«Մեզանում չձևավորվեց իրական ազգային էլիտա, որը տեր կկանգներ ազգին, նրա արժեքներին և կսաստեր անմարդկային, ապազգային ընչաքաղց հրեշին». Եղիշե Պետրոսյան

28-09-2017
5066 դիտում
«Մեզանում չձևավորվեց իրական ազգային էլիտա, որը տեր կկանգներ ազգին, նրա արժեքներին և կսաստեր անմարդկային, ապազգային ընչաքաղց հրեշին». Եղիշե Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը։

- Պարո՛ն Պետրոսյան, մեր իրականության մեջ արվեստագետը, մտավորականը որքանո՞վ են ազատ խոսելու, գործելու մեջ։ Հնարավո՞ր է` նրանց տրվող կոչումները հենց լռեցնելու նպատակ են հետապնդում։

- Բնականաբար, ստեղծագործելիս մարդն ազատ է, ինչ ուզի` կհորինի: Այլ հարց է՝ կարո՞ղ է դա հասցնել հանրությանը, թե՞ ոչ, կարո՞ղ է այնքան միջոցներ ունենալ, որ առարկայացնի իրեն հանգիստ չտվող գաղափարները, մուսան։ Ստեղծագործելու առումով դու ազատ ես, քեզ ոչ ոք չի ասում՝ այսպես արա կամ այն արա: Բայց ստեղծագործությանը հաջորդում է երկրորդ, կիրառական մասը՝ հանրությանը հասցնելու, ներկայացնելու պահը։ Այստեղ է թաքնված շան գլուխը: Եթե հավատարմագրված ես որպես քաղաքական էլիտային սպասարկող յուրային` ֆինանսական հարցերդ կլուծվեն` գիրք էլ կհրատարակես, ճոխ համերգ էլ կկազմակերպես, կինո էլ կնկարես և այլն: Անգամ 200-300 հազար դոլար կարող է տրամադրվել մշակութային որևէ արժեք չներկայացնող ներկայացմանդ կամ համերգիդ համար։ Այսինքն` կօգտվես պետության ընձեռած անսահման հնարավորություններից: Մենք նման օրինակներ շատ ենք ունեցել։ Բայց պետության խնդիրն է թիկունք կանգնել, քաջալերել իրական արժեք ստեղծողներին, որպեսզի մշակույթն ու գիտությունը զարգանան: Ինձ անձերը բացարձակապես չեն հետաքրքրում, ես խոսում եմ երևույթի մասին:

Ինչ վերաբերում է վաստակավորին. բառը հուշում է, որ այն պետք է երկար տարիների աշխատանքի արդյունք լինի։ Եթե մարդը 40 տարի աշխատել է սիմֆոնիկ նվագախմբում կամ ժողովրդական խմբի մեջ, ծառայել է մշակույթին, երևի բազում աշակերտներ էլ կրթած կլինի։ Բնականաբար, այդ մարդը վաստակ ունի, և կարևոր չէ` այդ կոչումը նրան շնորհվե՞լ է, թե՞ ոչ։ Ինչպե՞ս կարելի է թացն ու չորը խառնել, վաստակը հետք թողնելն է, ինչպես կարող է մի քանի տարի դպրոցում աշխատած երիտասարդ ուսուցիչը վաստակավոր դառնալ, դա հնարավո՞ր բան է։ Մեր իրականության մեջ, իհարկե, հնարավոր է։ Բայց զավեշտն այն է, որ իրականում վաստակ ունեցողները կարծես թե չեն էլ ըմբոստանում: Ուրեմն նորմա՞լ է: Հիշում եմ միայն Սիլվա Կապուտիկյանի և Լևոն Խեչոյանի հրաժարումները:

 - Ձեր կարծիքով` այսպես համատարած վաստակավորի կոչում շռայլելը անձնական ամբիցիաներո՞վ է պայմանավորված։ Տեսակետ կա, որ կանգնում ես իշխանության կողքը, և դա բավարար է նման գնահատականի արժանանալու համար։

