Այս պահի դրությամբ, հանրապետության հրապարակում տեղի ունեցած ողբերգության համար մեկ մեղավոր կա. փուչիկների լիցքավորմամբ զբաղվող 54-ամյա Սերոբ Բոզոյանը, ով դժբախտություն ունեցավ, որպես անհատ աշխատելու նաեւ ՀՀԿ-ի հետ եւ լիցքավորելու «Հավատանք, որ փոխենք» սպիտակ փուչիկները:
Հիշեցնենք, որ դեպքի առընչությամբ, առ այսօր միայն նրան է մեղադրանքը առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):
Ոստիկանության տրամադրած տեղեկությունները անորոշ են. հայտնի չէ, թե ո՞վ է պատվիրել այդ փուչիկները լիցքավորել մեթանով, եւ ոչ թե հելիումով, եւ թե արդյոք ով է կրում այս ամենի իսկական պատասխանատվությունը:
«Մամուլը հերթական անգամ շահարկել է փուչիկների թեման։ Հարկ եմ համարում ասել, որ տեղի ունեցածի բարոյական պատասխանատվությունը կրում ենք հավասրապես բոլորս։ Ոչ ոք չէր ցանկանա՝ նման միջադեպ տեղի ունենար։ Բայց եղավ այն, ինչ եղավ։ Եվ թող ոչ ոք չփորձի ապացուցել, թե իր սիրտն ավելի է ցավում փուչիկների բռնկումից տուժած երեխաների համար, քան մերը։ Թող ոչ ոք չփորձի համոզել, թե ինքն ավելի է շահագրգռված մեղավորներին պատժելու հարցում, քան մենք։ Թող ոչ ոք չփորձի ցավալի այդ դեպքն օգտագործել դիվիդենտներ շահելու ու ջուր պղտորելու համար»,-Ֆեյսբուկ սոցիալական ցանցի իր էջում նման գրառում է կատարել երիտասարդներին հրապարակ ուղեկցող ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը, որի կերպարը շատերի մոտ ասոցացվում է տեղի ունեցած ողբերգության հետ։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ԱԺ նախընտրական քարոզարշավի վերջի օրը, ՀՀԿ հրապարակում կազմակերպած եզրափակիչ հանրահավաքի ժամանակ առնվազն 150 երիտասարդներ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց՝ մեթանով լիցքավորված «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով մոտ 7000 փուչիկների պայթյունից եւ հրդեհից հետո: Երիտասարդներին հրապարակ էր առաջնորդում հենց Կարեն Ավագյանը:
Ավագյանը սակայն անրդրադառնալով մեղքի «իր բաժնին», նշել է, որ եթե ինքը մեղավոր լիներ չէր «սպասի, որ իրեն մամուլով հիշեցնեին այդ մասին»։
Ըստ երիտասարդ ՀՀԿ-ական պատգամավորի «վառ եւ պատկերավոր տրամաբանության», գրեթե բոլոր տուժածները՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները, տեղի ունեցածից հետո ավելի են համախմբվել, եւ ավելի կուռ են դարձրել ՀՀԿ շարքերը:
«Մենք հպարտ ենք մեր երիտասարդների համար, որոնց պահվածքն այդ դժվարին պահերին արժանի էր միմիայն հարգանքի։ Եվ փառք Աստծո, որ այսօր արդեն բոլորն ապաքինվել են և ի տարբերություն չարախոսների՝ նույնիսկ հումորով են հիշում իրենց այդ փորձությունը: Ցավալիորեն արձանագրեմ, որ վերջին շրջանում դժբախտ դեպքերը շահարկելն ու դրանց անհասկանալի ենթատեքստ վերագրելն ավանդույթ է դարձել։ Իրականում այդ շահարկողներին ընդհանրապես չի էլ հետաքրքրում երիտասարդների առողջությունը»,-ակնհայտորեն ի նկատի ունենալով «Հարսնաքար» ռեստորանային համալիուրմ վայրագ ծեծի հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանին, որի հիշատակին բողոքի ակցիայի մասնակիցներին նա «խուժան» էր անվանել։
