44-օրյա պատերազմի սկսվելու պահին գործուղման էի, Հայաստան եմ վերադարձել սեպտեմբերի 28-ի առավոտյան․ Դավիթ Տոնոյան

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը պարզաբանել է, թե որտեղ է եղել պատերազմի սկսվելու պահին և ինչ եղանակով է տեղեկացել, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի բաց նիստում Դավիթ Տոնոյանը, ով հանձնաժողովի նիստին մասնակցելու համար խորհրդարան է տեղափոխվել կալանավայրից, նշեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին գործուղված է եղել Ռուսաստան՝ զորավարժությունների:

«Այնուհետև, սեպտեմբերի 25-ից մինչև 26-ի երեկոն նորից գործուղման շրջանակներում գտնվել եմ ՆԱՏՕ-ի անդամ երկրում՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով: Սեպտեմբերի 26-ի երեկոյից մինչեւ պատերազմի սկիզբը գտնվել եմ օդանավում, շարունակում էի իմ գործուղումը դեպի Կենտրոնական Ասիայի երկիր վայրէջքով, որտեղից պետք է վերցվեին այն մարդիկ, որոնք բանակցություններին էին մասնակցելու, որոնք ՀԱՊԿ անդամ երկիր գործուղման շրջանակներում բանակցությունների պետք է մասնակցեին սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումների հետ կապված հարցերով: Վայրէջքի պահին՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ հնարավոր եղավ հեռախոսները միացնել, անմիջապես գլխավոր շտաբի պետից տեղեկացվել եմ պատերազմի սկսվելու մասին: Ունեցել եմ խոսակցություն Հայաստանի վարչապետի հետ: Հաշվի առնելով թռիչքային բարդությունները՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, 3 ժամվա ընթացքում հնարավորություն ստեղծվեց ինքնաթիռ հայթայթել, որ կարողանամ հետ վերադառնալ Հայաստան: Վերադարձել եմ Վրաստանով, Վրաստանում վայրէջք եմ կատարել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Տոնոյանը:

Նա հավելեց, որ սեպտեմբերի 28-ի առավոտյան ժամը 04։00-ին եղել է Երեւանում, որից որոշ ժամանակ հետո թույլտվություն է ստացել Հայաստանի վարչապետից եւ մեկնել է մարտական գործողությունների իրականացման վայր: