«Մինչև հիմա կան փողով բանակից ազատելու դեպքեր, մինչև հիմա բանակ ուղարկվող «տուլիկները» չեն վերացել». Էդգար Խաչատրյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, օրերս ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իրենք գիտեին, որ մենք ուժեղ բանակ ու հուսալի դաշնակիցներ ունենք, սակայն հանգամանքները ցույց են տվել, որ այդպես չէ: Դուք ուսումնասիրություններ եք անցկացրել ՀՀ զինված ուժերում, խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս եք մեկնաբանում վարչապետի այս հայտարարությունը:

– Իրականում միանշանակ մեկնաբանություն չունեմ: Մի կողմից հասկանում եմ, որ վարչապետի այդ հայտարարությունը իրականությանը մոտ է, մյուս կողմից ես չգիտեմ, թե ռազմավարական տեսանկյունից ճիշտ է նման հայտարարություն անելը: Իրականում փաստն այն է, որ մենք բանակի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերներ ունենք, որոնք մինչև հիմա հաղթահարված չեն:

Արդյոք բանակում հարգվո՞ւմ են մարդու իրավունքները, արդյոք նոր սպառազինություն ձե՞ռք է բերվում, ի՞նչ պրոցեսներ են տեղի ունենում բարեփոխումների հետ կապված. այս հարցերի մասին հասարակությունը հստակ որևէ տեղեկատվություն չունի: Փոխարենն իմանում ենք այն մասին, որ բանակում խնդիրներ ունեինք, բանակը թույլ է: Տարօրինակ է՝ ո՞ր դեպքում է համարվում պետական գաղտնիք, ո՞ր դեպքում՝ ոչ:

Փաշինյանը մատնանշեց պաշտպանական ոլորտը, և այնտեղ, ցավոք, խնդիրներ դեռ շատ ունենք:

– Որո՞նք են այդ խնդիրները:

– Սկսած նրանից, որ չնայած խոսվում էր կոռուպցիայի հաղթահարման մասին, չնայած խոսում էինք, որ համակարգային կոռուպցիան հաղթահարված է, բայց մինչև հիմա կան փողով բանակից ազատելու, փողով արձակուրդ գնալու դեպքեր, պատշաճ բժշկական զննություն չկազմակերպելու դեպքեր, ինչի հետևանքով կարող է առողջական խնդիրներ ունեցող անձը զորակոչվել բանակ, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր: Խնդիրները, որոնք շատ բազմաշերտ են, մնացել են, չեն լուծվել:

Ես անգամ չեմ անդրադառնում մարտունակության հետ կապված խնդիրների, որովհետև սա բավականին փակ ոլորտ է: Մենք ինչ-որ հատվածային տեղեկություններ ենք լսում, թե, օրինակ՝ Հնդկաստանից զենք է ձեռք բերվել, բայց, միևնույն է, շատ տեղեկություններ անհայտ են մնում՝ ենթադրենք, այդ զենքը ձեռք ենք բերել, ունե՞նք հրահանգիչներ, որոնք կսովորեցնեն մեր զինծառայողներին՝ ինչպես վարվել այդ զենքի հետ:

– Պաշտպանության նախարարը մեկ անգամ չէ, որ ասել է՝ նախնըտրում են չխոսել կամ քիչ խոսել պաշտպանական համակարգի հետ կապված հարցերի շուրջ: Դուք դա ճի՞շտ եք համարում:

– Դա շատ լուրջ խնդիր է: Գոյություն չունի ռազմավարական հաղորդակցության տրամաբանություն՝ ո՛ր դեպքերում պետք է լռել, ո՛ր դեպքերում՝ խոսել: Գործող իշխանություններին մենք միշտ մեղադրում ենք, որ երևույթների վերաբերյալ չունեն ռազմավարություն: Հատվածային գործողություններ են կատարում, մի օր մի բան են ասում, մեկ այլ օր՝ այլ բան: Էսպես չեն աշխատում:

Եթե անգամ որոշ գործընթացների վերաբերյալ լռում են, ապա դա էլ պետք է լինի ռազմավարության մաս, եթե դա արդարացված է, շատ լավ է, եթե դա սպոնտան որոշում է՝ սխալ է:

– Վերևում դուք խոսեցիք զինված ուժերում կոռուպցիայի մասին, որ գումարով ազատվում են զինծառայությունից: Ինչի՞ հիման վրա են նման գնահատականները կամ տեղեկությունները: Ինչպե՞ս եք պարզել դա:

– Մենք ոչ մի անգամ չենք դադարեցրել այս ոլորտում մեր աշխատանքը ու պարբերաբար իրականացնում ենք հարցումներ զորակոչիկների, զորացրվածների շրջանում, որ հասկանանք միտումները:

Եկեք հիշենք, մեզ ասում էին՝ պարենի հետ կապված խնդիր մեր բանակն այլևս չունի: Բայց մենք հակառակն ենք պնդում՝ այդ խնդիրները դեռ կան:

– Այսինքն՝ նախկինում հայտնի «տուլիկը» (տնից ուղարկված լի կապոց.- հեղ.) չի՞ վերացել:

– Այո՛, «տուլիկները» չեն վերացել, դրանք շարունակում են ուղարկվել բանակ, բատինկաներ են ուղարկվում, համազգեստ, ներքնազգեստ, փող են ուղարկում զինծառայողին: Սննդի որակի մասին էին խոսում, թե իբր բարելավվել է, բայց պարզվում է, այնքան էլ չի բարելավվել, ավելին, քանակն է նվազել: Այս խնդիրները դեռ կան:

Կան նաև զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքեր, բանակում ևս կա քրեական ենթամշակույթ, որի կրողներ են թե՛ սպաները, թե որոնք իրենց հերթին միջավայր են ստեղծում այդ մշակույթի տարածման համար, թե՛ զինծառայողները:

Այն, ինչ ասում եմ, ոչ թե մերկապարանոց հայտարարություն է, այլ մեր պարբերական հետազոտությունների արդյունք է:

– Վերջերս Ազգային ժողովում պաշտպանության նախարարը ներկայացնում էր զինված ուժերում բարեփոխումների մեկնարկի մասին, մասնավորապես, որ ներդրվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որ զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման հնարավորություններ են ստեղծվում: Ինչպե՞ս եք ընդունում այս ծրագիրը:

– Այդ բարեփոխումները հիմնականում ուղղված են զինծառայողների ու նրանց ընտանիքի անդամների սոցիալական խնդիրների լուծմանը, այսինքն՝ ասել, որ դրանք ոչ կարևոր ծրագրեր կամ գործողություններ են, ազնիվ չի լինի: Բայց արդյոք կա՞ ընդհանուր ռազմավարություն, որի մաս է հանդիսանում սոցիալական բաղադրիչը, ի վերջո, բանակի գրավչությունը չեն ապահովում միայն սոցիալական կամ դրա նման ֆրագմենտալ խնդիրների լուծմամբ, այլ ապահովում են արժանապատիվ ծառայություն կրելու հնարավորության ստեղծմամբ:

Օրինակ՝ քաղաքացին զորակոչվում է բանակ կամ որպես սպա այնտեղ աշխատում է, եթե նա գիտի, որ իր առողջական վիճակի մասին հոգ տանող չկա, ինչպե՞ս կարող է ծառայությունն իր համար գրավիչ լինել: Եթե զինծառայողը զորակոչվում է, և նա ու իր ընտանիքը երաշխիք չունեն, որ նա ողջ կվերադառնա տուն, ինչպե՞ս կարող է դա գրավիչ լինել, այսինքն՝ բարեփոխումները դիտարկել միայն սոցիալական բաղադրիչով մեծ խնդիր է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am