Անկեղծ ասաց, մի քիչ տարօրինակ է պատկերացնել, որ խոր այրվածքներ ստացած երիտասարդները, որոնց դեմքին, մեջքին, արմունքներին, ձեռքերին ու մարմնի մնացած հատվածներում ենթադրաբար մինչեւ կյանքի վերջ կմնան այրվածքի հետքերը կարող են «հումորով հիշել» նման փորձությունը:
Հավանաբար, եթե Կարեն Ավագյանը ամառվա շոգին ստիպված լիներ իր ձեռքերը թաքցնել սեւ ձեռնոցների մեջ, երկարաթեւ հագուստ հագներ, որպիսի մարդիկ չտեսնեին խորը այրվածքները, ինչպես անում են շատ տուժողները, «հումորով կմոտենար» տեղի ունեցածին:
Սակայն, ըստ երեւույթին, ինչպես Ավագյանն, այնպես էլ ոստիկանությունը հավատում է նրան, որ ՀՀԿ-ն տեղի ունեցածում մեղքի բաժին չունի՝ մեղավորությունը վարպետորեն փաթաթելով փուչիկները լիցքավորողի վզին:
Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը անդրադառնալով գործին, լրագրողներին տեղեկացրել է, որ առաջադրվել է մեղադրանք փուչիկները լիցքավորողների համար:
«Առաջադրվել է մեղադրանք՝ այդ փուչիկները լիցքավորողների համար: Կազմակերպչի անվան տակ պետք է երեւի հասկանանք փուչիկները լիցքավորողներին,-ըստ «Առավոտ» օնլայնի ասել է Եղիազարյանը:-Սկզբում քրգործը հարուցվել էր պայթյունավտանգ նյութերի օգտագործման հիմքերով: Պարզվեց, որ նման իրադրության մեջ այդ կանոնները գոյություն չունենալու պատճառով այլ հոդված պետք է առաջադրվեր՝ սպառողների կյանքին վտանգ սպառնացող ապրանքների վաճառքի համար: Պայմանագիր չի կնքվել, եղել է պատվեր»:
Ավելի քան դեպքից երկու ամիս անց, Եղիազարյանը լրագրողներին հորդորել է «համբերություն ունենալ», մինչ քրգործը ավարտվի: Նա նաեւ հերքել է շրջանառվող խոսակցություններ այն մասին, որ կազմակերպիչները հելիումի փոխարեն գրեթե կրկնակի մատչելի մեթան պատվիրելով, մեծ խնայողություն են արել:
Այն հարցին, թե արդյոք կազմակերպիչները պատվիրել են փուչիկները լիցքավորել մեթանով, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան կարճ է կապել՝ «պատվիրվել է միայն լիցքավորել»:
«Այդ պայթյունավտանգ կանոնները տարածվում են միայն արտադրության մեջ՝ մեքենաների լիցքավորման պարագայում: Այս դեպքում ոչ պատվեր տվողին, ոչ գնողին մեղադրանք չի առաջադրվել»,-ասել է նա՝ հերքելով, թե պատվեր տվողը փորձել է խնայողություն անել:
Այսինքն, ստացվում է, որ պատվիրողը տեղյակ չի եղել, որ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով ճերմակ փուչիկները, որոնք հետո սեւ պատուհաս դարձան հարյուրավոր երիտասարդների համար, կրկնակի մատչելի եւ մեթանո՞վ են լիցքավորված եղել:
Մի քիչ տարօրինակ է, քանի որ, ինչպես հենց տուժողներն են հետո պատմել, իրենց նախապես տեղեկացրել էին, որ պետք է «կրակից հեռու լինել»:
Վստահաբար, կազմակերպիչները հաստատ իմացել են, որ փուչիկներն իրենց մեջ լրջագույն վտանգ են կրում, սակայն դա հետ չի պահել նրանց հրաժարվելու հասարակական վայրում հազարավոր պայթունավտանգ փուչիկներ ծածանել:
Ամեն դեպքում, մի քիչ դժվար է Կարեն Ավագյանի նման «լավ» հումորի զգացում ունենալը եւ տեղի ունեցած դժբախտությանը «հումորով մոտենալ»:
Մարի Գրիգորյան
© Medialab.am