«Մարդկանց համոզել են, որ, եթե դու մատնահետքդ թողեցիր, մենք այդ սարքի միջոցով կիմանանք, թե դու ինչպես ես քվեարկելու». Քաղտեխնոլոգ

03-04-2017
13400 դիտում
«Մարդկանց համոզել են, որ, եթե դու մատնահետքդ թողեցիր, մենք այդ սարքի միջոցով կիմանանք, թե դու ինչպես ես քվեարկելու». Քաղտեխնոլոգ

Այս ընտրությունների արդյունքների ստացման վրա բավական մեծ դերակատարություն ունեցավ ընտրակաշառքը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

«Վագոններով փող են բաժանել այս անգամ: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ նույնպես ընտրակաշառք էին բաժանել, բայց այն ժամանակ տոկոսն ավելի քիչ էր: Հիմա մոտավորապես 50 տոկոսով ընտրակաշառքն աշխատել է: Սա նշանակում է, որ փող ստացողների 50 և ավելի տոկոսը քվեարկում է այն մարդու օգտին, ով տվել է գումարը: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ այդ տոկոսը 25-30 էր կազմում»,- «Մեդիալաբին» ասում է Բադալյանը:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքներով՝ ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է 771 հազար 247 ձայն կամ  49.12 %, «Ծառուկյան» դաշինք՝ 428 հազար 965 ձայն կամ 27.32 % ,  «Ելք» դաշինք՝ 122 հազար 049 ձայն կամ 7.77 %, Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 103 հազար 173 ձայն կամ 6.57 %:

Ըստ Արմեն Բադալյանի՝ ՀՀԿ-ի դեպքում չաշխատեց վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնը:

«Շատ էին խոսում, որ նրա կերպարը խթան կհանդիասանա ՀՀԿ համար լրացուցիչ ձայներ ապահովելու գործում: Կարող ենք ասել, որ այդ տեխնոլոգիան ընդհանրապես չաշխատեց: ՀՀԿ-ականները այսքան ձայն կարող էին ստանալ ցանկացած վարչապետի օրոք, այսինքն՝ վարչապետի գործոնը զրոյացվեց»,- ասաց նա:

Ըստ մասնագետի՝  այս ընտրություններում խիստ բացասական դեր ունեցան սարքավորումները, որոնք տեղադրվել էին ընտրատեղամասերում: Մասնավորապես, խոսքը տեսնակարահանող ու մատնահետքերի և անձնագիրը ճանաչող սարքերի մասին է խոսքը: Հաշվի առնելով ընտրազնագվածի ցածր ինտելեկտուալ մակարդակը՝ կարողացել էին այդ մարդկանց համոզել, որ այդ սարքով նայում են, թե մարդն ինչպես է քվերակում:

«Ասել էին՝ եթե դու փող ես վերցրել ՀՀԿ-ից կամ այլ ուժից ու եթե հանկարծ ուրիշի քվեարկես, մենք դա կտեսնենք: Նաև մարդկանց համոզել են, որ, եթե դու մատնահետքդ թողեցիր, մենք այդ սարքի միջոցով կիմանանք, թե դու ինչպես ես քվեարկելու: Փաստորեն դա էլ աշխատեց, մարդիկ վախեցան այդ սարքերից, քվեարկեցին այնպես, ինչպես փողատերը պանաջել էր: Փաստորեն ազատ ու արդար ընտրությունների փոխարեն այդ սարքերի պատճառով անցկացնվեին ոչ ազատ, ոչ արդար ու ուղղորդված ընտրություններ»,- ասաց Բադալյանը:

Ըստ մասնագետի՝ սպասելի էր այն պատկերը, որն ստացվեց խորհրդարանական ընտրությունների արդյունքում: ՀՀԿ-ի դեպքում այս ցուցանիշը սպասելի էր, որովհետև զանգվածային ընտրակաշառք բաժանեց: ԲՀԿ-ն մի քիչ ավելի շատ պետք է ձայներ ստանար, բայց չստացավ, որովհետև Ծառուկյան դաշինքի՝ ընտրատեղամասերից դուրս աշխատող գործիչներին վերցրեցին ճնշման տակ: Նրանց թույլ չէին տալիս իրենց մարդկանց բերել ընտրությունների, ինչը ՀՀԿ-ականներին թույլ էին տալիս: Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, ապա քաղտեխնոլոգը հիշեցնում է, որ իշխանությունների կողմից այս դաշիքնը «հատուկ» վերաբերմունքի էր արժանացել:

«Նախագահն իր վերջին ելույթում ընդգծված քննադատեց միայն «Ելք» դաշինքի գործիչներից մեկին, որ նա տանիքների վրա թռչկոտելով քարոզարշավ է իրականացնում: Եվ ցածր իրավաքաղաքական գիտակցություն ունեցող այդ ընտրազանգվածի, որը միաջզգային քաղաքական տերմինով կոչվում է բիոմասսա, ահա այդ բիոմասսայի մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը «Ելք» դաշինքն է: Եվ ՀՀԿ-ին դեմ ընտրողներին «Ելք» դաշինքին ձայն տվեցին»,- ասում է Արմեն Բադալյանը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, Արմեն Բադալյանն ասում է, որ այդ կուսակցությունն ունի իր կայուն ընտրազանգվածը, որը տատանվում է 5-6 տոկոսի սահմաններում:

Արմեն Բադալյանն անդրադարձավ նաև խորհրդարանից դուրս մնացած ուժերին:

Ըստ նրա՝ այս անգամ ՀՀԿ-ն ոչ հրապարակային չաջակցեց Հայկական վերածնունդ կուսակցությանը՝ նախկին ՕԵԿ-ին, իսկ նախկինում այս ուժը խորհրդարան էր մտնում, որովհետև ՀՀԿ-ն իրեն աջակցում էր: Երկրորդ, այդ ուժի լիդերը նախկինում որոշակի ժողովրդականություն էր վայելում և որոշակի կետեր էր առաջարկում: Այս ընտրություններում, սակայն, ըստ Բադալյանի, նրան չեն ներում Մարտի 1-ի դավաճանությունը, երկրորդ, Սերժ Սարգսյանը նրան չաջակցեց:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դեպքում աշխատեցին այն տարածված լուրերը, որ իբր թե ՀԱԿ նախագահն աշխատում է Սերժ Սարգսյանի ոչ հրապարակային աջակցությամբ և ասում է այն գաղափարները, որոնք կուզեր ասել Սարգսյանը: Սա իր դերկատարությունն ունեցավ և ՀԱԿ-ը չկարողացավ փաստորեն հաղթահարել շեմը: Երկրորդ, ըստ Արմեն Բադալյանի, նրանք այդպես էլ չկարողացան համոզել հասարակությանը, թե ինչ կապ ունի խաղաղության ծրագիրը Հայաստանում նորմալ պայմաններ ստեղծելու հետ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, նրա խոսքով, բավական կոպիտ սխալներ թույլ տվեց: Մասնավորապես, նրանք չկարողացան ներկայացնել, որ իրենք արևմտամետ ուժ են: Այդ կուսակցությունում ընդգրկված մարդկանց մի մասը, Բադալյանի խոսքով, չկարողացան ապացուցել, որ իրենք արևմտամետ են, հասարակությունն էլ չհավատաց:

Ինչ վերաբերում է ՕՐՕ դաշինքին, ապա, Արմեն Բադալյանի խոսքով, այդ դաշինքը կատարեց կոպիտ սխալներ: Նրա ղեկավար դարձավ պաշտպանության նախկին նախարարը, ով մի քանի ամիս առաջ նախագահի ջերմեռանդ պաշտպանն էր: Նա չկարողացավ ցույց տալ, որ երեք ամսվա ընթացքում դարձել է իշխանության մրցակիցը: Երկրորդ, Սեյրան Օհանյանը հասարակությանը ոչինչ չներկայացրեց, բացի հայտարարելուց, որ պետք է իշխանության դեմ պայքարել:

Արմեն Բադալյանի խոսքով՝ հետընտրական զարգացումներ չպետք է ակնկալել, որովհետև այս ընտրությունները ցույց տվեցին մի շատ կարևոր հանգամանք՝ Հայաստանում հասարակության մեջ գերակշիռ դեր ունի, այսպես կոչված, բիոմասսան: Նման իրավիճակում հետընտրական զարգացումներ չպետք է սպասել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am