«Մենք չպետք է խուսափենք որևէ լեզվից՝ մեր թշնամու լեզվից սկսած». Վահրամ Բաղդասարյան

20-09-2017
3828 դիտում
«Մենք չպետք է խուսափենք որևէ լեզվից՝ մեր թշնամու լեզվից սկսած». Վահրամ Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

- Պարո´ն Բաղդասարյան, ի՞նչ միտում է նկատվում ռուսաց լեզուն Հայաստանում խորացնելու առումով, հիմա էլ ռուսաց լեզվի հայեցակարգն են փոխում։ Ձեր կարծիքով՝ սա Ռուսաստանի ճնշումների հետևա՞նք է, թե՞ Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունը։

- Մենք ընդհանրապես շահագրգռված ենք, որ տարբեր լեզուների իմացությունը Հայաստանում զարգանա։ Դա չի վերաբերում որևէ լեզվի պաշտոնական կարգավիճակ տալուն։ Ռուսերենը միշտ էլ Հայաստանում դասավանդվել է 1-ին դասարանից, և այդ ուսումնասիրությունները պետք է գնան։ Նախկինում մի խոսք կար՝ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Մենք չպետք է խուսափենք որևէ լեզվից՝ մեր թշնամու լեզվից սկսած։ Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն` բոլոր լեզուները պետք է ուսումնասիրել։ Մենք նաև դպրոցներից մեկում ասորերեն ենք ուսումնասիրում։ Դա շատ նորմալ երևույթ եմ համարում։ Հիմք ընդունելով մեր պետական լեզուն, որը բավականին մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում, մենք չպետք է խուսափենք մնացած լեզուները զարգացնելուց և կիրառելուց։

- Այսինքն` այստեղ ճնշումներ չկա՞ն։

- Բացարձակապես չեն կարող նման խնդիրներ լինել։ Ես տարբեր բանակցությունների ներկա եմ եղել և կարող եմ հավաստիացնել, որ նման բան չկա։

- Բայց մենք այդ համատեքստում այլ քայլեր էլ ենք տեսնում. մե´կ հայ վարորդների իրավունքներն են սահմանափակվում, պայման բերելով ռուսերենին Հայաստանում կարգավիճակ տալը, մե´կ ռուսաց լեզվի վերաբերյալ հատուկ հայեցակարգ է մշակվում։

- Դուք մի հարցը մյուսին մի´ կապեք։ Վարորդների հարցը, կարծեք թե, քննարկման փուլում է, և ամեն ինչ դրական է։

- Ինչո՞ւ եք ռուսերենն առանձնացնում, թող ընդհանուր բոլոր օտար լեզուների վերաբերյալ հայեցակարգ մշակվի։

- Ամեն ինչ աստիճանաբար է արվում, չի կարելի բոլորը միանգամից անել։ Անգլերենը հիմա կարծեմ բավականին բարձր վիճակում է գտնվում մեր դպրոցներում և ավելի ենք խորացնում։ Պարզապես հանրություն է կենտրոնացած ռուսերենի վրա, որովհետև մենք գտնվում ենք ԵԱՏՄ-ի կազմում։ Եթե լինեինք Եվրամիության կազմում, հակառակ գործընթացը կգնար, ինչը ես նորմալ եմ համարում։ Բայց մենք ոչ մի խտրականություն չենք դնում։ Ինչպես տնտեսական համագործակցության մեջ խտրականություն չենք դնում աշխարհի բոլոր երկրների հետ, այնպես էլ լեզուների մեջ։

- Իսկ ի՞նչ կարծիք ունեք ԵԱՏՄ-ից դուրս գալու՝ «Ելք» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ: Այն արդեն Ազգային ժողովում է, հասցրե՞լ եք ուսումնասիրել:

- Կգա ժամանակը, բոլոր հարցերի պատասխանը կստանաք: Մեր ընտրությունը ճիշտ է, մեր արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չկա: Մեր ընտրությունը ճիշտ է կատարված։ Որևէ անգամ չենք ժխտում մեր համագործակցության զարգացումը ԵՄ-ի, Արևմուտքի հետ, մենք դա պետք է զարգացնենք։ Եվ մենք ԵԱՏՄ անդամ այն միակ երկիրն ենք, որի հետ քննարկվում է ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը։ Մեր ուղղությունը ճիշտ է, և պարզապես կխնդրեմ մեր գործընկերներին ուշադիր հետևել ԵԱՏՄ մտնելուց հետո մեր տնտեսության վիճակին։

- Կա կարծիք, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» նախաձեռնությունը ձեռնտու էր նաև իշխանություններին՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում ավելի ամուր դիրքերում լինելու համար, ի՞նչ եք կարծում։

- Ո´չ, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ անմիջական են, և մենք շատ ուղիղ ենք նրանց հետ հարաբերվում։ Մենք չենք ուզում նման ազդանշաններ տալով ինչ-որ բան հասկացնել նրանց։ Իսկ եթե ընդդիմությունը մեր կամքը կատարում է, այդ հարցի պատասխանն արդեն իրենցից պետք է ստանալ։ Եթե դա մեզ պետք էր, ու ընդդիմությունը մեր ասելով է անում, այդ մասին իրենց պետք է հարց ուղղել։

- Այս նախաձեռնությունը կարո՞ղ է խոչընդոտել ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի կնքումը։

- Չեմ տեսնում նման բան, որովհետև սրանք շատ մանր հարցեր են, որ կայացած տերությունները նման հարցերի անդրադառնան այդ կարևորագույն խնդրի շրջանակներում։

- Ի դեպ, Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին. թեև իշխանությունը նշում է, որ որևէ խոչընդոտ չկա ստորագրելու համար, սակայն քաղաքական ուժերը նշում են, որ այդ փաստաթղթից տեղյակ չեն, չգիտեն փաստաթղթում ներառած դրույթները: Ինչո՞ւ չեք հանրայնացնում:

- Որովհետև քննարկման փուլում է:

- ԵՄ գործընկերների հե՞տ:

- Այո´, քննարկման փուլում է, և երբ պատրաստ լինի, երբ կոնկրետ, առարկայական լինի, դրա մասին կխոսենք:

- Այսինքն՝ դրույթներ կան, որոնց շուրջ կան տարբեր կարծիքնե՞ր, հնարավո՞ր է ինչ-որ կետեր փոփոխվեն:

 - Չեմ կարծում, որովհետև այն բնականոն հունով ընթանում է:

- Հնարավո՞ր է վերջին րոպեին այն կյանքի չկոչվի՞, մեկ գիշերում ամեն ինչ փոխվի:

- Առայժմ նման մտավախություն չկա, քննարկման փուլում ենք:

- Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ փաստաթուղթը:

- Երբ դա կլինի հրապարակային, այդ մասին տեղյակ կլինեք:

- Այսինքն՝ դեռ վա՞ղ է այդ մասին խոսելը:

- Այո´:

Մանե Հարությունյան

MediaLab.am