«Եթե մարդիկ ծռում են իրենց գլուխները, խոնարհվում են ու համակերպվում, ոչինչ էլ չի փոխվելու». Վալերի Գործունյան

05-07-2017
6896 դիտում
«Եթե մարդիկ ծռում են իրենց գլուխները, խոնարհվում են ու համակերպվում, ոչինչ էլ չի փոխվելու». Վալերի Գործունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ֆրանսահայ գործարար Վալերի–Աշխեն Գործունյանը:

- Տիկի´ն Գործունյան, արդեն 5 տարի է՝ հեռացել եք Հայաստանից։ Ինչպիսի՞ն է Հայաստանը հեռվից։ Դրսի աչքով երբ նայում եք, ինչ-որ բան փոխվե՞լ է Հայաստանում։

- Որպես գործարար՝ տեսնում եմ, որ օլիգարխիան ավելի է ամրապնդվել, մենաշնորհներն ավելի ուժեղ են դարձել։ Այսինքն՝ երկրի հարստությունը մնացել է մի խումբ մարդկանց ձեռքում, և նրանք շահագործում են խեղճ ժողովրդին։ Շատ սփյուռքահայեր կան, որ այցելում են Հայաստան, գալիս ասում են, թե ինչքան նոր ռեստորաններ, սրճարաններ կան, բայց, ինչպես դիպուկ բնորոշեց ընկերներիցս մեկը, դա լավ շպար է։ Առաջին հայացքից, իրոք, երևում է, թե ինչքան նոր ռեստորաններ կան, բայց երբ երկու քայլ հեռանում ես Երևանից, աղքատության մեջ ես հայտնվում, և դա է այսօրվա իրականությունը, ոչ թե Հյուսիսային պողոտան, որի շենքերը մինչև հիմա դատարկ են։ Մարդիկ այդտեղ չեն ապրում, չգիտես` ինչի՞ համար են սարքել։ Երևի ապագա օտարների համար, որ պետք է գան գրավելու Հայաստանը։

- Այս 5 տարվա ընթացքում քանի՞ անգամ եք եկել Հայաստան, և ինչպիսի՞ն էր տպավորությունը։

-Մեկ անգամ եմ եկել, շատ-շատ էի կարոտել Հայաստանը։ Իհարկե, լավ առիթով չէի եկել, իմ անձնական դատավարության համար էի եկել։ Երբ մեկուկես տարի առաջ եկա Հայաստան, զարմացա, որովհետև մարդ, որը երկար տարիներ ապրել է Հայաստանում, Փարիզի կողքին ինձ փոքր թվաց Երևանը։ Ես զարմացա, թե ինչպես եք դիմացել այս փոքր քաղաքում։ Իհարկե, լավն այն էր, որ ընկերներիս նորից տեսա, բայց էլի ցավալիորեն աչքի էին զարնում մեծ հայտարարությունները՝ «Վաճառվում է»։ Տպավարություն ունեցա, որ Երևանի կենտրոնում ավելի շատ վաճառքի հանված վայրեր կային, քան հինգ տարի առաջ, երբ հեռացա Հայաստանից։

- Չե՞ք կարոտում «Փարիզյան սուրճ» սրճարանը, եթե հնարավորություն լիներ, նորից նույն գործով կզբաղվեի՞ք։

-Անշուշտ, շատ եմ կարոտում։ Ժողովուրդը հավատում էր ինձ, գիտեր, որ որակով սուրճ ենք վաճառում։ «Փարիզյան սուրճի» տեղը համեստ էր, բայց ժողովուրդը սիրում էր, լավ հաճախորդներ ունեի ու հիմա շատ եմ ափսոսում, որ չկարողացա պահել։ Ես մտերմացել էի իմ հաճախորդների հետ, նրանք իմ ընկերներն էին, ու հիմա շատ եմ ցավում, որ չկարողացա պահել։ Բայց այդտեղ իմ մեղավորությունը չկա. եթե Հայաստանում արդարադատություն լիներ, գուցե կպահեի։ Ես առաջին հայերից էի, որ Ֆրանսիայից եկա Հայաստան ու 18 տարի ապրեցի Հայաստանում, բայց երբ հիմա հետ եմ նայում, տեսնում եմ, որ հայերին Հայաստանում մեկտեղելու մեր պայքարը զրո արդյունք տվեց։ Հոգեբանորեն ինձ համար դա շատ ցավալի է, որովհետև ես հիմա էլ շատ կուզեի՝ Երևանում լինել, իմ «Փարիզյան սուրճում» լինել և մտածել, թե ուրիշ էլ ի՞նչ կարող եմ անել Հայաստանում, ոչ թե գտնվեի Փարիզում ու տեսնեի, թե Փարիզի հայությունը որքան անտարբեր է, և Հայաստանը որքան է հետ գնում, ընկղմվում։ Ես միշտ պայքարել եմ, միշտ երազել եմ հայության բարգավաճման մասին, ու հիմա ցավալի է, որ իմ տարիքի մարդը, այսքան տարիներ անց, երբ հետ է նայում իր անցած կյանքին, իր պայքարին, տեսնում է, որ երկիրը հետ է գնացել, ոչ թե առաջ։

- Ամենաշատն ինչի՞ համար եք ափսոսում։

- Ափսոսում եմ, որ հայության որակը սարսափելի ընկած է։ Առաջ ես հպարտանում էի, որ հայ եմ, որովհետև հայերի մեջ շատ խելացի, մտավորական մարդիկ կային, ստեղծագործողներ ունեինք, ճարտարապետություն ունեինք, որը շատ որակով էր։ Այսօր մենք կորցրել ենք այդ որակը, ինձ համար դա´ է ամենացավալին։ Եթե որակ լիներ, մենք այս վիճակին չէինք լինի։

- Հիմա կառավարությունը աշխարհասփյուռ գործարար հայերին կոչ է անում գալ Հայաստան, ներդրումներ կատարել, խոստանում են ազատ ու հավասար պայմաններ։ Ձեր կարծիքով՝ կա՞ն պայմաններ ներդրումների համար, թե՞ դրանք զուտ խոստումներ են, որոնց քչերն են հավատում։

-Կառավարությունը դրսից գործարարներին կանչելուց առաջ պետք է ապացուցի, որ արդարադատության համակարգը փոխել են, որ օլիգարխիայի դեմ են պայքարում, որ կարող են վստահություն ստեղծել, որ մարդիկ էլ հավատան ու գան ներդրումներ անելու։ Այլապես ինչո՞ւ պետք է գան։ Այսօր, ցավոք, այդ ամենը չկա։ Իշխանությունը պետք է ցույց տա, որ ինքը փոխվում է, որ բարելավվում է, որ արդարադատություն ունի։ Եթե այդ ամենը չկա, ավելի լավ է մարդն իր փողերն աղքատներին բաժանի, քան ներդնի Հայաստանում և խնդիրների առջև կանգնի։

- Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան, ինչպե՞ս կարող է իրավիճակը փոխվել։

- Մենք ամեն օր ընկերներով խոսում ենք այդ մասին, թե ի´նչ է լինելու Հայաստանի ապագան, ու դրա պատասխանը չունենք։ Պետք է փոխվի այս վիճակը, այսպես հնարավոր չէ շարունակել։ Հայաստանում ապրողներն ուզում են հեռանալ, արտագաղթել, երկիրը դատարկվում է։ Բայց ո՞րն է լուծում` ես չգիտեմ։ Ես շատ կուզեի, որ լուծում լիներ առանց ապստամբության, առանց հեղափոխության, թող ներկա իշխողները հասկանան, որ չեն կարողանում կառավարել, թող ուրիշ մարդկանց տան։ Էս երկիրը մեղք է, բայց, ցավոք, ես լուծումը չունեմ։ Ես չեմ հասկանում, թե ինչո´ւ է մեր ժողովուրդը համակերպվում այս վիճակին և չի պայքարում այս իրականության դեմ։ Մի քանի ամիս առաջ ընտրություններ եղան, ինչքան էլ իրենք կեղծեցին ընտրությունները, թող ժողովուրդը պայքարեր այդ կեղծիքի դեմ։ Ժողովուրդը որքան էլ այսօր բողոքում է, ինքը մեղավոր է, որովհետև չպայքարեց, ընդունեց այդ կեղծ ընտրությունների արդյունքները։ Դրա համար եմ ասում եմ՝ ես ի՞նչ իրավունք ունեմ խոսելու, Հայաստանի ժողովուրդը պետք է պայքարի, որ իրավիճակը փոխվի։ Եթե մարդիկ ծռում են իրենց գլուխները, խոնարհվում են ու համակերպվում, ոչինչ էլ չի փոխվելու։ Եթե դու քո երկիրը չփոխես, դրսից ոչ ոք չի գալու փոխի։

- Իսկ սփյուռքն ի՞նչ դերակատարում պետք է ունենա այս հարցում։ Միշտ սփյուռքն իրեն մեկուսացած է դիտարկում։

- Անշուշտ, սփյուռքը պետք է ավելի ակտիվ լինի։ Սփյուռքը սարսափելի լեթարգիայի մեջ է, ու զարմանալի է, որ ակտիվ չէ։ Բայց սփյուռքն իրականում հենց այդ է, մեկ-մեկ, ով իրեն մի քիչ հայ է զգում, ամռանը գալիս է Հայաստան, սրճարաններում նստում է, հայերեն խոսք է լսում, մեկ շաբաթ իրենց փողերը ծախսում, հետո վերադառնում են, ասում՝ շատ լավ էր, ոչ մի փոփոխության կարիք չկա։ Իսկ երբ իրենց ասում ես, թե իրականում ինչեր են կատարվում Հայաստանում, ինչպես է ապրում ժողովուրդը, զարմանում են։ Նրանք չեն հետաքրքրված Հայաստանով, սա´ է մեծ խնդիրը։ Այդ անտարբերությունն էլ որակի խնդիր է, կարծում եմ։ Մյուս կողմից` ֆրանսահայ երիտասարդների մեծ մասը հայերեն չի խոսում, միայն անունով են հայ, հետևաբար շատ հեռու են հայկական իրականությունից, առավել ևս` Հայաստանից։ Լեզուն շատ կարևոր է։

- Հայաստանյան իշխանությունները հայտարարում են՝ հարկային ու մաքսային վարչարարությունը բարելավվել է։ Դուք կկարողանայի՞ք ներդրում անել մի երկրում, որը ԵԱՏՄ անդամ է, գործում են ԵԱՏՄ օրենքները։

- Ես՝ ո´չ, ես չեմ հավատում, որ հնարավոր է արդար տնտեսություն Եվրասիական տնտեսական միությունում։ Եթե իրոք վարչարարությունը բարելավել են, դա լավ է, թող անեն, թող երկիրը շնչի, բայց ես անձամբ ներդրումներ չէի անի ԵԱՏՄ-ում։

-Հիմա Հայաստանում խոսվում է թավշյա հեղափոխության մասին։ Ձեր կարծիքով՝ Հայաստանում հնարավո՞ր է նման բան, թե՞ արդեն ուշացած է։

- Այդ առումով ես լավատես եմ, պետք է միշտ հույս ունենալ, որ այս վիճակը կարող է փոխվել, որովհետև այսպես չի կարող շարունակվել, մի բան պետք է լինի։

- Այդ դեպքում ո՞ւր են այն քաղաքացիական շարժումներն ու պայքարները, որոնց մասնակից էիք նաև Դուք, ինչո՞ւ հիմա չկան։

- Ես կարծում եմ, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ավելի շատ պայքարի, բայց, ցավոք, դա չեմ տեսնում։ Երբ հետևում ես համացանցի լուրերին, տեսնում ես, որ հայ հասարակությունը գոհ չէ պետությունից, համաձայն չի իշխանությունների վարած քաղաքականությանը, բայց զարմանալիորեն դա արտահայտվում է միայն համացանցում, իրական կյանքում որևէ քայլ չեն անում իրենց դժգոհությունն արտահայտելու համար։ Ես սա չեմ կարողանում բացատրել ու հասկանալ։ Երևի պատճառն այն է, որ ժամանակին շատ էին ասում, որ պետք է լիդեր ունենալ, բայց լիդեր էլ եղավ, դարձյալ ոչինչ չփոխվեց։

Ինձ թվում է՝ ժողովուրդը վախեցած ու զզված է իշխանություններից։ 2008-ի մարտի 1-ի զոհերի համար մեղավորները մինչև օրս անպատիժ են մնացել։ Երևի դա է պատճառը, մյուս կողմից` իսկական հայրենասեր տղաներն այսօր բանտերում են։ Բոլոր դեպքերում ես հավատում եմ, որ մի օր ինչ-որ բան պետք է տեղի ունենա, որովհետև երկիրը չի կարող այդպես շարունակել, երբ բոլոր ասպարեզներում հետ ենք գնում։ Հույս ունեմ, որ փոխվելու է, չգիտեմ` ինչպե´ս է դա լինելու, կախարդական փայտիկ չունեմ, բայց հույս ունեմ, որ կփոխվի ու կփոխվի առանց արյունի։ Կարող ենք երազել, չէ՞...

Մանե Հարությունյան

MediaLab.am