«Ռուսաստանը կատարելով իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ՝ անմիջական հակասության մեջ կմտնի Թուրքիայի հետ». Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, մեկ ամսից ավելի է արդեն, ինչ Արցախը շրջափակման մեջ է, Ադրբեջանն այսօր էլ կրկին դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ի՞նչ զարգացում կարող ենք սպասել։

– Որպեսզի կարողանանք հասկանալ ու ասել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, մենք նախևառաջ պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում այսօր Լաչինում և ընդհանրապես Արցախում, իսկ մենք, ցավոք սրտի, դա չենք հասկանում։

Չեմ կարող հստակ ասել, թե ինչ է կատարվում իրականում Արցախում, բայց կարող եմ ասել, որ այն, ինչ կատարվում է, շատ տարօրինակ է։ Ռուբեն Վարդանյանի շուրջը ստեղծված իրավիճակը, արցախյան ներիշխանական համակարգում այդ խոսակցությունները, որ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, որ նոր կառավարություն պետք է լինի, Ռուբեն Վարդանյանի հրաժարականը, որն անոնսավորվեց։

Ես կարծում եմ, որ դա ուղիղ ու անմիջական կապ ունի Լաչինի միջանցքում կատարվող իրադրության հետ ու ընդհանուր քաղաքական սակարկման, քաղաքական տեխնոլոգիաների մաս է։

Նորից եմ ասում, որպեսզի հստակ հասկանանք, թե ինչ է կատարվում Արցախում, մենք պետք է լինենք Արցախում, որովհետև այն սահմանափակ ինֆորմացիան, որ գալիս է այնտեղից, թույլ չի տալիս միանշանակ ասել, թե ինչ է կատարվում։

Մենք ունենք ընդամենը շատ լուրջ կասկածներ ու կարող ենք փաստել, որ այդ բոլոր իրադարձությունները կապ ունեն Լաչինի փակման հետ։ Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությունը, որ իրականում Արցախ բեռներ են մտնում, որևէ աղերս չունի քաղաքական տրամաբանության հետ ու շատ կասկածելի է, որովհետև ինչո՛ւ պետք է Արցախի պետնախարարն այդպիսի հայտարարություն անի այն դեպքում, երբ Հայաստանն ամբողջ աշխարհով գոռում է, որ Լաչինի միջանցքը փակ է, ու որ այնտեղ հասունանում է հումանիտար աղետ։

Պետք է շատ լուրջ քննություն արվի, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, հետևաբար այսօր խոսել ժամկետների մասին, թե երբ է բացվելու Լաչինի միջանցքը, ես չեմ կարող, դրա համար ուղղակի հիմքեր չունեմ։

– Այսինքն՝ եթե ձեր ասած այդ քաղաքական սակարկումները իրականություն դառնան, Լաչինի միջանցքը կբացվի, որովհետև կարծիքներ են հնչում, որ եթե Ռուբեն Վարդանյանը հրաժարական ներկայացնի, միջանցքը կբացվի։

– Չեմ կարծում, որ եթե դա լինի՝ միջանցքը կբացվի, միակ պատճառը դա չէ, այստեղ ամեն ինչ ավելի խորքային է։ Մենք պետք է նաև հիշենք Ադրբեջանի շահերի մասին, իսկ Ադրբեջանի թիվ մեկ շահը, նորից եմ կրկնում, Սյունիքի տարածքով «միջանցքն է» ու զուգահեռների անցկացումը Լաչինի ու Սյունիքի միջանցքների միջև, խոսքը միջանցքի կարգավիճակի մասին է։

Իրականում, Լաչինի խնդիրն այսպես ասած բազմահարկանի է, դա և՛ միջանցքն է, և՛ Կաշենի հանքն է, որն Ադրբեջանն ուզում է վերցնել իր ենթակայության տակ, և՛ Արցախում ներքին իրավիճակն է։

Որքան հասկանում եմ, Ռուբեն Վարդանյանն այսօր Ռուսաստանի կողմից օգտագործվում է որպես քաղաքական «հաղթաթուղթ», որպեսզի իրավիճակը ինչ-որ կերպ ներսից ղեկավարի այնպես, ինչպես ցանկանում են տեսնել Մոսկվայում: Պարզ է, որ Ադրբեջանն այդ սցենարով շահագրգռված չէ, ու, փաստորեն, Մոսկվան փորձում է այնպես անել, որ Բաքվի հետ բանակցությունները Ռուբեն Վարդանյանը վարի, ինչին Բաքուն ակնհայտ ընդդիմանում է։ Այնպես որ, այս քաղաքական հավասարման մակարդակները շատ բարձր են, ու ես նորից եմ ասում, որ չունեմ ամբողջական ինֆորմացիա, որպեսզի կարողանամ հստակ ասել, թե ինչ է կատարվում Արցախում, ու ինչ զարգացումներ կարելի է սպասել։

– Պարո՛ն Ստեփանյան, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Էստոնիայում, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է, որ Հայաստանը Ռուսաստանից ակնկալում էր և՛ ռազմական օգնություն, և՛ Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական, բայց ոչ մեկն էլ չստացավ։ Նախագահի այս հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում։

– Ընդհանուր առմամբ, նախագահը որևէ նոր բան չի ասել, իրականության հետ աղերս չունեցող բան չի ասել, ինչ ասել է, այն էլ կա։ Չեմ կարծում, որ այդ հայտարարությունները կարող են ինչ-որ կերպ խանգարել Հայաստանին, որովհետև դրա մասին միայն շատ ալարկոտ մարդիկ չեն խոսում այսօր Հայաստանում ու նույնիսկ Ռուսաստանում, մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ ու մի փոքր խղճի մնացորդներ ունեն, իրենք էլ են խոսում այդ մասին։

Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները, ակնհայտ է նաև, որ դրա մասին պետք է միշտ խոսվի ու բարձրաձայնվի, ուղղակի ես միշտ այլ մոտեցման ջատագով եմ եղել։

Ես կարծում եմ, որ պետք է խոսել, բայց դրա հետ մեկտեղ պետք է նաև գործել, քանի որ միայն խոսակցություններով ստիպել Ռուսաստանին, որ նա կատարի իր դաշնակցային պարտավորությունները հնարավոր չէ, որովհետև այս աշխարհաքաղաքական իրավիճակում և, իհարկե, 44-օրյա պատերազմից հետո անհնար է իրական քաղաքականության մեջ, որ Ռուսաստանը դա կատարի, որովհետև Ռուսաստանն այսօր ահավոր մեծ կախվածություն ունի առաջին հերթին Թուրքիայից: Մենք պետք է հաշվի առնենք, որ, կատարելով իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, Ռուսաստանն անմիջական հակասության մեջ կմտնի Թուրքիայի հետ, դրա համար էլ չի անում այն, ինչ պարտավորված է անել։

– Իսկ ինչո՞ւ ՀՀ իշխանությունը գործնական քայլերի չի դիմում։

– Որովհետև չկա համապատասխան քաղաքական կամք։ Մինչ օրս տեսել եմ միայն մեկ քաղաքական կամքի դրսևորում, որը Կառավարության որոշումն էր՝ չմասնակցել ու թույլ չտալ ՀԱՊԿ զորավարժությունների անցկացում Հայաստանում։

Կարծում եմ՝ սա ճիշտ քայլ էր, բայց միայն այդ քայլով չպետք է սահմանափակվենք, որովհետև այդ կերպ շարունակելու ենք մնալ անվտանգային անվտանգային վակուումում: Այսօր որևէ ռազմաքաղաքական դաշինք, որևէ երկիր Հայաստանի անվտանգության երաշխավոր չի հանդիսանում, հանդիսանում է միայն դե յուրե, դե ֆակտո մենք գտնվում ենք անվտանգային վակուումում։

– Եթե գործող իշխանությունը շարունակում է հետայսու ևս գործել այնպես, ինչպես գործում է, չունենք անվտանգության երաշխավոր պետություն, ինչպես ասում եք, այդ դեպքում ի՞նչ է սպասում շրջափակված Արցախին ու Հայաստանին։

– Դժվար հարց եք տալիս, եթե մենք շարունակենք դոփել տեղում, որևէ լավ բան չի սպասելու ո՛չ Արցախին, ո՛չ Հայաստանին։ Անհրաժեշտ են գործողություններ, որոնք մեր փոխարեն ոչ ոք չի անելու։ Հասկանում եմ, որ մեր Կառավարության այսօրվա քաղաքականությունը սպասելն է․ սպասել այնքան, երբ՝ մաքսիմում Ռուսաստանը կքանդվի, ու մենք ինքնաբերաբար դուրս կգանք այս չգործող համակարգից:

Այստեղ պետք է զուգահեռներ տանենք 1991 թվականի ԽՍՀՄ կազմաքանդման հետ։ Ես կարծում եմ, որ այդ մաքսիմումը չի իրականանա․ Ռուսաստանը չի քանդվի ոչ թե այն պատճառով, որ ունի հզորության ու ամրության մեծ պաշար, այլ այն պարզ պատճառով, որ ոչ մեկին Արևմուտքում, որը Պուտինը փորձում է ներկայացնել որպես Ռուսաստանի ռազմավարական թշնամի, դա այսօր պետք չէ: Նրանց պետք չէ, որ Ռուսաստանը քանդվի, որովհետև քանդվելուց հետո նա այնքան մեծ խնդիրներ կստանա, որ Պուտինի այսօրվա վարչակարգը այդ խնդիրների դիմաց խաղալիք է։

