«Ավելի լավ է դրանք չծառայեն, ոնց որ կյանքն ապականեցին, բանակն էլ կապականեն» Նիկոլայ Ծատուրյան

06-07-2017
13540 դիտում
«Ավելի լավ է դրանք չծառայեն, ոնց որ կյանքն ապականեցին, բանակն էլ կապականեն» Նիկոլայ Ծատուրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:

- Պարո´ն Ծատուրյան, օրերս հրապարակվեց մի ցուցակ, որից հայտնի դարձավ, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ չեն ծառայել բանակում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին:

- Այդպես են անում, որովհետև պաշտոնյա են, որովհետև պաշտպանության նախարարությունը լսում է իրենց, երեխեքին իբր թե հիվանդ են դարձնում: Կոռուպցիա է, էդ էլ է կոռուպցիայի դրսևորում:

- Բայց իշխանությունները հայտարարում են, թե պայքարում են կոռուպցիայի դեմ: Այսինքն՝ նրաենց խոսքն ու գործը չե՞ն համապատասխանում:

-Ինչի էդ միակ դե՞պքն է, որ խոսքն ու գործը չեն համապատասխանում: Անընդհատ էլ նույնն է, ասում են՝ պայքարում են կոռուպցիայի դեմ: Ովքե՞ր են ասում` կոռուպցիոներները: Պարզ չէ՞, որ եթե աղվեսին հավաբնի շեֆ դնեն, հավերը կվերանան, չնայած իրենք ասում են՝ ազնիվ ենք:

- Հետևաբար, արդյունք չակնկալե՞նք կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացից:

- Ի՞նչ արդյունք, չի լինի արդյունք:

- Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով այսօր պատգամավոր է, հարցին, թե ինչո՞ւ իր որդին չի ծառայել բանակում, պատասխանել է՝ Նիկոլայ ցարն ընտանիքի մինուճար որդուն բանակ չի տարել: Սա ի՞նչ համեմատություն է:

- Ի՞նչ ասեմ, ցարը երևի ինչ-որ տեղ կարող էր իրեն նման բան թույլ տալ, որովհետև այնտեղ ազնվականություն կար: Իսկ մեզ մոտ 80 տոկոսը գեղցի են, գեղո:

- Նորմա՞լ է, որ առաջնագծում անընդհատ պետք է զոհվեն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, իսկ պաշտոնյաները զավակները վայելում են իրենց հայրերի կուտակած միլիոնները:

- Իմ կարծիքն այն է, որ ավելի լավ է դրանք չծառայեն: Եթե ծառայեին, այնտեղ էլ էին մտցնելու իրենց, այսպես կոչված, իշխանական բարքերը, ճնշելու էին նորմալ երեխեքին: Իսկ այդ շատ սովորական մարդկանց երեխեքն իսկապես հրաշք են, որովհետև ոնց են կռվում ու ոնց են պաշտպանում երկիրը:

- Այսինքն՝ թող չգնան ու չապականե՞ն բանակը:

- Այո´, այ էդ եմ ասում: Ոնց որ կյանքն ապականեցին, բանակն էլ կապականեն: Չնայած բանակում էլ շատ այլանդակ երևույթներ կան, բայց, դե, գոնե թող նրանք չայլանդակեն:

- Պաշտպանության նախարարն օրերս հայտարարեց, թե բանակում ծառայող պաշտոնյաների որդիներ կան, անգամ ասաց, որ կա հիվանդ զինծառայող, բայց չի զորացրվում, քանի որ հայրը պաշտոնյա է և թույլ չի տալիս: Հավատո՞ւմ եք:

- Այո´, հավատում եմ: Ես գիտեմ, որ կան պաշտոնյաներ, ովքեր իրենց երեխաներին ուղարկում են բանակ:

- Արդյոք չի՞ խորանում սոցիալական բևեռացումն այն դեպքում, երբ հարուստների որդիները խուսափում են ծառայությունից, իսկ առաջնագծում զոհվում են սոցիալապես անապահով ընտանիքների որդիները:

- Ի՞նչ արդարության մասին է խոսքը, երբ ամբողջ երկիրը կոռուպցիայի մեջ է թաղված: Իսկ կոռուպցիան անարդարություն է: Կոռուպցիա ամբողջ աշխարհում կա, այնպես չէ, որ միայն Հայաստանում է: Պարզապես, երբ երկիրն ավելի հարուստ է, և մարդիկ քիչ թե շատ ապահով են, այդ կոռուպցիան այդքան չի երևում: Իսկ այն երկրում, որտեղ ժողովուրդը սոված է, այդ կոռուպցիան շատ ավելի ցայտուն է երևում: Քանի միլիարդատեր կա ԱՄՆ-ում, այնպես չէ, որ նրանք մաքուր բիզնես են անում, մաքուր բիզնես գոյություն չունի: Իսկ Ռուսաստանը կոռուպցիայի մեջ թաղված չէ՞, ահավոր կոռուպցիա է: Դրա համար էլ Հայաստանը Ռուսաստանի պոչն է բռնել, որովհետև նույն մոդելն է, իրեն ձեռնտու է:

- Իսկ կոռուպցիան գնալով արմատանո՞ւմ է, թե՞ պայքարն արդյունք է տալիս:

- Անընդհատ նույնը կատարվում է, բայց իրենք շատ լուրջ դեմքով ասում են, թե իբր պայքարում են կոռուպցիայի դեմ: Ես ուզում եմ այստեղ մեջբերել Կոնֆուցիոսի խոսքը, որն իմ աշխարհայացքի հիմքն է.՝ ամոթ է աղքատ լինել հարուստ պետության մեջ և անբարոյական է հարուստ լինել աղքատ պետության մեջ:

- Բայց մեր իշխանությունները չե՞ն մտածում, որ իրենց արածն անբարոյականություն է:

- Մարդկության 90 տոկոսը չի մտածում, զոմբիացած վիճակում են, ի՞նչ պիտի մտածեն: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նորից ընտրվեց, որովհետև ժողովուրդն ընտրեց: Կաշառքը վերցնելով՝ նորից ընտրեցին: Ուրեմն, հետևությունը սա է՝ ամեն ազգ արժանի է իր նախագահին, ամեն նախագահ արժանի է իր ժողովրդին:

- Բայց արդյո՞ք ժողովուրդն ընտրեց, թե՞ կեղծեցին:

- Չէ´, ահագին տվել են, նրանք էլ վերցրել են: Ամենապատվախնդիր մարդուն էլ, եթե այդ պաշտոնին ընտրենք, աստիճանաբար փոխվելու է ու դառնա սատանա: Այ սա´ է պաշտոնի ազդեցությունը: Դրա համար էլ երբ տեսա, որ երկու երիտասարդներ Գյումրիի թատրոնում ի վիճակի էին ստանձնել տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի պաշտոնները, ես հանձնեցի, դուրս եկա, որովհետև պաշտոնը շատ զզվելի բան է:

- Իսկ ի՞նչ պետք է անել, որ երկրում իրավիճակ փոխվի, միշտ պետք է այսպես ճահճի մե՞ջ մնանք:

- Այո´, ելք չկա: Եթե որոշ մարդիկ դուրս գան շատ արդար պայքարի, հետո հաղթեն, իրենք էլ կդառնան շուն շանորդի: Դա է ապացուցում աշխարհի բոլոր հեղափոխությունների փորձը: Ելքը պետք է լինի մարդկանց ուղեղի ու մտածելակերպի փոփոխության մեջ: Ժողովուրդը պետք է կարողանա մտածել, վերլուծել, հասկանալ, որ եթե այդ 10 հազար դրամը վերցնի, կկարողանա դրանով ապրել մոտ 3 օր, բայց հետո նորից աղքատ է լինելու: Եթե նա դա չի գիտակցում, ոչինչ չի կարող փոխվել: Այնպես պետք է այդ գիտակցությունն արմատանա, ինչպես մոտավորապես Գերմանիայում է: Գերմանիան հանկարծ ընդունում է, որ Հոլոքոստն ինքն է արել, ներողություն է խնդրում դրա համար, պարտքերը տալիս է: Պետք է նման գիտակցում լինի:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am