- Մեր պետական համակարգը կոմունիստական համակարգի շարունակությունն է, միայն մեկ բացառությամբ. կոմունիստները բծախնդիր էին իրենց կադրերի ընտրության հարցում, մենք` ոչ: Կա գլխավոր «ասիչ», որին դիմում են «շեֆ ջան»-ով, և ասում են` մեր էրեխուն մի հատ կոչում կամ պաշտոն կտա՞ս։ Շեֆն իհարկե մեծահոգի և առատաձեռն է: Նա բարձր է գնահատում նվիրումն ու ծառայությունները: Եվ տրամաբանական է, որ բազում անգրագետ բռիներ, նաև դեռ բերանում կաթը չչորացած «անհատականություններ» կարող են խիստ պատասխանատու բարձր պաշտոններ զբաղեցնել, դառնալ դեպուտատներ և խաղալ մեր արժանապատվության, մեր ապագայի հետ: Եթե սա նորմալ է, թող մի անտաղանդ էլ վաստակավոր դառնա: Ի՞նչ է եղել, որ:

- Հնարավո՞ր է՝ այս կոչումները շատ հաճախ կաշկանդելու համար են, որ կոչման արժանացածները այս կամ այն հարցի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեն։

- Միանշանակ այդպես է` կատարվում է յուրայինների հավաքագրում. ես քեզ տալիս եմ ինչ-որ բան, որը պարտավորեցնում է քեզ լոյալ լինել իմ բոլոր հանցագործությունների կամ ապօրինությունների նկատմամբ։ Նույնն է, ինչ ընտրակաշառք բաժանելը։ Կեսը գնում` ընտրում է ըստ պահանջի, մյուս մասը, իբր, խորամանկ է` իր ուզածով է ընտրում: Չէ՞ որ գաղտնի քվեարկություն է: Բայց այս բոլորն արդեն կաշկանդված են` հանրահավաքի, բողոքի ցույցի դուրս չեն գա։ Չէ՞ որ դա արդեն գաղտնի չէ: Կհարցնեն, չէ՞. էս ո՛ւր ես ճամփա ընկել, բա մոռացար` ինչի՛ ենք քեզ փող տվել: Որ կողմից ուզում ես մոտեցիր` դու մերն ես, ես քեզ տալիս եմ կամ կտամ կոչում, որ դու դառնաս յուրային: Տարբերություն չկա` մշակո՞ւյթ է, թե՞ գիտություն:

- Մենք ինչո՞ւ չունեցանք իրական արվեստագետների բանակ այս տարիներին, որը մտքեր կգեներացներ, առաջ կտաներ։ Մի քանի արվեստագետ են միայն, որ տեսակետ են արտահայտում։

- Դա խիստ անհանգստացնող երևույթ է: Մենք բոլոր ասպարեզներում տանուլ ենք տվել, ամենակարևորը` մշակույթում և կրթությունում: Քյոխվաների, զոռբաների պետություն ենք դարձել, որտեղ տոտալ անօրինություն է, անպատասխանատվություն, անտերություն: Երկիրն ապրում է «ով ինչ բաշարեց» կամ ջունգլիների սկզբունքով: Կա օրենքից վեր ընտրյալների կաստա, ինչ կուզեն` կանեն, ոչ ոք ձեռքները չի բռնի, իսկ մնացածը դատապարտված են թշվառության, քանի որ մեզանում այդպես էլ չձևավորվեց իրական ազգային էլիտա, որը տեր կկանգներ ազգին, նրա արժեքներին և կսաստեր անմարդկային, ապազգային ընչաքաղց հրեշին:

- Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, գնահատելով կոչումները, նշել է, որ պետք չէ անհանգստանալ, բոլորին էլ հերթը կհասնի։

- Դե, Արմենը մեծ սրտի տեր անձնավորություն է, փորձել է ոչ մեկին չնեղացնել: Բայց ի՞նչ է նշանակում` բոլորն էլ հերթով կստանան։ Ուրեմն մենք այս արատավոր սիստեմը դեռ պետք է երկար տարիներ հանդուրժենք, որ բոլորին հե՞րթ հասնի: Ով սաղ մնաց` վաստակավոր և ժողովրդակա՞ն է դառնալու։ Ախր, մեզանում հերթ պահելու մշակույթն էլ չկա: Իսկ ավելի լուրջ. հեչ իմ սրտով չի, որ այս ածանցյալ թեման ամեն տոնից հետո միտումնավոր ակտիվանում է, գուցե երկրի համար կարևորագույն օրակարգերից շեղելո՞ւ համար:

Մանե Հարությունյան

MediaLab.am