Հետևաբար սպասելը մեր կողմից սխալ է, վերջիվերջո, երբ 1991-ին ԽՍՀՄ-ը փլուզվեց, մենք ստացանք անկախություն գեղեցիկ սկուտեղով, բայց դրա հետ մեկտեղ ստացանք ղարաբաղյան հակամարտություն, որն արհեստականորեն դրվեց մեր տակ իբրև ական: Ըստ իս՝ այդ ականը մի քանի անգամ պայթել է այս տարիների ընթացքում, ու մենք տեսանք, որ վերջին պայթյունը մեր անկախությանը այնպիսի հարված հասցրեց, որ մենք հիմա գտնվում ենք կրիտիկական մակարդակում։

– Ոմանք զուգահեռներ անցկացնելով 90-ականների հետ՝ նշում են, որ հիմա էլ միակ ելքը մնացել է ազգային-ազատագրական պայքարը ու պետք է կրկնել դա։ Այս մասով ձեր դիրքորոշումը ո՞րն է, արդյոք այդ սցենարն այսօրվա իրավիճակում գործուն կարո՞ղ է լինել։

– Ազգային համախմբման մասով զուգահեռներ տանել 92 թվականի հետ, այո՛, հնարավոր տարբերակ է ու հնարավոր է իրագործել։ Պետք է հասկանանք, որ 92-ին մենք ավելի վատ վիճակում էինք, սակայն դրա համար պետք են նախադրյալներ․ առաջին հերթին անհրաժեշտ է ազգային միասնություն, որն այսօր չկա: Այսօր պետք է կուսակցական դաշտը միաբևեռ լինի, որովհետև 92-ին մեզ դա հաջողվեց, քանի որ Արցախի Գերագույն խորհուրդը, որը գտնվում էր կրիտիկական վիճակում, ու, ընդհանուր առմամբ, Արցախում չկար իշխանություն այդ ժամանակ, կայացրեց որոշում, ու ամբողջ իշխանությունը տրվեց Սամվել Բաբայանին՝ մեծ հաշվով դիկտատուրայի կարգավիճակով: Սամվել Բաբայանը կարողացավ հավաքել փախչող ջոկատները, մարդկանց կոնսոլիդացնել՝ տարբեր կոպիտ միջոցներով, որոնք այդ ժամանակ միանշանակ արդարացված էին, ու մենք ստացանք այն, ինչ ստացանք։

Իհարկե դրան նպաստող բազմաթիվ այլ հանգամանքներ ևս կային, նաև աշխարհաքաղաքական հանգամանքն էր նպաստող, բայց, այնուամենայնիվ, դա շատ կարևոր գործոն էր, հիմա այդ գործոնը, ցավոք սրտի, չկա։ Այսինքն՝ տեսականորեն, այո՛, դա կարող է աշխատել, բայց պրակտիկորեն դրա համար անհրաժեշտ նախադրյալներ չկան այսօր Հայաստանում ու Արցախում, որոնց մասին ես խոսեցի։

– Իսկ աշխարհաքաղաքական իրավիճակն այսօր այդ առումով նպաստավո՞ր է, պարո՛ն Ստեփանյան։

– Ցավոք սրտի՝ ո՛չ։ Տեսեք՝ մեր հաղթանակներն Արցախում, որոնց հենքը միանշանակ մեր զինվորի բազուկն էր, տեղի ունեցան այն ժամանակ, երբ Ադրբեջանում իշխանության եկավ Աբուլֆազ Էլչիբեյը, որը մեծ հաշվով թուրք էր ու քաղաքական վեկտորը միանշանակ փոխեց: Եթե նրան նախորդած Մութալիբովն այսպես ասած Մոսկվայի մարդն էր, ապա Էլչիբեյը Անկարայի մարդն էր, ու նա միանշանակ սկսեց Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել։ Այդ իրավիճակում Ռուսաստանը չուներ այլ ելք, քան պաշտպանել Հայաստանին, օգնել Արցախին, ու մենք տեսանք այն, ինչ տեսանք։

Սա շատ կարևոր է նշել, հիմա այսօր այդպիսի իրավիճակ չկա․ Ալիևը խաղում է տարբեր ճակատներում, ու Ռուսաստանը չունի որևէ հիմք, որպեսզի պաշտպանի Արցախին ու Հայաստանին, իսկ այլ խաղացողներ տարածաշրջանում չկան։ Հետևաբար չկա օբյեկտիվ այն երկու՝ ներքին ու արտաքին հիմքը, որը թույլ կտա այսօր կրկնել 92-ի սցենարը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am