«Ընդդիմությունն առայժմ չի կարողանում արդյունավետ կերպով ծառայեցնել պատգամավորական մանդատը ի շահ պետության կենսական խնդիրների լուծման». Թագուհի Թովմասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը

– Տիկի՛ն Թովմասյան, դուք բարձրացրել եք ընդդիմադիրների՝ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հարցը: Իսկապե՞ս կարծում եք, որ խորհրդարանական լծակներով չեք կարողանալու առկա խնդիրներին լուծում տալ, և եթե այդպես՝ ինչո՞ւ դա չի ստացվում ընդդիմության մոտ:

– Կարծում եմ՝ այս պահի դրությամբ խորհրդարանական ընդդիմությունը իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում չի կարողանում մեր երկրի համար այս օրհասական իրավիճակին համարժեք արձագանք տալ։ Խնդիրները շատ են, անվտանգային սպառնալիքներն օրեցօր ավելանում են, և այս օրերի իրականությունը ցույց է տալիս, որ մենք, օժտված լինելով առաջնային մանդատով, չենք կարողանում կանխել մեր պետության համար կործանարար խնդիրների առաջացումը։ 

Հետևաբար կարող եմ փաստել, որ ընդդիմությունն առայժմ չի կարողանում արդյունավետ կերպով ծառայեցնել պատգամավորական մանդատը ի շահ պետության կենսական խնդիրների լուծման։ Բայց խնդիրը ոչ թե այս ԱԺ ընդդիմությանն է վերաբերում, այլ ինստիտուցիոնալ առումով՝ ընդհանրապես: Պատճառներն իհարկե տարբեր են․ օրինակ՝ երեկ, ինչպես արդեն նկատեցիք, ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության առաջարկը փաստացի մերժվեց իշխանության կողմից: Այլ հարց է՝ վարչապետը, ուժային կառույցների ղեկավարները կմասնակցեի՞ն նիստին, թե՞ ոչ։ 

Բայց մեր իրավասության դաշտում գտնվող հնարավորությունը փաստորեն չկարողացանք օգտագործել։ Այո՛, կարևոր հարց եք բարձրացնում․ պետք է հստակեցնենք արդյունավետ աշխատանքին խոչընդոտող գործոնները և շոշափելի արդյունք ունենանք, այլապես մանդատը դառնում է ինքնանպատակ:

– Ընդդիմադիր առաջնորդները ականջալուր կլինե՞ն ձեր առաջարկին, ի՞նչ եք կարծում: Կոնկրետ ձեր խմբակցության ղեկավարն ու անդամները ի՞նչ կարծիք ունեն:

– Թույլ տվեք չպատասխանել այդ հարցին, ժամանակն ամեն ինչ ցույց կտա:

 – Տիկի՛ն Թովմասյան, եթե խորհրդարանում, ինչպես ասում եք, չեք կարողանում արդյունավետ կերպով լուծել օրհասական խնդիրները, որքանո՞վ դա կհաջողվի ձեր առաջարկած տարբերակի պարագայում, եթե համաձայնեն ձեր առաջարկին:

– Ես մշտապես ասել եմ, որ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը զբաղեցնելը չպետք է ինքնանպատակ լինի։ Եվ եթե այս ճանապարհով հնարավոր չէ արդյունավետ աշխատել, պետք է գործողություն ձեռնարկել։ Ձեր նշած հարցին այս պահին միանշանակ պատասխան հնչեցնել չեմ կարողանա, բայց դա ամենևին չի նշանակում, որ ընդդիմության օրակարգում այդ հարցը չկա: 

– Տիկի՛ն Թովմասյան, եթե ձեր առաջարկը չընդունվի, ու պայքարի այլ միջոց չառաջարկվի, հնարավո՞ր է, որ մանդատից հրաժարվեք կամ անկախ պատգամավոր դառնալու որոշում կայացնեք:

– Դեռ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակում բազմիցս նշել եմ, որ պատրաստ եմ հրաժարվելու մանդատից, եթե դրանով կարող եմ որևէ կերպ նպաստել պետական շահերի պաշտպանությանը։ Վերահաստատում եմ իմ դիրքորոշումը։

Մանդատը ինձ համար անփոխարինելի արժեք չէ: Բայց նաև պետք է գնահատել՝ արժի՞ արդյոք թողնել խորհրդարանն առանց ընդդիմության: Ինչո՞ւ, որովհետև եթե բոլոր ընդդիմադիրները հրաժարվեն մանդատներից, իշխող մեծամասնությունը հանգիստ կշարունակի գործել ԱԺ-ում և քննարկել ու անցկացնել այս պայմաններում «Սնդիկի մասին» ՀՀ օրենքը: Սահմանադրական ճգնաժամ չի լինելու այդ պարագայում, ուղղակի ընդդիմությունը կկորցնի ամբիոնը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am