Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին տուգանել են բնությանը 5.09 միլիոն դրամի վնաս հասցնելու համար

10-07-2015
512 դիտում
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին տուգանել են բնությանը 5.09 միլիոն դրամի վնաս հասցնելու համար

ԷկոԼուր-ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում հայտնաբերել է խախտումներ: «…բնապահպանական պետական տեսչության ծրագրային ստուգման արդյունքում «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ում հայտնաբերվել է բնապահպանական օրենսդրության խախտումներ, ինչի համար պատասխանատու անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ ջրային ռեսուրսներ աղտոտելու, թույլտվությունից ավել ջուր օգտագործելու և մթնոլորտ վնասակար նյութեր արտանետելու համար հաշվարկվել և գանձվել է ընկերությունից 5.09. մլն դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ստուգման արդյունքում ընկերությանը տրվել են համապատասխան հանձնարարականներ բնապահպանական օրենսդրության խախտումները վերացնելու համար»,- ասված է Էկոլուրին ուղարկված ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Խաժակ Աղաբեկյանի պատասխան նամակում:

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության Լոռու տարածքային բաժնի կողմից 04-08.05.2015թթ. ժամանակահատվածում տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 300.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.09 միլիոն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս կապակցությամբ ԷկոԼուրը նամակով դիմել էր նախարարությանը` խնդրելով նշել տնտեսվարողի անունը, կատարած խախտումները: