Սփյուռքահայ տղային հեռացրել են պարային խմբից` սեռական կողմնորոշման հիմքով

21-05-2016
2307 դիտում
Սփյուռքահայ տղային հեռացրել են պարային խմբից` սեռական կողմնորոշման հիմքով

«Փինք Արմենիա» - Մայիսի 19-ին Գայլ Խանդիկյանի պարուսույցը, որը Կարին պարային համույթի անդամ է,  հեռացրել է նրան խմբից` պատճառաբանելով, որ Խանդիկյանը նույնասեռական է, հայ չէ, իրավունք չունի հայկական պարեր պարելու և որ նրանք պայքարում են նույնասեռականների դեմ:

Փինք Արմենիան խստորեն դատապարտում է սեռական կողմնորոշման հիմքով պարային խմբից Խանդիկյանին հեռացնելու խտրական որոշումը ու հայերին անձնական քմահաճույքներով զատելը: Հայկական մշակույթը պետք է մարդկանց և հատկապես սփյուռքի երիտասրադներին ներգրավելու հնարավորություն ստեղծի, որոնք Հայաստան են եկել իրենց ազգային ինքնությունը բացահայտելու և ավելի խորը հասկանալու համար, ինչը թույլ կտա  իրենց գիտելիքները նոր սերունդներին փոխանցել ու պահպանել մշակութային արժեքները:

Զավեշտալի կլիներ, եթե հայ նույնասեռականներին թույլ չտային լավաշ ուտել:  

Կոչ ենք անում սփյուռքի և մշակույթի նախարարություններին ուշադրություն դարձնել խնդրին ու թույլ չտալ, որ մեր հայրենակիցների նկատմամբ այսպիսի զտող վերաբերմունք դրսևորվի մշակույթի ասպարեզում:

23-ամյա ամերիկահայ Գայլ Խանդիկյանը Հայաստան է եկել «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում: Նա հինգ ամիս է կամավորություն է անում Փինք Արմենիա ՀԿ-ում: Ստորև` Գայլ Խանդիկյանի Ֆեյսբուքի գրառումը:

 «Ինձ այսօր դուրս են նետել հայկական պարային խմբից, որտեղ 5 ամիս է այցելում էի: Դուրս են նետել, որովհետև պարուսույցը համացանցում գրածս հոդվածներից էր տեսել ու պարզել, որ նույնասեռական եմ: Հայաստան գալու պատճառներից մեկն այն էր, որ կարող եմ անել ու զգալ այն ամենն, ինչ տալիս են ինձ այդ պարերը` լինել ուժեղ ու կապված հայկական մշակույթին ու ինքնությանը, որից ես ամբողջ կյանքում ուժ եմ ստացել: Ինձ ասացին, որ ես հայ չեմ, որ չեմ պատկանում այս «ազգին» ու հայկական պարեր պարելու իրավունք չունեմ, որովհետև գեյ եմ: Նա ինձ ասաց, որ բոլոր պարուսույցներին կասի իմ անունը, որ թույլ չտան իրենց մոտ պարել:

Ես ՍԻՐՈՒՄ ԵՄ հայկական պարը: Դա Հայաստանում իմ սիրած զբաղմունքներից է, և այս ամենն իսկապես խոցում է իմ սիրտը: Սա նաև հիշեցնում է այն մերժումը, ամոթը ու բռնությունը հայերի կողմից, որից միշտ վախեցել եմ ու որի պատճառով ես մերժեցի իմ հայ ինքնությունը ու համայնքը, որից ելել եմ: Հայաստան գալու մեկ այլ պատճառ էր, որ կարողանամ հաշտեցնել գեյ և հայ ինքնություններս, որոնք թվում է, թե թշնամիներ են, ու կրկին սիրահարվեմ այս փոքրիկ հայրենիքիս: Ես կրկին սիրահարվեցի Հայաստանին, բայց այսօրվա նման օրերը դժվարացնում են այստեղ գտնվելը ու լինել այնպիսին, ինչպիսին կամ` մեկը, որ սիրում է Հայաստանը, բայց Հայաստանից փոխադարձ սերը չի ստանում: Ես եկա Հայաստան, որ ավելի լավ հասկանամ ու պայքարեմ թունավոր էթնոազգայնականության դեմ, ինչը հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի արմատն է, որը տարածված է ամբողջ աշխարհի հայերի վրա (կարևոր է նշել, որ հոմո-տրանսֆոբ ազգայնականությունն առկա է հայկական բոլոր համայնքներում, այն միայն Հայաստանի Հանրապետությունում չէ): Այն ինչ ապրեցի այսօր ցնցեց ինձ, բայց դա չի կանգնեցնի ինձ:

Ես ուզում եմ հասկնալ, ովքե՞ր են այս մարդիկ, որ որոշում են, թե ով է հայ, ով` ոչ: Ո՞վ է տվել նրանց այդ լիազորությունն ու իրավասությունը, որ ղեկավարեն ու որոշեն, թե ով ենք մենք, թե որոնք են մեր արժեքները, թե ինչին ենք մենք հավատում, որն է մեր «ազգը»: Որտեղի՞ց են ստացել այդ իշխանությունը, որ մեզ բռնության ենթարկեն: Ես միայն իմ պարուսույցի մասին չեմ խոսում: Ես խոսում եմ մեր կյանքում բոլոր այն մարդկանց մասին, որոնք փորձում են իրենց սահմանումների մեջ մեզ տեղավորել, մեր մարմինը, մեր ինքնությունը, մեր սեռականությունը, մեր գենդերային ինքնությունը, որոնք փորձում են սահմանել, թե ինչ է «Հայաստանը», ծնողները, ուսուցիչները, դպրոցները, հոգևորականները, եկեղեցիները, կոմիտեները, կուսակցությունները, «հեղափոխականները»: Ովքե՞ր են նրանք: Ի՞նչն է նրանց իրավունք տալիս: Այն ամենից հետո ինչի միջով մեր ժողովուրդն անցել է ու դեռ անցնում է, ինչպե՞ս են ՀԱՄԱՐՁԱԿՎՈՒՄ այսպես վարվել: Ես գիտեմ ես ով եմ: Ես գիտեմ, որ հայ եմ, ու սիրում եմ հայ լինել, ու սիրում եմ գեյ լինել, ու ես նորից կպարեմ»: