«Հայաստանը թույլ երկիր է, որ ամեն ինչով կախված է Մոսկվայից, էնտեղ հազում, փռշտում են, էստեղ սովից մեռնում են». Լևոն Շիրինյան

05-09-2017
5624 դիտում
«Հայաստանը թույլ երկիր է, որ ամեն ինչով կախված է Մոսկվայից, էնտեղ հազում, փռշտում են, էստեղ սովից մեռնում են». Լևոն Շիրինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

- Պարո՛ն Շիրինյան, Հայաստանը վերջին պահին հրաժարվեց ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին մասնակցելուց։ Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը պարզաբանել էր, որ մասնակցության պաշտոնապես համաձայնություն չէին տվել, մինչդեռ Վրաստանի ՊՆ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գիորգի Կաչարավան նշել է, որ ՀՀ ՊՆ-ն ի սկզբանե հայտարարել էր, որ մասնակցելու է զորավարժություններին։ Վրացի և հայ փորձագետները նշում են, որ Ռուսաստանը վերջին պահին ճնշում է գործադրել Հայաստանի այս որոշման վրա։ Համամի՞տ եք։

- Այստեղ կա՛մ երկու համարժեք ճիշտ կա, կա՛մ երկու համարժեք սուտ։ Վրաստանը հայտարարում է, թե ՊՆ-ն հաստատել է մասնակցելու հայտը, մեր կողմն ասում է` չենք  հաստատել։ Եվ եթե եղել է պայմանավորվածություն, մերոնք պարտավոր էին գնալ` ինչ պայման ուզում է լիներ։ Բացի այդ, եթե ռուսական ճնշում է եղել, ի՞նչ է ստացել հայկական կողմը... եթե 4-5 «Իսկանդեր» է ստացել, լավ է արել, որ չի գնացել։ Նկատե՞լ եք, որ կարծես թե հարցը ոչ թե գնալ-չգնալն է, այլ այն, որ եղել են ճնշումներ ռուսական կողմից։ Մանավանդ երիտասարդ և միջին սերունդը շահագրգիռ է, որ մենք նորմալ հարաբերություններ ունենանք նաև Արևմուտքի հետ։ Եվ սա բնական է, մեր մշակույթը արևմտյան է։ Այստեղ մեկ հարց կա. ռուսական ճնշումների դեմ ի՞նչ է առաջարկում Արևմուտքը։

Մեկ բան պարզ է. եթե խոստացել էին, հայտարարել, որ պետք է մասնակցեն, ուրեմն պետք է միանշանակ մասնակցեին, քանի որ սա Հայաստանի արժանապատվության, ինքնիշխանության, պետականություն ունենալու կամքը պետք է լիներ։ Մեկ այլ բան կա, որ մենք տարիներով լուրերը ստանում ենք Բաքվից, Թբիլիսիից, Վաշինգտոնից կամ Մոսկվայից։ Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները կանխավ հայտարարություններ չեն անում, սա թերացում է:

Այստեղ նաև ինտրիգ կա. վրացիներն ուզում են կրկնել 1918-20 թթ. վիճակը, երբ Անդրկովկասի կենտրոնը Թբիլիսին է, նախաձեռնությունն իրենք վերցնում են իրենց ձեռքը։ Եվ սա Վրաստանի քաղաքական դասի հաջողությունը, հասունությունը և տաղանդն է։

- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դարձյալ մեկ գիշերում այս որոշումը կայացվեց,  հնարավո՞ր է՝ նոյեմբերին Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը չստորագրվի, կրկին Ռուսաստանը խոչընդոտի։

- Ճիշտն ասած, դժվարանում եմ ասել, քանի որ սա այն պայմանագիրը չէ, որ Ռուսաստանը թույլ տա կամ չտա, բայց մենք պետք է սովորենք աշխատել թույլ չտվածով, իսկ դրա համար դիվանագիտական ծառայության հենակետեր պետք է ստեղծել նաև արևմտյան երկրներում։ Այլապես Ռուսաստանի ճո՞րտն ենք, ի՞նչ ենք, իրենք ո՞վ են։ Ռուսաստանը պետք է հասկանա, որ թեև այսօր Հայաստանի գործընկերն է, բայց ինքն է Հայաստանը տրոհել, մասնատել թուրքի հետ։ Ռուսաստանը այդուհանդերձ պահպանում է 1920 թվականի մարտի 16-ի ստատուս քվոն։ Եթե այդպես է, նշանակում է` նա մեր դաշնակիցը չէ, Ադրբեջանի դաշնակիցն է։ Խնդիրն այն է, որ մեր քաղաքական դասակարգը գիշեր-ցերեկ պետականաշինությամբ պետք է զբաղվեր, բայց այս մարդիկ, ինչպես տեսնում ենք, խաշ-խորովածի մեջ են: Սա խայտառակություն է: Եվ այստեղ միայն Ռուսաստանին պետք չէ մեղադրել:

- Նախորդ անգամ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին  Սերժ Սարգսյանն անձամբ մասնակցեց, որից հետո ռուսական փորձագիտական հանրույթը քննադատեց այդ փաստը, ընդհուպ ռուս վերլուծաբան Կոլերովը հայտարարեց, որ եթե այդպես է, գնացեք, թող Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտեցումը ձեզ համար ՆԱՏՕ-ն ապահովի: Հնարավո՞ր է՝ այս անգամ արդեն հստակ ճնշումներ են եղել:

 - Կոլերովին պետք է ասվի՝ իսկ մենք ուզո՞ւմ ենք հաշտվել: Այդ քոսոտներն էլ մեզ վրա են աշխատում: Այդ ողորմելիները՝ 10-15 հոգի, գիշեր-ցերեկ եթերում են: Օրինակ՝ կեղծ նախադրյալներ են տալիս, հետո այդ կեղծ նախադրյալների վրա դատողություններ կառուցում, դրանցից կեղծ հետևություններ անում որպես «ճշմարտություններ»: Իսկ մեզ պե՞տք է հաշտվել: Դա իրենց է պետք, որ իրենք ստատուս քվոյի քաղաքականություն վարեն Անդրկովկասում, նրանց զենքը տան և մեզ ասեն` դաշնակից ենք, բայց իրականության մեջ ավելի շատ դաշնակից են նրանց, քան մեզ: Այստեղ մի բան պետք է կարևորենք. կա՛մ մեր քաղաքական դասը պետք է հասուն լինի, կա՛մ հրաժարական տա: Իրենք չեն անում, գցում են սրա-նրա վրա:

- Պարո՛ն Շիրինյան, ի՞նչ է սպասում մեզ արտաքին քաղաքական կուրսում: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել:

- Մենք չորրորդ հանրապետություն պետք է հռչակենք, այլ ճանապարհ չունենք: Հայաստանը թույլ երկիր է, որ ամեն ինչով կախված է Մոսկվայից, էնտեղ հազում, փռշտում են, էստեղ սովից մեռնում են:  25 տարի է` նույն վիճակն է, ուրիշ ճանապարհ չկա՞ այլընտրանք գտնելու, հարավ դուրս գալու: 25 տարի գիշեր-ցերեկ մենք այլընտրանք պետք է ստեղծեինք:  Պետք է պետականաշինության հարցը դնել սեփական ուսերին և այդ հարցը գլուխ բերել: Այդ դեպքում հաջողությունն ինքը կգա: Բազմիցս ասել եմ, որ քաղաքական լեգիտիմությունը քաղաքական կյանքի բաղադրիչն է: Կլինի՞ իշխանության ժամանակ լեգիտիմության բացթողում, օտարը կկառավարի: Սա քաղաքագիտական օրենք է: Կա՛մ պետք է ապրենք քաղաքագիտության և արվեստի

օրինաչափություններով, կա՛մ էլ այսպես կշարունակվի: Լավ կլիներ մի գեներալ դը Գոլ ճարեինք, գար հռչակեր չորրորդ հանրապետություն: Մենք պետք է այլընտրանքներ ներկայացնենք, որ իրենք տեսնեն, որ իրենք գաճաճ են կամ գաճաճ էլ չեն, ընդհանրապես չկան: Չորս-հինգ դինաստիա ենք ստեղծել Հայաստանից դուրս, բայց այսօր մի Իվան փռշտաց` կհիվանդանանք: Միշտ ասել եմ՝ պատասխանե՛ք` քանի՞ հոգով են թուրքերը եկել Անատոլիա, եկան բոլորին մորթեցին, տեղերը նստեցին, իսկ մենք գիշեր-ցերեկ խաղաղության կենացը խմեցինք ու մորթվեցինք:

Մանե Հարությունյան

MediaLab.am