Առանց ընդդիմության թեկնածուի. Բեգլարյանի շուրջ խոսակցություննեը շարունակվում են, մինչ Երեւանը պատրաստվում է նոր ընտրությունների

Հեղինակ MediaLab

Մինչ խոսակցություները արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի եւ աղմկահարույց պատմության շուրջ շարունակում են քննարկումների թեմա մնալ, ընդամենը մի քանի օր անց`դեկտեմբերի 13-ին, արդեն իսկ կգումարվի Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում, ավագանու անդամները կընտրեն Երեւանի նոր քաղաքապետին:
Ընդդիմությունն չի մասնակցի ավագանու նիստին եւ հետեւաբար, թեկնածու չի առաջադրի:
2009 թվականի մայիսի 31-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով, Երեւանու ավագանու կազմում  ՀԱԿ-ը 14 տեղ ստացել: Ընդդիմադիրները, սակայն, հաջորդ օրն իսկ  վայր են դրել իրենց մանդատները, եւ առայսօր չեն մասնակցել ավագանու նիստերին:
«Մեդիալաբի» հարցին ի պատասխան, թե արդյո՞ք հնարավոր է, որ ընդդիմությունըն մասնակցի ավագանու նիստին եւ թեկնածու առաջադրի,  ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ասաց.

«Մենք ներկայացված չենք Երեւանի ավագանու կազմում, քանի որ Երեւանի ավագանու կեղծված ընտրությունների պատճառով մենք վայր ենք դրել մեր մանդատները»:

Պաշտոնական տվյալների համաձայն, անցյալ տարի` մայիսին կայացած ընտրություններում, իշխանական ՀՀԿ-ն, որը պաշտպանում էր Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը, հավաքել է ձայների ավելի քան 46, ԲՀԿ-ն մոտ 22, իսկ ընդդիմադիր ՀԱԿ-ը` 17 տոկոսը:

Մինչ նոր քաղաքապետի ընտրությունները, օրենքով սահմանված կարգով, Երեւանի քաղաքապետի պարտականությունները կատարում է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով էլ հենց ստորագրել է արտահերթ նիստ հրավիրելու հրամանագիրը:

Համաձայն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

Ըստ նույն օրենքի, արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

Երեւանի ավագանին ներկայում բաղկացած է երկու խմբակցություններից. իշխող Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների խմբակցությունները:

Հանրապետականն ավագանում ունի 35 ավագանու անդամ, «Բարգավաճ Հայաստանը»`17:  Այսինքն, մանդատների ներկայիս դասավորության պարագայում Հանրապետական խմբակցությունը հանգիստ կարող է քաղաքապետ ընտրել իր նախընտրած թեկնածուին:

Չնայած իշխանական ՀՀԿ-ն դեռեւս պաշտոնապես չի հայտարարել քաղաքապետի ընտրություններում իր նախընտրած թեկնածուի անունը, սակայն վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդուն` Տարոն Մարգարյանին էլ շատերը համարում են  քաղաքապետի աթոռի իշխանության ամենահավանական թեկնածուն:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am