«Աշխարհի բոլոր մեղքերը գլխիս թափելով` ինչ փոխվեց Հայաստանում». Սամվել Խաչատրյան

19-10-2017
4165 դիտում
«Աշխարհի բոլոր մեղքերը գլխիս թափելով` ինչ փոխվեց Հայաստանում». Սամվել Խաչատրյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սամվել Խաչատրյանը:

- Սամվե´լ, նախքան վերջերս համացանցում պայթած սկանդալին անդրադառնալը պատմե´ք, թե ինչո´վ է զբաղվում Ձեր կազմակերպությունը:

- Հիմնականում զբաղված ենք սահմանամերձ բնակավայրերում գիտակրթական մոդուլի ներառմամբ: Մեր նպատակն է սահմանամերձ գոտում իրավիճակի փոփոխության հասնել կրթության միջոցով` դասավանդում ենք եռաչափ մոդելավորում, ապահովում ենք ինովացիոն տեխնոլոգիաների մուտքը և աշխատատեղերի ստեղծումը` այդպիսով նպաստելով երկրի համաչափ զարգացմանը: Մարզերում եթե անգամ ինչ-ինչ տեղաշարժեր լինում են, ապա տեղի են ունենում մարզկենտրոններում: Մենք որոշեցինք մեր գործն սկսել հենց սահմանամերձ գյուղերում: Ընտրվեց Տավուշի շրջանը, և Կողբ համայնքում նախորդ տարի բացվեց առաջին դասարանը: Նախ պատրաստեցինք եռաչափ մոդելավորման ուսուցիչներ, որպեսզի հենց նրանք էլ իրենց համայնքում շարունակեն դասավանդումը: Արդեն այս տարի մեր պատրաստած ուսուցիչներն են դասավանդում: Արդյունքում` գյուղի բնակիչը չի լքում իր գյուղը ուսանելու կամ աշխատելու պատճառով, քանի որ մենք ապահովում ենք և´ կրթություն, և´ աշխատանք:

- Կարևոր գործ եք անում: Բայց այնպես ստացվեց, որ Ձեզ ճանաչեցին էքսպո ցուցահանդեսից հետո` որպես Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի արձանիկները պատրաստող ոսկերչի:

- Ամբողջ հարցն այն է, որ ինֆորմացիայի խեղաթյուրում եղավ, իրականությունն այլ լույսի ներքո ներկայացվեց: Կարծում եմ, որ դա PR քայլ էր լրագրողների կողմից:

- Կոնկրետ ո՞ր լրատվամիջոցն է խեղաթյուրել իրականությունը:

- Չեմ հիշում հիմա:

- Վիրտուալ սկանդալը Հանրային հեռուստատեսության ռեպորտաժի շուրջ էր, որտեղ Դուք Ս. Սարգսյանին և Կ. Կարապետյանին ցույց եք տալիս իրենց արձանիկները: Իսկ այդ ռեպորտաժը Դուք տեղադրել եք Ձեր ֆեյսբուքյան էջում:

- Այո´, տեղադրել եմ իմ էջում, որովհետև մտքովս չի անցել, որ այդպիսի արձագանք կլինի: Հասարակական տրամադրությունները ծայրահեղ են` դիմադիր-ընդդիմադիր: Մինչդեռ սա իշխանամետ կամ ընդդիմադիր լինելու հարց չէր: Սա ընդհանրապես քաղաքականացնելու հարց չէր: Միշտ համարել եմ, որ ոչ թե քաղաքական կեցվածքն է կարևոր, այլ` քաղաքացիական: Նշեմ, որ ես կապ չունեմ այդ արձանիկների ստեղծման հետ: Հպարտ եմ արձանիկների հեղինակներով` երեխաներով, որ իմ սաներն են: Եվ հետո` արձանիկները մոմից կամ ոսկուց չէին և չեն էլ դառնալու: Դրանք պատրաստված էին ֆոտոպոլիմերից: Հանրայինի լրագրողը խնդրեց, որ բացատրեմ, թե եռաչափ մոդելավորմամբ պատրաստված արձաններն ի´նչ կապ ունեն ոսկերչության հետ և ներկայացնել պատրաստման պրոցեսը: Խոսեցի, ներկայացրի: Բայց ռեպորտաժում շեշտադրումը կոնկրետ արձանիկների վրա էր, բայց այնտեղ ուրիշներն էլ կային:

- Ուրիշ ի՞նչ արձաններ կային:

- Գարեգին Նժդեհ, Տիգրան Մեծ...

- Այսինքն` Նժդեհ, Տիգրան Մեծ, ապա Սերժ Սարգսյան և Կարեն Կարապետյան` ա՞յս հերթականությամբ ու տրամաբանությամբ:

- Էլի կային: Այս պահին չեմ հիշում: Պատրաստման փուլում են Հենրիխ Մխիթարյանի, Շառլ Ազնավուրի արձանիկները: Մտածում ենք հետագայում արձանիկների փոքրիկ թանգարան հիմնել, որտեղ ցուցադրված կլինեն թե´ դիմադիր, թե´ ընդդիմադիր գործիչների քանդակներ: Պարզապես Հանրայինի լրագրողն ամբողջ ստենդից առանձնացրեց այդ երկուսը, ես էլ դեմ չէի, չէի մտածում, որ կծայրահեղացվի:

- Իսկ մտածե՞լ եք, որ գուցե արձագանքը չի ծայրահեղ, այլ քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակը, որն ունի կոնկրետ մեղավորներ և պատասխանատուներ: Ոչ թե մարդիկ ագրեսիվ են առհասարակ, այլ հիմնավոր պատճառ ունեն նման արձագանքի համար:

- Իսկ ո՞վ է մեղավոր ձեր նշած ծայրահեղ վիճակի համար: Մենք քաղում ենք այն, ինչ ցանել ենք: Որպես պատմաբան եմ ասում` հաստատապես մոնղոլ-թաթարները չեն մեղավոր այս վիճակի համար: Իսկ թե ինչո´ւ հենց այս երկու ֆիգուրներն ընտրվեցին, ապա կարելի է համարել նաև մարքեթինգային PR, բայց ոչ հատուկ պլանավորված:

- Արդյոք լինո՞ւմ է չպլանավորված մարքեթինգային PR:

- Այո´, սա այն դեպքն է, երբ սև PR-ն էլ է PR: Ընդհանրապես, քաղաքական գործիչների արձանիկների ստեղծումը վաղուց տարածված է աշխարհում, Հայաստանում է նորություն, գուցե այդ պատճառով այդպիսի աղմուկ բարձրացավ:

- Մարդիկ դեմ չեն քաղաքական արձանիկներին: Բայց եթե քաղաքական, ապա ինչո՞ւ, ասենք, Ղարաբաղ կոմիտեի տղաների արձանիկները չպատրաստեցիք` հետաքրքիր ու դրամատիկ քաղաքական ֆիգուրներ: Գուցե ավելի ազդեցիկ PR մարքեթինգ լիներ: Չե՞ք կարծում, որ ոչ թե քաղաքականացնելու, այլ քաղաքացիական դիրքորոշում հայտնելու խնդիր կա` և´ Ձեր սաների ընտրության, և´ բացասաբար արձագանքողների պարագայում:

- Կերպարի կարևորության կամ առաջնահերթության խնդիր չի եղել: Պարզապես այդպես է ստացվել: Ստեղծագործողի կամքն է այդպիսին եղել` զուտ պատահականության սկզբունքով:

- Մենք անընդհատ պտտվում ենք նույն հարցի շուրջ, և հարցերի կրկնությունն արդեն հավատաքննություն է հիշեցնում, բայց Դուք հասկանո՞ւմ եք, որ կերպարների այդպիսի ընտրությունը պատահական չի լինում` ո´չ գիտակցական, ո´չ ենթագիտակցական մակարդակից եկող: Եվ ամենատխուրն այն է, որ ժամանակակից տեխնոլոգիաներով զբաղվող մարդիկ Տիգրան Մեծի, Գարեգին Նժդեհի արձանիկների կողքին տեսել են սկանդալ հարուցած երկու գործող անձանց կերպարներին: Այսինքն` նրա՞նք են արժանավորը, հիշարժանն ու դիտարժանը::

- Հասկանում եմ` ի´նչ եք ասում: Բայց մենք մեզ քաղաքականությունից դուրս ենք համարում:

- Որևէ քաղաքացի, առավելևս այդպիսի գործով զբաղվող և այդպիսի նպատակներ հավակնող մարդը չի կարող իրեն քաղաքականությունից դուրս համարել: Դուք արդեն դրա մեջ եք:

