ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Երևանի Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց»-ի տնօրենը, 2013 թվականի ապրիլ ամսից մինչ օրս զբաղեցնելով տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններ, շահադիտական դրդումներով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և 02.04.2013-ից մինչև 07.11.2013թթ., որպես լաբորանտ, ապա 19.01.2015-ից մինչև 30.12.2015թթ., որպես հոգեբան աշխատանքի է ընդունել նույն մարդուն, ով չի հաճախել աշխատանքի և չի կատարել իր պարտականությունները:
Սակայն, Երևանի Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց»-ի տնօրենը, բյուջեից զգալի չափի գույքը վատնման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, ստորագրել, ՊՈԱԿ-ի կնիքով հաստատել և աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկագրեր է ներկայացրել հաշվապահին, որոնց հիման վրա աշխատանքի չհաճախած անձի անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր 1.161.679 ՀՀ դրամ գումար աշխատավարձ՝ պետությանը պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում են Քննչական կոմիտեից: