«Տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն». Պռոշյանի գյուղապետի աղմկահարույց մահվան շուրջ

«Տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն». Պռոշյանի գյուղապետի աղմկահարույց մահվան շուրջ
«Տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն». Պռոշյանի գյուղապետի աղմկահարույց մահվան շուրջ

Մինչ շարունակվում են Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի աղմկահարույց սպանության շուրջ քննարկումներն ու տարաբնույթ կանխավարկածների խոսակցությունները, քիչ առաջ հայտարարությամբ հանդես է եկել ՀՅԴ Գերագույն մարմինը:
Մուրադյանը սպանվել է այսօր: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, 1963 թվականի ծնված գյուղապետ Հրաչ Մուրադյանի դիակը հայտանաբերվել է այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի դիմաց»: Ոստիկանության հաղորդագրության համաձայն, Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակած հրազենային կրակոցից:

Տեղի ունեցածը ՀՅԴ Գերագույն մարմինը որակել է որպես «կանխամտածված ու ծրագրված սպանություն»:

«Այսօր` ապրիլի 2-ի առավոտյան, աշխատավայրի դիմաց ահաբեկչության զոհ է դարձել Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը: Տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն: Ակնհայտ է նաև, որ, անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է:

Հրաչ Մուրադյանը հավատավոր դաշնակցական էր, Արցախյան ազատամարտի առաջին օրերից մինչև ավարտը, մարտական փառահեղ ուղի էր անցել։ Պարգևատրվել էր Արցախի «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի և հայրենիքի պաշտպանության համար բազմաթիվ մեդալներով: 2005-ից երեք անգամ անընդմեջ ընտրվելով գյուղապետ` նա դրսևորել էր իրեն որպես օրինակելի ղեկավար, իրականացրել էր տարբեր ծրագրեր, նպաստել պռոշյանցիների բազմաթիվ խնդիրների լուծմանը:

Իր տեսակով ու նկարագրով լինելով պայքարող, ինքնուրույն և ժողովրդի շահերով առաջնորդվող անհատականոթյուն` Հրաչ Մուրադյանը վայելում էր համագյուղացիների սերն ու համակրանքը։ Դա հարուցում էր ոմանց ակնհայտ դժգոհությունը: Ղեկավարման տարիներին նրա շուրջ մշտապես փորձ է արվել լարվածություն ստեղծել: Բազմիցս դրսևորված սպառնալիքներն ու ահաբեկումները, ի վերջո, հասցրեցին այս վախճանին:

Ցավով արձանագրում ենք, որ մեր երկրում երաշխավորված չէ քաղաքացու անվտանգությունը, հանցավոր գործելակերպը մեր կյանքի անբաժանելի մաս է կազմում։ Հրաչ Մուրադյանի կյանքը խլած դավադիր գնդակը ուղղված էր ոչ միայն ազնվագույն հայի և համայնքի սրտացավ ղեկավարի, այլև հայոց պետականության և նրա վարկի դեմ: Դատապարտելով կատարված ոճրագործությունը ՀՅ Դաշնակցությունը պահանջում է հանցագործության արագ և լիարժեք բացահայտում` կատարողների և կազմակերպիչների նկատմամբ խստագույն պատժի կիրառում»,-նշված է ՀՅԴ Գերագույն մարմնի տարածած հաղորդագրության մեջ:

Պռոշյանի գյուղապետի սպանությանն է անդրադարձել նաեւ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը Սեֆիլյանի մարտական ընկերն էր:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մարտական ընկերոջս՝ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մերձավորներին, հարազատներին ու ընկերներին: Հրաչն ազնիվ ու սկզբունքային մարդ էր և չէր հաշտվում անարդարության ու ապօրինության հետ: Նա անցավ Արցախյան ազատամարտի թոհ ու բոհով, սակայն սպանվեց հայրենի գյուղում՝ զոհ դառնալով երկրում տիրապետող հանցավոր բարքերին, որոնց համար մարդու կյանքը ոչ մի արժեք չունի»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Ժիրայր Սեֆիլյանը:

Դեպքի կապակցությամբ, ինչպես հաղորդում են պաշտոնական աղբյուրները քրեական գործ է հարուցվել:

Լուսանկարում`  Հրաչ Մուրադյանը -Աղբյուրը` yerkirmedia.am

© Medialab.am