- Ուրեմն, թող քաղաքականացնեն նրանք, ովքեր միտված են իմ` հարկ վճարողիս գործունեությունից գումար վաստակել: Մենք մեր գործն ենք անում, որի եկամուտներն ուղղվում են սահմանամերձ գյուղեր:

- Տեղեկացա, որ վիրտուալ սկանդալը հասել է ընտանիքի անդամներին, խնդիրներ են առաջացել:

- Այո´, դեռահաս որդիս փորձել է պաշտպանել հորը, պատասխանել ինձ ուղղված մեղադրանքներին: Այդպիսով ինքն էլ է ներքաշվել սկանդալի մեջ: Բացատրեցի, որ հնարավոր չէ սելավի դեմն առնել, այն ժամանակի ընթացքում կհանդարտվի: Հիմա փորձում եմ նրան անվնաս դուրս հանել սկանդալից:

- Դուք ի՞նչ եզրահանգումներ արեցիք այս պատմությունից:

- Այս պատմությունը հաստատեց այն, ինչ մտածում էի սրանից առաջ, որ մենք` որպես հասարակություն, շատ ենք ծայրահեղացել: Միանգամից զայրանում ենք, միանգամից հարձակվում, դատում և ձգտում, որ մեղավորը մահապատժի ենթարկվի: Աշխարհի բոլոր մեղքերն իմ գլխին թափելով` ի՞նչ փոխվեց Հայաստանում. օրենքներն սկսեցին գործե՞լ, սոցիալական վիճակը փոխվե՞ց, հաջորդ ընտրություններն արդա՞ր են լինելու: Բայց այն, որ Սերժ Սարգսյանը ցուցահանդեսից հետո խոստացավ պետական բարձր մակարդակի աջակցություն, որի շնորհիվ սահմանամերձ գոտու երեխաները կունենան կրթվելու, մասնագիտանալու և աշխատանք ունենալու հնարավորություն, սա Հայաստանում իրավիճակ կփոխի:

- Եթե իր արձանիկը չլիներ, այլ միայն, ասենք, Նժդեհինը, չէ՞ր աջակցելու Ձեր գործին:

- Ես առաջին մասնագիտությամբ պատմաբան եմ, պատմաբանները «եթե»-ներով սկսվող նախադասությունների դեպքում սովորաբար ասում են, որ եթե մորաքույրս տղա լիներ, քեռի կունենայի:

- Իսկ քանի որ մորաքույրը տղա չի ծնվել, ուրեմն անպայման է, այսպես ասած, PR մարքեթինգային սկանդալների մեջ ընկնել:

- Գուցե: Մեր գործի հաջողությունը միայն իմ կամ սաներիս հաջողությունը չէ: Լավ է, որ ամբողջ թուքումուրն իմ գլխին թափվեց, ոչինչ, թող իմ անձով սկսվի, իմ անձով ավարտվի, կարևորը կազմակերպության անունը չշահարկվի, և գործն առաջ գնա: Ազնվորեն եմ ասում` միայն թե ծրագրերը չտուժեն, որովհետև դա նշանակում է, որ կտուժեն սահմանամերձ գյուղերում կրակոցների տակ քնող-արթնացող-ապրող մարդիկ:

Իսկ մեր ծրագիրը զբաղվածություն, եկամուտ ունենալու հնարավորություն, զարգանալու և լավ ապագա ունենալու հույս է ու հեռանկար նրանց համար: Ես կարող էի հաշտվել ճահճի, բանսարկությունների հետ, կարող էի հայհոյել ու հեռանալ երկրից, մանավանդ որ լավ առաջարկներ ունեի արտերկրից, ես կարող էի քաղաքական և այլ հարթակներից ելույթներ ունենալ սահմանամերձ գոտու զարգացման, աշխատաշուկայի ստեղծման մասին, գիտեք` խոսողները չափազանց շատ են: Բայց ես որոշեցի գործել: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո ավելի վճռական տրամադրվեցի այդ որոշումն իրականացնելու գործում: Ես որոշեցի իրավիճակ փոխել, որովհետև մասնագիտություն և զբաղվածություն ունեցող մարդը, անկախ գործող համակարգից, կարող է ազդել երկրի քաղաքական ընթացքի վրա: Այդպիսի մարդիկ, որպես կանոն, իրենց ձայնը չեն վաճառում:

Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի

MediaLab.am

Տե՜ս 4:45 րոպեից