«Անգամ մեկ մայրական մահացություն, որը պայմանավորված է բժշկի սխալի պատճառով, արդեն շատ է և չի կարող համարվել բնական»․ Հայտարարություն

31-10-2016
16900 դիտում
«Անգամ մեկ մայրական մահացություն, որը պայմանավորված է բժշկի սխալի պատճառով, արդեն շատ է և չի կարող համարվել բնական»․ Հայտարարություն

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ի հայտարարությունը ծննդկան կանանց մահացության դեպքերի առթիվ ներկայացնում ենք ստորեւ։

Ըստ ՀՀ Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին օրենքի /ընդունված11.12.2002/ հոդված 6-ի, որը վկայում է անվտանգ մայրության մասին, յուրաքանչյուր կին ունի անվտանգ մայրության, այն է՝

· հղիության ընթացքում առողջության պահպանման,

· ծննդաբերության և հետծննդյան ժամանակաշրջանում իր, պտղի առողջությանը և նորածնին նվազագույն ռիսկ պատճառող մեթոդների կիրառմամբ օգնություն ստանալու իրավունք:

Հայաստանը դեռևս 1993 թ-ին վավերացրել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիա, որից հոդված 12-ի, 2 կետի համաձայն մասնակից պետությունները պարտավորվում են կանանց հղիության, ծննդաբերության և հետծննդյան ժամանակաշրջանում նրանց համար ապահովել համապատասխան սպասարկում: Լինելով կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպություն՝ մեր մտահոգությունն ենք հայտնում վերջին ժամանակաշրջանում ծննդկան կանանց մահացության դեպքերի աճի կապակցությամբ և դատապարտում ենք այն դեպքերը, որոնք այդպես էլ մնում են չբացահայտված և մեղավորները չեն կրում իրենց իրական պատիժը:

Ա. Դանիելյան, Ն. Շարոյան, Ն. Աբգարյան, Տ. Գասպարյան, Մ. Մարգարյան, Հ. Նազլուխանյան և մի շարք այլ կանայք, մահացել են միայն այն պատճառով, որ բժիշկը տեղում չի եղել, որ կարողանա ժամանակին կանգնեցնի արյունահոսությունը, բժիշկը չի կարողացել հղի կնոջ մոտ բացահայտի հասարակ հիվանդություն «թոքաբորբ», որ բժիշկը այնքան ոչ պրոֆեսիոնալ է հայտնվել, որ չի կարողացել հասկանալ, որ կինն ունի ներքին արյունահոսության նշաններ: Նման անփույթ վերաբերմունքի, բժշկի մասնագիտական անթույլատրելի սխալների հետևանքով մահանում են կանայք, իսկ պետությունն իր հերթին չի ապահովում դեպքերի պատշաճ քննությունը, մեղավոր անձանց պատիժն ու զոհերի փոխհատուցումը:

Առ այսօր պարզ չէ, թե քանի բժիշկ է կրել իր կողմից թույլ տրված սխալների համապատասխան պատիժ, արդյոք այդ բժիշկները հեռացվել են աշխատանքից, որպեսզի չշարունակեն վտանգի ենթարկել այլ կանանց առողջությունը և կյանքը:

Առողջապահության նախարարության վիճակագրական տվյալներով ՀՀ-ը գտնվում է բավական բարվոք վիճակում և մայրական մահացության ցուցանիշները գնալով «պակասում են», սակայն պետք է հիշել, որ անգամ մեկ մայրական մահացություն, որը պայմանավորված է բժշկի սխալի պատճառով, արդեն շատ է և չի կարող համարվել բնական կամ բարվոք իրավիճակ, և առավել ևս չի կարող բարվոք համարվել այն, որ տվյալ բժիշկները շարունակում են հանգիստ աշխատել և վտանգի ենթարկել մյուս կանանց կյանքերը:

Կարծում ենք, որ կնոջ կյանքը և առողջությունը բոլորիս համար առաջնային հարթակում է գտնվում և յուրաքանչյուրս պետությունից պետք է պահանջենք բոլոր հնարավոր քայլերի ձեռնարկում՝ նմանատիպ դեպքերի կրճատման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: