«Բելառուսը պարզապես փոխհատուցում է Ադրբեջանին եւ Հայաստանը պետք է կտրուկ քալեր ձեռնարկի, թե չէ շատ հեռուն կգնան». Ստեփան Գրիգորյան

08-02-2017
16434 դիտում
«Բելառուսը պարզապես փոխհատուցում է Ադրբեջանին եւ Հայաստանը պետք է կտրուկ քալեր ձեռնարկի, թե չէ շատ հեռուն կգնան». Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը

-Պարոն Գրիգորյան, փաստորեն Բելառուսի իշխանություններն Ադրբեջանին արտահանձնեցին Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին, ում Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են Արցախ այցելելու համար: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, ի՞նչ պետք է անի հայկական կողմը:

-Նախ, պետք է սովորենք նման իրավիճակներում ավելի շուտ արձագանքել, որպեսզի չհասնենք այս իրավիճակին: Ինձ մոտ առաջացան զուգահեռներ Ռամիլ Սաֆարովի գործի հետ: Ես չեմ բացառում, որ եթե այն դեպքում էլ ժամանակին արձագանքեինք, հետո ստիպված չէինք լինի Հունգարիայի հետ խզել հարաբերությունները: Իհարկե, որոշ բաներ արվել են, բայց ես համոզված եմ, որ եթե մենք մի քիչ ավելի շուտ աղմուկ բարձրացնեինք, կգտնվեին ուժեր, ովքեր կսահմանափակեին Լուկաշենկոյի քայլերը: Օրինակ՝  վերջին ժամանակահատվածում Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ավելի ակտիվ սկսեցին աշխատել Բելառուսի հետ: Եթե ժամանակին ավելի ուժեղ աղմուկ բարձրացվեր, ես չեմ բացառում, որ Բելառուսը կամ կձգձգեր այդ արտահանձնման գործընթացը, կամ այլ հունով կընթանար գործընթացը: Նաև քաղաքական դաշտում մեր քաղաքական ուժերը պետք է աղմուկ բարձրացներին: Հիմա արդեն վերջին տասը օրը սկսել են խոսել, բայց ժամանակին էր պետք բարձրաձայնել: Հենց այս փուլում էլ, երբ արդեն արտահանձնել են, պետք է ակտիվ աշխատանք տանել:

-Ի՞նչ հստակ քայլեր պետք է արվի Հայաստանի ղեկավարության կողմից: Տարբեր առաջարկներ են հնչում՝ Բելառուսում Հայաստանի դեսպանին հետ կանչելուց մինչև ընդհուպ ՀԱՊԿ-ում ու ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության սառեցումը:

-Պարզ է, որ ձևերից մեկը դիվանագիտական հարաբերությունների սառեցումն ու դեսպանին հետ կանչելն է: Ես համոզված չեմ, որ հիմա պետք է խզել հարաբերությունները Բելառուսի հետ, բայց այն, որ Հայաստանի նախագահը պարտավոր է ՀԱՊԿ արտահերթ նիստ հրավիրել, դա փաստ է: ԵՏՄ-ն ավելի շատ ֆորմալ տնտեսական կառույց է, բայց ՀԱՊԿ-ում պետք է անպայման արտահերթ նիստ պահանջենք: ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ ցանկացած երկիր կարող է արտահերթ նիստ պահանջել: Այո, կարող ենք նաև հետ կանչել դեսպանին՝ խորհրդակցության: Ես նաև համարում եմ, որ հիմա պետք է Եվրամիության առաջ խնդիր դնենք, որպեսզի Եվրամիությունը կասեցնի այն ծրագրերը, որոնք սկսել է Բելառուսի հետ:

-Եթե անդրադառնանք տեղի ունեցածի խորքային պատճառերին, ինչո՞ւ է Բելառուսը նման քաղաքականություն վարում Հայաստանի նկատմամբ՝ մշտապես սատարելով Ադրբեջանին:

-Բելառուսի դեպքում բավական պարզ իրավիճակ է: Ռուսաստանը գոնե վերջին երկու-երեք տարիներին ֆինանսապես չի օգնում Բելառուսին, սկսել է ճնշում այդ երկրի վրա, ավելի քիչ քանակությամբ նավթ է տալիս, գազի ու նավթի գինը չի իջեցնում, չի թողնում, որ բելառուսական ապրանքները անարգել մտնեն ռուսական շուկա: Վերջին շրջանում այդ ճնշումը կա, և Բելառուսի նախագահն ուզում էր գտնել այլընտարանք: Ադրբեջանը նավթի, էներգետիկայի ոլորտում տվեց այդ այլընտրանքը: Պարզ է, որ Բելառուսն ինչ-որ չափով պարտավոր է Ադրբեջանին: Այլ հարց է, թե ինչո՞ւ Բելառուսը նման քաղաքականություն վարեց Հայաստանի նկատմամբ, ինչո՞ւ որոշեց այս ճանապարհով բավարարել Ադրբեջանի ցանկությունները: Ի վերջո, թույլ օղակ են գտնում:

-Այսինքն՝ Հայաստանը որպես թույլ օղա՞կ է դիտարկվում նրանց համար:

-Միանշանակ, թույլ օղակ է, քանի որ նրանք ՀԱՊԿ-ում մեր նկատմամբ վերաբերմունքը տեսնում են: Հասկանում են, որ մենք թույլ ենք: Բելառուսը պարզապես այսպիսով փոխհատուցում է Ադրբեջանին: Այս պայմաններում Հայաստանը պետք է կտրուկ քալեր ձեռնարկի, թե չէ շատ հեռուն կգնան: Մյուս երկրները կտեսնենք, որ ոչ մի բան չենք անում: Ես կողմնակից եմ, որ ժամանակին արձագանքեն, որ նման ճգնաժամի մեջ չընկնենք: Հունգարիայի հետ արդեն խզել ենք հարաբերությունները, հիմա էլ Բելառուսի հետ խզենք, վաղն էլ մեկ ուրիշ երկրի՞: Դա ճանապարհ չէ, պետք է իշխանությունները սովորեն ավելի ադեկվատ գործել: Ես իշխանության որակի մասին եմ խոսում, կատաստրոֆիկ որակ է:

Էմմա Մանուկյան

MediaLab.am