«Հինգ տարվա մեջ մարդ մեկ օր կարող է վրեժխնդիր լինել իրեն տարիներով խաբելու, օգտագործելու համար, այդ մի պահն է, ընտրության օրը»․ Հայկ Մարության

22-01-2017
18103 դիտում
«Հինգ տարվա մեջ մարդ մեկ օր կարող է վրեժխնդիր լինել իրեն տարիներով խաբելու, օգտագործելու համար, այդ մի պահն է, ընտրության օրը»․ Հայկ Մարության

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասան Հայկ Մարությանը։

֊Հայկ, ձեր կարծիքով՝ հայ հասարակությունն այսօր պատրա՞ստ է արդար ընտրությունն անցկացնելու, ընտրության միոջոցով իշխանափոխություն իրականացնելու:

֊Հայ հասարարակությունը շատ է ուզում, բայց ինքն իր մեջ դեռ այդ հավատը չունի: Ինքն անգամ պատրաստ էլ է դրան, բայց հավատ չունի, որ կարող է բան փոխել: Մեր անելիքը, հանրային մարդկանց անելիքը այսօր այն է, որ մարդկանց համոզենք, որ նրանք կարող են ինչ-որ բան փոխել երկրում: Ասում են՝ ամեն ինչ որոշված է և այլն: Իհարկե, այդ ծրագիրը կա, բոլորն աշխատում են դրա վրա, որ ամեն ինչ որոշված լինի, բայց ամենամեծ ուժը, որը կարող է այդ ամեն ինչ որոշողներին խանգարել, դա միայն ժողովուրդն է՝ իր ընտրությամբ:

֊Ինչո՞ւ են մարդիկ ընտրությունների ժամանակ կաշառք վերցնում, ինչպե՞ս պայքարել դրա դեմ:

֊Ընդհանրապես շատ դժվար է այդ երևույթի դեմ պայքարելը, որովհետև եթե մարդ հասել է նրան, որ մեկին պետք է գումար տա, որ իրեն ընտրի, դա մի կողմ, այդ մեկն էլ վերցնում է այդ գումարը, հերիք չի վերցնում է, գնում նրան է ընտրում, դրա դեմ շատ դժվար է պայքարել: Չգտեմ ինչպես է պետք պայքարել: Պետք է ուղղակի ազդել մարդկանց վրա, բացատրել: Անգամ տեսնում ենք, որ բարձրագույն կրթություն ունեցող ու բանիմաց մարդիկ, եթե փող են վերցնում, վախենում ու ընտրում են այն մարդուն, ում համար փող են վերցնել: Բայց բանիմաց մարդ է, գիտի, որ իրեն չեն կարող ֆիքսել, ինչի՞ց է վախենում, ինչո՞ւ ուրիշին չի ընտրում, կամ անվավեր չի անում քվեաթերթիկը: Ես իրոք չեմ հասկանում այդ մարդկանց, ինչքան է մարդը վախենում, ինչքան անտանելի են դարձրել իր կյանքը, որ հասել է դրան: Հինգ տարվա մեջ մարդ մեկ օր կարող է վրեժխնդիր լինել իրեն տարիներով խաբելու, օգտագործելու համար: Այդ մի պահն է, ընտրության օրն է, որ մարդը պետք է վրեժխնդիր լինի: Այդ գիտակցությանը պետք է հասնել, գնալով հասնում ենք դրան:

֊Դուք այն եզակի հանրային գործիչներից եք, ով միշտ ժողովրդի կողքին է, միանում եք պայքարին: Բայց մենք գիտենք, որ արվեստագետների, մտավորականների մեծ մասն այսօր իշխանության օգտին են հանդես գալիս, այսինքն՝ պալատական գործիչներ են: Ինչո՞ւ է այս վիճակը ձևավորվել մեր երկրում:

֊Դա թույլ հանրապետության արդյունք է: Այիսնքն՝ այդ մարդիկ այդքան ուժ չունեն, որ կարողանան համակարգից դուրս ստեղծագործել: Ինձ ասում են՝ իսկ չեք վախենո՞ւմ, որ սենց կանեն, ընենց կանեն: Իմ կյանքն արդեն շատ դժվար է, քան շատ-շատերինը: Ոչ մի բան ինձ համար անվճար չի, այսինքն՝ գալիս է մի պահ, որ դու պետք է հասկանաս՝ սա է վիճակը: Պետք է ուժ ունենաս, նյարդեր ունենաս, որ ամեն օր այդ ամենն անես առանց պետության աջակցության: Այսինքն՝ դա որոշում է, մարդիկ այդ ճանապարհն են ընտրել:

֊Այսինքն՝ ոմանք էլ կոմֆորտն են ընտրե՞լ:

֊Այո, շատ ճիշտ է, մարդը կոմֆորտն է ընտրում, իրենց համար ավելի հեշտ է, տաք տեղ է, հանգիստ, առանց շատ ջանքեր գործադրելու ստանում են ինչ-որ արդյունքներ:

֊Այսօր կարծես «վերևներից» գնահատվում է ցածրաճաշակ արվեստը, իշխանությանների կողմից պարգևատրվում է ռաբիս երգիչը: Իշխանություններին մատուցած ծառայությունների դիմա՞ց են վարձատրվում:

֊Տալ-առնել համակարգը գործում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, իսկ «ճաշակին ընկեր չկա» արտահայտությունն էլ դարավոր արտահայտություն է: Ամեն մարդ ունի իր ճաշակը: Այսօր մենք ունենք այդ մարդկանց՝ այդ ճաշակով: Ինձ թվում է՝ այդ ճաշակը թելադրվում է վերևից: Միշտ խոսվում է, թե դա խրախուսվում է: Ճիշտն ասած, ես չեմ տեսել, որ ռաբիզը քարոզվի: Այդ առաջարկը կա, պահանջարկն էլ կա, գնում է: Եթե լավ առաջարկ կա, պահանջարկն սկսվում է փոխվել, ուղղակի նորից աշխատելու ու տանջվելու մասին է խոսքը: Լավ գործի համար երկար աշխատանք է պետք, տանջանք, որպեսզի ավելի լավ առաջարկ ստացվի: Եթե կարող ես ավելի հեշտ անել այդ առաջարկն ու նույն գումարն աշխատես, մարդը գնում է այդ ճանապարհով:

֊«Վերևներում» կարծես խրախուսվում է նաև քծնանքը: Օրինակ՝ դեպքերի ենք ականատես լինում, երբ գիտնականը հոդված է նվիրում քաղաքապետին: Ինչի՞ հետ կհամեմատեք իշխանավորին քծնող գործչին:

֊Անկեղծ ես չեմ կարող իրենց ուղեղի մեջ մտնել, իմ մտածելակերպի համար դա անհասկանալի է: Ինչ-որ մի շահ ունեն, այդպես են անում: Իրենց միայն իրենց շահն է հետաքրքրում, նեղ անձնական շահը:

֊Այս շրջանում, երբ երկիրը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, տարբեր հեռուստաալիքներով ակտիվ ցուցադրվում են հնդկական սերիալները: Այդ սերիալներն անորակ են, կարծես դիտավորությամբ ծրագիր է իրագործվում, որպեսզի հանրությանը հետ պահեն ընտրական գործընթացների մասին մտածելուց: Դուք ի՞նչ կարծիքի եք:

֊Վստահ եմ, որ դա ընդհանրապես ծրագիր չէ: Դա ուղղակի մասնավոր հեռուստաընկերությունների մասնավոր որոշումն է, որը բխում է իրենց մասնավոր շահերից: Միշտ այդ խոսակցությունները կան, ես, օրինակ, այդ սերիալները չեմ տեսել, այդ մասին չեմ էլ իմացել: Եթե մամուլում այդ սերիալների մասին չլինեին ինչ-որ հոդվածներ, չէի էլ իմանա դա ինչ է: Այսինքն՝ ինձ ոչ ոք չի կարող որևէ բան պարտադրել: Այսօր մարդիկ կարող են ընտրել հազարավոր ֆիլմեր, լավագույն սերիալները, լավագույն գիտահանրամատչելի հաղորդումները, ամեն ինչ կա:

֊Ինչո՞ւ են հայ հասարակության շրջանում լայն սպառում ունենում այդ ցածրորակ սերիալները:

֊Դա պետք է հենց հանրությունից հարցնել, օրինակ, ինձ համար դա զարմանալի է: Բայց նորից եմ ասում՝ ճաշակին ընկեր չկա: Մեկին հնդկականն է դուր գալիս, մյուսին՝ այլ բան: Ես չէի էլ տեսել, մի անգամ մի տեղ նստած էի, մեծ էկրան էր, հնդկական շորերով ինչ-որ մարդիկ էին, ասացի՝ էս ի՞նչ է, ասացին՝ հնդկական սերիալ է: Ես գիտեի, թե հնդկական արտադրության սերիալ է, դու մի ասա հենց իրենց ազգային շորերով, այդ աստիճանի սերիալ է:

֊Եվ կարծես հենց նախընտրական շրջանում է ակտիվացել դրանց ցուցադրությունը:

֊Ինձ թվում է, որ դա շատ էժան է եղել, գնել են՝ փորձարկելու համար՝ կաշխատի, թե ոչ: Ինձ թվում է, որ բիզնես է դա, ոչ մի քաղաքականություն չկա: Երևի տվել են եթեր, տեսել են ռեյտինգներ է հավաքում, եթե իրենք այստեղի արտադրության սերիալի համար, օրինակ, 100 ոսկի են տալիս, իսկ հնդկականն իրենց համար նստում է հինգ ոսկի, ասում են՝ ավելի լավ է այդ հինգ ոսկիով գնեմ, նույն ռեյտինգն ստանամ: Պարզ տնտեսական հարաբերություններ են: Շատ անգամ լրագրողները քաղաքական ու գլոբալ ենթատեքստ են ման գալիս դրանում, բայց որ ճիշտն ասեմ մեր քաղաքական էլիտան ոչ այդքան զարգացած է, ոչ նման գլոբալ մտքեր ունի, որ նման բաներ ունի: Մեր էլիտան շատ ավելի պարզ է, նրանք շատ ավելի պրիմիտիվ են, չեն կարող մտածել., որ հնդկական սերիալ դնեն, որ ժողովուրդը շեղվի:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

Էմմա Մանուկյան

MediaLab.am