ մշտապես բարձրացնում այդ հարցը՝ բարեգործության, մեկենասության, և ասում եմ, որ սա ոչ թե ֆինանսական հարց է, այլ՝ մշակույթի, ներքին արժեքային հարց է։ Մեզանում չեմ հանդիպել, բայց արտերկրում, նաև մեր հայրենակիցների շրջանում հաճախակի հանդիպում եմ, որ, ասենք թե, ինչ-որ մեկի ծննդյան օրն է կամ հարսանիք է, խնդրում են նվերի փոխարեն որոշակի բարեգործություն անել, ինչ-որ մանկատան գումար փոխանցել, սա շատ կարևոր է։ 

Այս կարգի բաներով պետք է հաստատվել, ոչ թե որ իմ մեքենայի վրա կա հինգ հատ զրո, այլ որ ես, ասենք, հովանավորում եմ այս նկարչին կամ այս մանկական հիվանդանոցին այսքան գումար եմ փոխանցել և այլն։ Սրանով պետք է երևա մարդու արժեքը, մենք էլ ուրախանանք դրանով ու փորձենք դա գովազդել ու հակառակը՝ հումորով, հեգնանքով վերաբերվենք մեքենաների պետհամարանիշներին, այդ ժամանակ գուցե նրանց վերաբերմունքն էլ փոխվի այս երևույթի նկատմամբ։ 

Սա շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ինքներս մեր մեջ՝ որպես հասարակություն ձևավորել, թե ո՛րն է իրական արժեքը՝ այդ զրոներով համար ունենա՞լը, թե՞ այս երկրի համար ինչ-որ նպաստավոր, կարևոր գործ անելը։ 

Հիմա էլ կան մարդիկ, որոնք իրենց կարևորությունը տեսնում են բարեգործություն անելու մեջ, բայց այդ մարդկանց պետք է իսկապես գովազդել, այդ մարդկանց մասին պետք է խոսել, ցույց տալ, որպեսզի երևա, որ հասարակության ու պետության համար ևս իրական արժեքը սա է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am