«Հայտարարագրերում հո չե՞ն գրելու՝ կաշառք եմ ստացել». ինչպե՞ս են Հայաստանում տարբեր տրամաչափի պաշտոնյաները ունեցվածք դիզում

Համացանցում այս օրերին ակտիվ քննարկման թեմա է դարձել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված առանձին պաշտոնյաների հայտարարագրած հսկայական ունեցվածքը։ 

Այդպիսիներից են, օրինակ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը հայտարարագրել է 4 անշարժ գույք, 234 մլն դրամ, 300 հազար դոլար, հողամասեր ու փոխառություններ, ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանը, որը հայտարարագրել է 9 անշարժ գույք, ավտոմեքենա և միլիոնավոր դրամներ։ 

Առանձնահատուկ էր Վարչական դատարանի 38-ամյա դատավոր Անի Հարությունյանի հայտարարագրած ունեցվածքը։ Ըստ ԿԿՀ ներկայացրած հայտարարագրի՝ դատավորի եկամուտները տարեցտարի աճել են։ Հարությունյանը դատավոր է նշանակվել 2013 թվականին։ 

Նա ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր Գրիգոր Հարությունյանի դուստրն է, իսկ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, այժմ հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանն էլ Գրիգոր Հարությունյանի քրոջ որդին է։

Վերջերս ԿԿՀ ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Վարչական դատարանի դատավորն ունեցել է 15 անշարժ գույք, որից 11-ը բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք են և հավանաբար տրվում են վարձակալությամբ։

Որպես շարժական գույք հայտարարագրել է 2016 թվականի արտադրության «BMW X4» մակնիշի ավտոմեքենա, որը նախորդ տարիներին ներկայացված հայտարարագրերի համաձայն՝ գնել է հենց 2016-ին 31 մլն 941 հազար 660 դրամով: 

Որպես տարեկան եկամուտ հայտարարագրել է 9 մլն-ից ավելի դրամ աշխատավարձ, որն ստացել է հենց Վարչական դատարանից։ Ստացել է նաև 54 հազար ԱՄՆ դոլար վրացական բանկից, 5 մլն դրամ փոխառություն «ՎՏԲ» բակից, 23 մլն-ից ավելի դրամ էլ «Փարիզ հոթելից»՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար, 4 մլն դրամից ավելի գումար «8787» տեղեկատուից, 2 մլն 264 հազար դրամ էլ «Արեգակ» վարկային կազմակերպությունից։

Բացի այդ, ունի բաժնեմասեր տարբեր ընկերություններում, իսկ 100 հազար ԱՄՆ դոլար փոխառություն էլ տվել է քաղաքացի Գևորգ Նարինյանին։

Ինքը՝ դատավորը, տեղյակ չէր, որ իր ունեցվածքը քննարկման առարկա է դարձել լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերում։ 

«Հրապարակումներից տեղյակ չեմ, երկու օր առաջ եմ ծննդաբերել և հիվանդանոցից երեկ եմ դուրս գրվել։ Իսկ ինչ վերաբերում է ձեռքբերումներին կամ ունեցվածքին, ես երկու տարի առաջ հարցազրույց եմ տվել և մանրամասն ներկայացրել եմ՝ ինչպես է ձեռք բերվել այդ ունեցվածքը։ Այս պահին ավելին չունեմ ասելու», -«Մեդիալաբին» ասում է դատավոր Անի Հարությունյանը։

Իսկ հարցազրույց դատավորը 2019 թվականին տվել է «Ժողովուրդ» օրաթերթին և ասել, որ իր հայրը՝ Գրիգոր Հարությունյանը, 2007-ին դուրս է եկել աշխատանքից և սկսել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ 

«Այն ամբողջ գույքը, որ ունենք, գոյացել է հայրիկիս ձեռնարկատիրական գործունեության արդյունքում։ Որևէ կապ չի կարող լինել պաշտոնեական լիազորությունների իրականացմամբ գույքի առաջացման հետ»,- իր հարցազրույցում ասել էր Հարությունյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ մարդիկ նշանակվում են պետական պաշտոնների ու հանկարծ սկսում են մեծ ծավալով փոխառության պայմանագրերով գումարներ ստանալ։ 

«Այո՛, փոխառությունը օրինական գործարք է, օրենքով կարգավորվում է, բայց դա չի կարող կասկած չառաջացնել։ Այդ ինչո՞ւ մինչև պաշտոն զբաղեցնելը մարդուն փող չեն տվել, մեկ էլ հանկարծ սկսում են փոխառությամբ գումարներ տալ, ընդ որում՝ մեծ գումարների մասին է խոսքը։ Եվ բացի այդ, միայն տվյալ մարդուն չեն տալիս, այլ նաև ընտանիքի անդամներին»,- «Մեդիալաբին» ասում է Կարապետյանցը։

Դատական համակարգում, իրավապաշտպանի խոսքով, անցումային արդարադատությունը նման երևույթների դեմ կարող էր լավ աշխատել իր ամբողջական գործիքակազմով։ 

«Անցումային արդարադատություն իրականացնելու մեր պահանջն ինքնանպատակ չէր։ Պետք էր մեկ միասնական խաղի կանոններ սահմանել, որ խաղի կանոնները հասկանալի լինեին նաև նրանց համար, ում գույքի հետ կապված հարցեր են ծագելու։ Եթե խաղի կանոնները միասնական չեն, ապա հետապնդման տարրեր կարող են նկատվել»,- նշում է Կարապետյանցը։

Տարբեր պաշտոնյաների գույքի և ունեցվածքի հայտարարագրերը Հայաստանում ուսումնասիրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ պարզելու՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է ներկայացված հայտարարագիրը: 

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն պետք է ստուգի, գնահատի և տեսնի՝ արդյոք պաշտոնյայի ունեցվածքը համապատասխանո՞ւմ է ներկայացված հայտարարագրին»,- «Մեդիալաբին» ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: 

Նրա խոսքով՝ կան պաշտոնյաներ, որոնց ներկայացրած գույքի հայտարարագիրը հարցեր է առաջացնում՝ ինչպե՞ս է հնարավոր այսքան ունեցվածք կուտակել: Բայց մյուս կողմից, ըստ նրա, այնպես չէ, որ աղքատ երկրում հարուստներ չեն կարող լինել:

«Բայց նաև պետք է նկատի ունենալ՝ հայտարարագրերում հո չե՞ն գրելու՝ կաշառք եմ ստացել կամ այսքան գումար բյուջեի թալանից է ստացվել: Բնականաբար, չի գրվում, և ինչ-որ հիմնավորումներ տալիս են: Հիմա այդ հիմնավորումը տալիս է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Եթե այդ հանձնաժողովը լավ է աշխատում, հայտնաբերում է, որ այդ հիմնավորումը իրականում սուտ է, կարող է հայտնաբերել, որ սուտ չէ, ճիշտ է»,- նշում է Հոկտանյանը:

ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանն իր հերթին «Մեդիալաբին» ասում է՝ եթե խախտումներ հայտնաբերվում են, կիրառվում է պատասխանատվության միջոց: 

«Մեծ հաշվով տարօրինակ ոչինչ չկա, երբ պաշտոնյան այդքան ունեցվածք է հայտարարագրում»,- ասում է Հարությունյանը՝ նշելով, որ կան դեպքեր, երբ հայտարարագրում պաշտոնյաները որոշ տվյալներ նաև թաքցնում են, սակայն կոնկրետ դեպքեր չի մատնանշում:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am