«Նաիրիտ» գործարանի հարակից տարածքներում իրականացված օդի աղտոտվածության նմուշառումների արդյունքները

28-08-2017
10759 դիտում
«Նաիրիտ» գործարանի հարակից տարածքներում իրականացված օդի աղտոտվածության նմուշառումների արդյունքները

ՀՀ Բնապահպանության եւ Առողջապահության նախարարությունների համատեղ հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։ 

ՀՀ Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2017թ. օգոստոսի 28-ին ժամը 14:30-15:00–ի սահմաններում «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքներում իրականացվել են մթնոլորտային օդի աղտոտվածության նմուշառումներ:

Մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի և ազոտի երկօքսիդի պարունակությունները դիտվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների / ՍԹԿ/ տիրույթներում, ծծմբի երկօքսիդը գերազանցել է ՍԹԿ-ն 1,6 , ընդհանուր փոշին՝ 3,6 անգամ:Տարածքի մերձակայքում տեղադրված 6 պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 5 դիտակետում գերազանցել է ՍԹԿ-ն 1,1-4,8 անգամ:

Բոլոր 6 դիտակետերում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 2,1-6,0 անգամ:

ՀՀ կառավարության 2008 թ. հոկտեմբերի 16-ի N1186 որոշման համաձայն վտանգավոր է համարվում մթնոլորտի աղտոտվածության այն մակարդակը, որի դեպքում ՍԹԿ-ն երկու օրից ավելի գերազանցում է 20-29 անգամ, 8 ժամից ավելի՝ 30-49 անգամ կամ 2 ժամից պակաս՝ 50 անգամ և ավելի, այսինքն, արձանագրված կոնցենտրացիաները բազմակի անգամ ավելի ցածր են, քան վտանգավորության նվազագույն շեմը:Հետևաբար, արձանագրված գերազանցումները մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում: 

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհից որևէ քաղաքացի մարմնական վնասվածք չի ստացել։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարված հրշեջներն անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։

Առողջապահության Նախարարությունը խորհուրդ է տալիս հրդեհի հարակից տարածքների բնակիչներին, որտեղ զգացվում են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ), փակել բնակարանների դռները և պատուհանները։

Առավել խոցելի են երեխաները, հղի կանայք, ծերերը և շնչառական հիվանդություններ (մասնավորապես` ասթմա, բրոնխիտ, սիրտթոքային անբավարարություն) ունեցողները։

Նշյալ հիվանդություններով տառապող անձանց խորհուրդ է տրվում բաց չթողնել իրենց առօրյա դեղորայքի ընդունումը, խստագույնս հետևել բժշկի նշանակումներին, իսկ հիվանդության սրացման ախտանիշների դեպքում՝ անհապաղ դիմել բժշկի: Դիտարկումները շարունակվում են և դրանց վերաբերյալ պարբերաբար կներկայացվի տեղեկատվություն:

ՀՀ Բնապահպանության նախարարություն,

ՀՀ Առողջապահության նախարարություն