«Եթե Ծառուկյանը խուսափում է հայտարարել, որ ինքը վերադառնում է, դեռևս երկու կողմից չկան բավարար ազդանշաններ դրա մասին խոսելու». Ստյոպա Սաֆարյան

26-10-2016
13244 դիտում
«Եթե Ծառուկյանը խուսափում է հայտարարել, որ ինքը վերադառնում է, դեռևս երկու կողմից չկան բավարար ազդանշաններ դրա մասին խոսելու». Ստյոպա Սաֆարյան

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երբեք չի թաքցրել իր հետաքրքրությունեը քաղաքականության նկատմամբ, և նրա անցած ճանապարհը դրա վկայությունն է: Նրա համար սա մի ոլորտ է, որտեղ իր ինքնաիրացման խնդիրն ունի, նա վախենում է կորցնել այն, ինչ ձեռք էր բերել 2012 թվականի ընտրություններին և վերադարձը չբացառելու մասին է խոսում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Ծառուկյանի այսօրվա հայտարարությանը, որ, եթե անհրաժեշտություն ու հնարավորություն լինի, ինքը կվերադառնա քաղաքականություն:

«Ինչպեք Ծառուկյանն է նշում, ինքն  ունի փառք, հեղինակություն, արված գործեր: Պետք է հասկանալ, որ 2012 թվականի ընտրություններից հետո, երբ ԲՀԿ-ն դարձավ երկրորդ քաղաքական ուժը, 2015 թվականի իրադարձություններից հետո ակնհայտ է, որ ԲՀԿ-ն կարող է կորցնել այն, ինչ ուներ 2012 թվականին: Միգուցե Ծառուկյանը չի ցանկանում կորցնել այն, ինչին հասել է, թեպետ կար ցանկություն լինել առաջինը, ինչպես ժամանակին հայտարարվում էր, բայց ակնհայտ է, որ մտահոգություն կա, որ կկորցնի այն, ինչը ստեղծել է 2012 թվականին: Հետևաբար, առավելապես սա եմ այս պահին ես համարում նրա հայտարարության հիմքը և նրա վերադարձի մասին քննարկումների առանցքը»,- «Մեդիալաբին» ասում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝պատահական չէ, որ Ծառուկյանի վերադարձի քննարկումներն սկսվում են 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ: Դա նշանակում է, որ նրա վերադարձը կապ ունի այդ ընտրությունների հետ: Թերևս սա ևս ապացուցում է, որ Ծառուկյանը չի ցանկանում կորցնել այն, ինչն իրեն հաջողվել էր ունենալ 2012 թվականին:

ԲՀԿ նախագահի պաշտոնից հեռանալու մասին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր 2015 թվականի մարտի  5-ին: Դրա նախորդել էր ՀՀԿ հայտնի նիստը, որտեղ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ծառուկյանի քաղաքական գործունեությանը, վիրավորական ելույթ էր ունեցել նրա մասին՝ նրան  որակելով քաղաքական չարիք ու ասելով, թե «կրկեսի վերածելու հայրենիք չունենք»: Այնուհետև ՀՀԿ-ական գործիչները Ծառուկյանի «սևացնելու» շարք էին սկսել: Նրան քաղաքական դաշտից դուրս մղելու ՀՀԿ գործողությունները հաջորդել էին այն իրադարձություններին, երբ ԲՀԿ-ն միավորվել էր ոչ իշխանական ուժերի հետ, և մարդկանց փողոց հանելու մասին հայտարարություններ էին հնչում:

Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ նենգ չէ, բարի է, կամեցող ու ներող՝ հասկացնելով, թե ներում է անցյալում տեղի ունեցածը:

ՀՀԿ խոսնալ Էդուարդ Շարմազանովը ողջունելի է համարել Ծառուկյանի խաղաղասեր հայտարարությունը:

«Շատ ավելի լավ է լինել բարի, սիրո մեջ, ներողամիտ, քան լինել չար և նենգ: Որտեղ կա սիրո, բարության, ներողամտության ու ներողություն հայցելու հատիկ, ես դա ողջունում եմ: Անընդունելի է չարությունն ու զոռբայությունը: Այո, այսօր էլ մենք կրկեսի ու թատրոնի վերածելու հայրենիք չունենք, դրա համար էլ երևույթները՝ նենգության, չարության, զոռբայության, այլևս անցյալում են: Հիմա գալիս է սիրո, համերաշխության ու ներողամտության ժամանակաշրջանը»- ասել է Շարմազանովը:

Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ մի կողմից իշխանական թևում, մյուս կողմից Ծառուկյանի մոտ չկա վերջնական որոշում նրա վերադարձի մասին:

«Եթե Գագիկ Ծառուկյանն այսօր դեռևս խուսափում է հայտարարել, որ ինքը վերադառնում է, պարզապես չի բացառում վերադարձը, ես կարծում եմ, որ դեռևս երկու կողմից չկան բավարար ազդանշաններ դրա մասին խոսելու: Եվ այս առումով ոչ իշխանությունն է որևէ բան հայտարարում, ոչ էլ Գագիկ Ծառուկյանն ինքն է շտապում հայտարարել դրա մասին: Եվ թերևս Ծառուկյանի օգտագործած երկու բառը դրա ապացույցն էր՝ եթե լինի անհրաժեշտություն և եթե լինի հնարավորություն: Թե այդ երկու բառերի տակ ինքը կոնկրետ ինչ նկատի ուներ, դա միայն ինքը կարող է մեկնաբանել: Մի բան ակնհայտ է, որ եթե այժմ լիներ նման անհրաժեշտություն ու հնարավորություն, ապա դրա մասին կխոսեր հենց Ծառուկյանը, և դրան կարձագանքեր նաև իշխանությունը»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am