«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը և Հայաստանի ամերիկյան համալսարանը կհամագործակցեն հանուն կրթական հնարավորությունների ընդլայնման

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) միջև կնքվեց ուսումնական գործընթացի կազմակերպման մասին համաձայնագիր, ըստ որի, հիմնադրամի աշխատակիցներին հնարավորություն է ընձեռվում  ուսանել ՀԱՀ-ի մագիստրոսական կրթական ծրագրերում՝ տրամադրելով կրթաթոշակ ուսումնառության հետ կապված ծախսերը հոգալու համար։ 

Այդ մասին ասվում է հաղորդագության մեջ։

««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և առհասարակ մեր երկրի կարևորագույն ռեսուրսը մարդիկ են, և մենք  մեր պարտքն ենք համարում հնարավորությունների սահմանում ներդրում կատարել կարողությունների զարգացման մեջ՝ մասնագիտական և անձնային աճի նոր հնարավորություններ ընձեռնելով մեր  քաղաքականության շրջանակում։ Լինելով կրթական հիմնադրամ՝ մենք կրկնակի ենք արժևորում կրթության և կրթության շարունակականության դերը՝ քաջ գիտակցելով, որ կրթությունն առանցքային գործիքն է՝ բացահայտելու յուրաքանչյուրիս անհուն ներուժը»,- ասաց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։ 

Իր գործունեության շուրջ տասը տարիների ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրում է մասնագետների, վերապատրաստում,  անհրաժեշտության դեպքում նրանց ապահովում մանկավարժական կրթությամբ։ Այդ մասնագետները երկամյա ժամկետով գործուղվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համայնքներ, որտեղ, ուսուցիչների պակասի պատճառով, երեխաները զրկված են հավասար կրթական հնարավորություններից: Բացի այդ, հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրում հարյուրավոր երիտասարդների, ովքեր ցանկանում են իրենց հետագա գործունեությունը կազմակերպել հենց դասավանդման ոլորտում՝ համագործակցելով պրոֆեսիոնալ մանկավարժական որակավորում տրամադրող բուհերի հետ։

Լինելով Հայաստանի առաջատար բուհերից մեկը` ՀԱՀ-ը մեծ ուրախութամբ միացավ նախաձեռնությանը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշխատակիցներին առաջարկելով ուսանել իրենց տասը մագիստրոսական կրթական ծրագրերից յուրաքանչյուրում՝ գործարարությունից և տնտեսագիտությունից մինչև հումանիտար և հասարակական գիտություններ, առողջապահական գիտություններից մինչև բնագիտություն և ճարտարագիտություն։ 

«Մենք ուրախ ենք այս նախաձեռնության շրջանակներում համագործակցել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ»,- ասում է ՀԱՀ նախագահ, դոկտոր  Կարին Մարկիդեսը։ «Տալով իր աշխատակիցներին հնարավորություն շարունակելու իրենց բարձրագույն կրթությունը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ողջունելի քայլ է անում»։

Ավելացնենք նաև, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) համատեղ ջանքերով 2022 թվականիսեպտեմբերից ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում ընդունեություն կսկսվի նաև «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագրով՝ նպատակ ունենալով մասնագետներին փոխանցել մանկավարժության ոլորտում առկա ժամանակակից և նորարարական մոտեցումներն, ինչպես նաև  բարձրացնել մանկավարժի մասնագիտության գրավչությունն երիտասարդների շրջանում։