Ուզբեկստան. կյանքն առաջնորդից հետո

17-09-2016
25203 դիտում
Ուզբեկստան. կյանքն առաջնորդից հետո

Ուզբեկստանի հանգուցյալ առաջնորդն իրենից հետո վիճահարույց ժառանգություն է թողնում՝ ստիպելով ենթադրություններ անել իր հնարավոր հետնորդի վերաբերյալ:

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, ով իր մահկանացուն կնքեց սեպտեմբերի 2-ին՝ 78 տարեկան հասակում ուղեղի արյունազեղման հետեւանքով, համարվում էր աշխարհին հայտնի ամենաավտորիտար ու անողոք առաջնորդներից մեկը: Նրա իշխանության սկիզբը դրվեց դեռեւս նախքան Ուզբեկստանի անկախացումը Խորհրդային միությունից՝ շարունակվելով 27 տարի, որոնց ընթացքում Քարիմովը երկաթե բռունցքով էր կառավարում երկիրը:

Նրա ռեժիմը տխուր հռչակ էր վայելում մարդու իրավունքների ոլորտում գրանցված սարսափելի խախտումների եւ բոլոր՝ անգամ պակաս նշանակալի ընդդիմադիր ուժերի նկատմամբ տեսած դաժան հաշվեհարդարի համար: Քարիմովը ոստիկանապետություն էր ստեղծել, որտեղ հազարավոր մարդիկ ազատազրկման մեջ էին գտնվում քաղաքական մոտիվներով եւ ծայրահեղականության հետ կապված մեղադրանքներով: Խոշտանգումները քրեական արդարադատության համակարգում սովորական երեւույթ էին, իսկ բամբակի բերքահավաքի ժամանակ բոլոր մեծահասակներին ու երեխաներին ուղարկում էին հարկադիր աշխատանքի:

Զարմանալի չէ, որ տարիներ շարունակ մարդու իրավունքների, մամուլի ազատության ու կոռուպցիայի վերաբերյալ համարյա բոլոր միջազգային վարկանշային ցուցակներում Ուզբեկստանը վերջին տեղերում էր ընթանում: Արդյո՞ք երկիրն այսուհետ դրական փոփոխությունների հնարավորություն կունենա, դեռեւս հարց է:

Քարիմովի իշխանության անհագ ծարավը սահմանափակվում էր ներկայով. կարծես նրա մահվանով ամեն ինչ ավարտվելու էր: Նրան չէր հաջողվել ժառանգորդ մեծացնել: Համենայնդեպս, նրա գոյության մասին հանրությունը ոչինչ չգիտի, կամ էլ Քարիմովը կարծում էր, որ նման քայլի համար դեռեւս ճիշտ պահը չէր եկել: 

Շատ բռնապետերի նման, նա, հավանաբար, քաջ գիտակցում էր, որ հետնորդին ներկայացնելը կարող էր խարխլել նրա հեղինակությունը: Այս քայլը կարող էր որպես իշխանությունը զիջելու պատրաստակամության ազդանշան դիտվել, երբ Քարիմովն ամենեւին էլ դրան պատրաստ չէր, եւ կարող էր անհարկի քաջալերել երկրի ղեկավարի պաշտոնի հավակնորդներին:

Փոխարենը, նա ավելի էր ամրապնդել իր իշխանությունը, պարբերաբար հաղթելով նախագահական ընտրություններում ձայների 90 տոկոսից ավելին հավաքելով, չնայած այդ ընտրությունները երբեք էլ ազատ ու արդար չեն որակվել միջազգային դիտորդների կողմից: Քարիմովի վերջին՝ չորրորդ անընդմեջ պաշտոնավարման ժամկետը սկսվել էր 2015 թվականի մարտին: 

ՎԵՐԱԴԱՐՁ ԿՐԵՄԼԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ 

Հաշվի առնելով Ուզբեկստանում գործող ռեժիմի փակ բնույթը եւ օգոստոսի 27-ից վատառողջ Քարիմովի վերջին օրերը պարուրող գաղտնիության մթնոլորտը՝ տեղացի եւ օտարերկրյա վերլուծաբանները վերջին շաբաթվա ընթացքում վերադարձել էին կրեմլաբանության հին դպրոցին:   

Սոցիալական ցանցերում մեկնաբանները սկսեցին հետաքրքրվել՝ արդյոք ուզբեկական հեռուստաալիքներն ու ռադիոկայանները չեն սկսել հեռարձակել Չայկովսկու «Կարապի լիճը». խորհրդային տարիներին այս ստեղծագործությունը ղեկավար օղակներում մահվան եւ փոփոխության անսխալ ազդանշան էր:

Նախագահի՝ սեպտեմբերի 3-ին հայրենի Սամարղանդում կայացած հուղարկավորությունը հնարավորություն տվեց հպանցիկ հայացք նետել Քարիմովից հետո Ուզբեկստանի քաղաքական էլիտայի ներքին շրջանակի վրա: Սակայն գուշակել, թե ով է ստանձնելու իշխանության ղեկը կենտրոնական Ասիայի ամենաբնակեցված երկրում միայն դատելով հուղարկավորությանը ներկա գտնվողներից եւ նրանց զբաղեցրած տեղերից, ամենայն հավանականությամբ, դժվար կլինի: Ի վերջո, Ուզբեկստանը ավելի քան քառորդ դարի իր պատմության ընթացքում առաջին իշխանափոխության գործընթացում է գտնվում:  

Այնուամենայնիվ, հուղարկավորության ժամանակ պարզ դարձավ, որ Ուզբեկստանի փոխվարչապետ Ռուստամ Ազիմովը՝ նախագահի պաշտոնի հնարավոր հավակնորդներից մեկը, ով, լուրերի համաձայն, ձերբակալվել էր, ողջ եւ առողջ էր. նա ներկա էր արարողությանը:

Շատերն այն կարծիքին են, որ երկար տարիներ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Շավկաթ Միրզիյոեւը, ով նախագահի հուղարկավորության հանձնաժողովն էր ղեկավարում եւ ողջունում օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներին, հավանաբար, կլինի հաջորդ նախագահը: Այս դեպքում, սակայն, նոր նախագահի պաշտոնավարման ընթացքում փոփոխություններ ակնկալելն անիմաստ կլինի:

Երկրի Սահմանադրության համաձայն՝ Քարիմովի մահից հետո նախագահի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ Ուզբեկստանի սենատի նախագահ Նիգմատիլա Յուլդաշեւը, ինչը թեպետ այդքան էլ միանշանակ չէր:

Օրենքի համաձայն՝ հաջորդ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն երեք ամսվա ընթացքում: 

ՑՄԱ՞Հ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Թե ինչպես են Ուզբեկստանի իշխանական օղակներում պատրաստվում մոտակա շաբաթների կամ ամիսների ընթացքում լրացնել առաջացած վակուումը, ուշադրությամբ կհետեւեն թե երկրի քաղաքացիները, թե ծերացող բռնապետերը Կենտրոնական Ասիայի հարեւան երկրներում ու Ադրբեջանում: Այս երկրների կառավարման համակարգերը նման են իրար, չնայած ընդհանուր առմամբ, բացառությամբ Թուրքմենստանի, պակաս ռեպրեսիվ են:

Քարիմովի հարաբերություններն այս թուրքալեզու երկրների, ինչպես նաեւ Տաջիկստանի հետ հաճախ անկայուն էին, իսկ երբեմն էլ՝ բացահայտ լարված: Այս հարաբերություններն առանձնանում էին անձնական մրցակցությամբ, ջրային հարցերի վերաբերյալ տարաձայնություններով, սահմանային վեճերով եւ տարածաշրջանում աճող ծայրահեղական իսլամիզմի նկատմամբ տարբեր մոտեցումներով: 

Սակայն իրականում բոլորն էլ նույն գլուխկոտրուկի առջեւ են կանգնած՝ ինչպես պահպանել իշխանությունը եւ փոխանցել այն:

Թուրքմենստանում, որտեղ գործում է նույն գաղտնի ու անողոք ռեժիմը, ինչպես Ուզբեկստանում, տասը տարի առաջ փոխվեց ղեկավարությունը նախագահ Սապարմուրատ Նիյազովի անսպասելի մահից հետո: Այստեղ սահմանադրական իրավահաջորդության ֆորմալ ձեւաչափը հեշտությամբ անտեսվեց: 

Քաղաքական էլիտան, Պետական անվտանգության խորհրդի աջակցությամբ, համաձայնության եկավ բանակցությունների միջոցով եւ սահուն կերպով անցում կատարեց, արտաքին դիտորդների համար բավականին անսպասելիորեն, դեպի հաջորդ ավտորիտար ռեժիմը՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ղեկավարությամբ, ով մինչ այդ առողջապահության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում:

Իշխանության փոխանցման այս մոդելն ամենահարմար տարբերակն է համարվում նաեւ Ուզբեկստանի քաղաքական էլիտայի համար:

Ադրբեջանը նույնպես ավտորիտար առաջնորդի փոփոխության փորձ ունի: Նախագահ Իլհամ Ալիեւը զբաղեցրեց հոր՝ Հեյդար Ալիեւի աթոռը, երբ վերջինս գամվեց անկողնուն հիվանդության պատճառով: Իլհամ Ալիեւը ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը 2003-ին կայացած ընտրությունների արդյունքում, որոնք այդպես էլ ազատ ու արդար չճանաչվեցին:

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում պատրաստվում են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե անցկացնել, որի նպատակն է ընդլայնել նախագահի լիազորությունները եւ, ամենայն հավանականությամբ, երկարաձգել Ալիեւների կլանի իշխանությունը:  

Ուզբեկստանում, սակայն, Քարիմովի երկու դուստրերը դժվար թե դիտարկվեն որպես նախագահի հավանական թեկնածուներ: Քարիմովի ավագ դուստրը՝ Գյուլնարան, ով ժամանակին հոր պոտենցիալ ժառանգորդն էր համարվում,  ենթադրաբար, տնային կալանքի տակ է գտնվում 2014 թվականից: Հոր հուղարկավորության ժամանակ նրան այդպես էլ ոչ ոք չտեսավ:

Հաջորդն իշխանության փոխանցման այս հերթում կարող է լինել Ղազախստանը: Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Քարիմովի պես իշխանության էր եկել 1989 թվականին եւ ընդամենը երկու տարով է երիտասարդ վերջինից: Նազարբաեւի առողջության եւ նրա հավանական հետնորդի մասին քննարկումները շարունակվում են շուրջ 20 տարի:

Նազարբաեւը չի պատրաստվում հրաժարվել իշխանությունից մոտ ապագայում եւ դեռեւս չի նշել ժառանգորդի անունը: Նրա ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան, ով ներկայում զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը, հաճախ է հիշատակվում որպես Ղազախստանի հաջորդ հավանական նախագահ, եւ երբ ժամանակը գա, իշխանության փոխանցման ֆորմալ օրենքները կարող են պարզապես անտեսվել: 

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնովը, ով զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը 1994 թվականից, այս տարվա մայիսին սահմանադրական հանրաքվե նախաձեռնեց, որը թույլ կտա նրան այսուհետ առանց սահմանափակումների իր թեկնածությունն առաջադրել հետագա նախագահական ընտրություններին: Ռախմոնովի ընտանիքի անդամները խոշոր ձեռնարկություններ են ղեկավարում եւ պաշտոններ զբաղեցնում կառավարությունում:

Ի տարբերություն վերը նշված երկրների, Ղրղզստանն ամենաազատ պետությունն է տարածաշրջանում, որտեղ 2005 եւ 2010 թվականներին զանգվածային բողոքի ցույցերի շնորհիվ երկու նախագահներ հեռացան պաշտոնից: Այնուհետեւ նոր Սահմանադրություն ընդունվեց, որն ամրապնդեց խորհրդարանի դերը: Սակայն այսօր հիմնադիր փաստաթղթում եղած բացերը լրացնելու կոչեր են հաճախ հնչում, այդ թվում՝ երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կողմից:  

Քարիմովի ռեժիմը լի էր թերություններով: Նա հատկապես հիշվելու է 2005 թվականի Անդիջանի արյունալի դեպքերի համար, երբ կառավարական ուժերը կրակ բացեցին բողոքի ցույցի անզեն մասնակիցների վրա, ինչի արդյունքում զոհերի թիվը հասավ մի քանի հարյուրի: Դեպքերին հաջորդած քննադատությունն Արեւմուտքի կողմից եւ միջազգային հետաքննություն սկսելու կոչերն ընդհանրապես անտեսվեցին: 

Տարածաշրջանում չեն մոռանա նաեւ Քարիմովի օրոք Ղրղզստանի եւ Տաջիկստանի հետ սահմանների երկայնքով տեղադրված ականները, որոնց պատճառը 1999 թվականին Աֆղանստանից եկող իսլամական զինյալների՝ Ուզբեկստան ներխուժելու մասին տեղեկություններն էին: Ականների պատճառով Տաջիկստանի ու Ղրղզստանի տասնյակ խաղաղ քաղաքացիներ զոհվեցին՝ հիմնականում հովիվներ եւ փայտ հավաքող կանայք:  

Չնայած այս ամենին, 2010 թվականին Քարիմովն ապաստան տվեց Ղրղզստանի հարավում սկսված դաժան էթնիկական բախումներից մազապուրծ եղած 100 հազար ուզբեկներին:

Այս ամենով հանդերձ, նա գնահատվում էր Ուզբեկստանում եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար, թեւ այդ կայունությունը չափազանց թանկ էր նստում ուզբեկ ժողովրդի վրա: 

Բիրգիտ Բրաուեր

Բրիգիտ Բրաուերը IWPR-ի կովկասյան տարածաշրջանի խմբագիրն է եւ «The Economist»-ի նախկին թղթակիցը Կենտրոնական Ասիայում:  

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» #795 պարբերականից (6-ը սեպտեմբերի, 2016թ., Ուզբեկստան): Նյութի անգլերեն տարբերակը՝ այստեղ:

Photo dailymail.co.uk