«Մենք երջանիկ պիտի լինենք, եթե նույնիսկ ոչ վճռորոշ խոսք ունենանք ղարաբաղյան բանակցություններում». Արման Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, ԱՄՆ-ի Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, Հանրային հեռուստաընկերությանը առաջին նախագահի տված հարցազրույցում հնչած մտահոգությունները, ասելիքը, կարծում եք, հասա՞վ հանրությանն ու քաղաքական ուժերին:

– Ես կարծում եմ՝ բոլորին էլ հասավ։ Այլ բան է, թե հանրության տարբեր հատվածներն ինչ հակազդեցություն են ունենալու Տեր-Պետրոսյանի արտահայտած մտահոգությունների կապակցությամբ։ Սկսենք քաղաքական ուժերից։

Դրանց մեծ մասը, իրականում` բացի Հայ ազգային կոնգրեսից մյուս բոլորը, հայդատական, էքսպանսիոնիստական գաղափարների կրողներ են։ Իմ կարծիքով` նրանց համար դա գաղափար էլ չէ, այլ փեշակ, բիզնես։

Խլիր հայդատական տափակ երազանքներն ու դրա շուրջ ծավալվող, իրականությունից բացարձակապես կտրված քաղաքական ու մտավորական գործունեությունն այդ մարդկանց ձեռքից, և նրանք սովամահ կլինեն կամ ստիպված կլինեն հանրօգուտ աշխատանքով զբաղվել։

Սա է պատճառը, որ նրանք նման ատելությամբ ու սրությամբ են արձագանքում Տեր-Պետրոսյանի յուրաքանչյուր խոսքին։ Դա է պատճառը նաև, որ նրանք 90-ականները մղձավանջ են համարում, որովհետև այն ժամանակ մի կարճ ընթացք նրանց բիզնեսն իսկապես լուրջ սպառնալիքի տակ էր հայտնվել։ Մի խոսքով, մեր քաղաքական ու «մտավորական» դաշտի առումով ամեն ինչ պարզ է։

Անցյալ տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայի տակ մեր երկրի ղեկավարի ստորագրությունը դեռ չի չորացել, մեր բանակի սպառազինության կեսը ոչնչացվել է, մյուս կեսը դարձել է Ադրբեջանի սեփականություն, Հայաստանից արտագաղթի նոր ալիք է սկսվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը, որն անկախ ամեն ինչից` լուրջ մարդ երևալու հավակնություններ ունի, խոսում է Հադրութը հետ բերելու մասին։ Մյուսների դեպքում վիճակն ավելի սարսափելի է։ Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։

Ինչ վերաբերում է հասարակությանը, դրա մի զգալի մասը, վստահ եմ՝ արձագանքել է շատ ադեկվատ կերպով։ Տեր-Պետրոսյանի ասածներում ոչ մի բարդ ու զարմանալի բան չկար իրականում։ Յուրաքանչյուր մարդ, որ կկարողանա մի կողմ դնել իր կանխակալություններն ու առանց քննության ընդունած որոշ տեսակետները, ինքնուրույն կարող է հասնել նույն եզրակացություններին, ինչ Տեր-Պետրոսյանը։

Դրա համար ընդամենը մի քիչ հոգեբանական ամրություն ու մտավորական համարձակություն է պետք։ Ցավոք, պետք է ընդունել, որ ոչ բոլորն են կարողանալու դա անել։

Վերջերս հետաքրքիր ուսումնասիրություններ են արվել, որոնք պարզել են, որ մարդկանց հատուկ է վատ լուրերի նկատմամբ կոգնիտիվ դիմադրությունը։ Դրա հետևանքներից մեկն էլ այն է, որ մարդիկ հաճախ իռացիոնալ զայրույթով են լցվում վատ լուրեր ու դառը ճշմարտություններ հաղորդողների նկատմամբ։ Այսինքն՝ մենք դա առանց այդ ուսումնասիրությունների էլ գիտեինք, բայց ուսումնասիրություններն իսկապես շատ հետաքրքիր են։

Մտավորականների ու երկրի ճակատագրով մտահոգ բոլոր մարդկանց խնդիրն է պայքարել այդ երևույթի դեմ։ Իրականության աչքերին պետք է ուղիղ նայել, որքան էլ դժվար լինի, այլապես նոր աղետները երաշխավորված են։ Ես վերջերս հաճախ եմ դիմում բժշկական անալոգիաների ու այս դեպքում էլ չեմ դիմադրելու այդ գայթակղությանը. եթե դուք ցավող տեղ ունեք, ախտորոշումից խուսափելը կամ ախտորոշող բժշկի վրա զայրանալը ձեզ չի օգնելու։

Դուք օր առաջ պետք է իմանաք՝ ինչն է ցավի պատճառը, որքան էլ դա ձեզ վախեցնի, և օր առաջ պետք է սկսեք բուժել ձեր հիվանդությունը, որքան էլ բուժումը ցավոտ ու տհաճ լինի։

Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ հնչած մտքերի վերաբերյալ կխնդրեմ ձեր մեկնաբանությունը: Իսկապե՞ս ամեն ինչ վերջացել է, և, ինչպես նշեց առաջին նախագահը, Հայաստանն արդեն վճռորոշ խոսք չունի այդ հարցում: Բանակցությունների միջոցով հնարավոր չէ՞ վերականգնել ԼՂԻՄ-ի սահմանները:

– Վճռորոշ խոսքի մասին նույնիսկ խոսք լինել չի կարող, ի՞նչ վճռորոշ խոսք։ Մենք երջանիկ պիտի լինենք, եթե նույնիսկ ոչ վճռորոշ խոսք ունենանք այդ բանակցություններում։ Մենք ծանր, կատաստրոֆիկ պարտություն ենք կրել ու դրա հետևանքով կորցրել նույնիսկ ազդեցիկ խոսք ունենալու հիմքերը, ինչ մնաց վճռորոշ խոսքի։

Հասկացեք՝ միջազգային հարաբերություններում խոսքի կշիռն ուղիղ համեմատական է ուժին ու դաշնակիցների աջակցությանը։ Մենք ոչ մեկն ունենք, ոչ մյուսը՝ ադրբեջանցիներին Հադրութից ու Շուշիից դուրս մղելու համար։ Մնացածը հեքիաթներ են։

Միջազգային իրավունքի ուժով տարածքներ հետ բերելու հեռանկարը հեքիաթ է, հատկապես որ, միջազգային իրավունքը մեր օգտին չի։ Շատ վատ է, որ մեր օգտին չէ, բայց դա այդպես է։ Պատմական արդարություն հասկացությունը, որը շատ տարածված է մեզ մոտ, ոչ միայն հեքիաթ է, այլև ամոթալի հեքիաթ։

Միջազգային որևէ հարթակում դրա վրա հիմնված խոսակցություն վարելը պարզապես վատ տոն է, ուրիշ ոչինչ։ Մյուս պատրանքը, թե այս կամ այն բանին կարելի է հասնել, եթե շատ հմուտ դիվանագետ ես, պարզապես գավառական մոլորություն է։ Դիվանագիտությունն իհարկե կարող է լավ ու վատ լինել, բայց՝ հնարավորությունների շատ որոշակի ինտերվալներում։ Դիվանագիտությունը շամանություն չէ։

Հետևաբար, մենք պետք է մի շատ պարզ բան գիտակցենք, եթե ուզում ենք Հադրութն ու Շուշին վերադարձնել, կամ պետք է կարողություն ունենանք ադրբեջանցիներին ուժով դուրս մղելու, կամ դրա դիմաց Ադրբեջանին ինչ-որ բան պիտի առաջարկենք։

Ուժով դուրս մղելու մասին խոսակցություններն ուղղակի անպատասխանատու հիմարություններ են։ Դրանց մասին խոսողները կամ խաբեբա են, կամ ինչ-որ անհաջող բան են ծխում ամբողջ օրը։

Ինչ վերաբերում է ինչ-որ բանի հետ Հադրութն ու Շուշին փոխանակելուն, հստակ չէ, թե դա ինչը կարող է լինել։ Թերևս Հայաստանի կողմից Արցախի պաշտոնական ճանաչումը որպես Ադրբեջանի տարածք՝ ինքնավարության որոշակի կարգավիճակով, ու ԼՂԻՄ-ի սահմանների վերականգնմամբ։

Բայց վստահ չեմ, որ նույնիսկ դա բավարար արժեք ունի այսօր Ադրբեջանի համար։ Վստահ չեմ նաև, որ մարդիկ, որոնք շատ են խոսում Հադրութն ու Շուշին հետ բերելու մասին, հետ բերել ասելով դա նկատի ունեն։

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի արձանագրումներից խստորեն զայրացած մարդկանց, նրանք իրենց զայրույթի համար սխալ հասցեատեր են ընտրել։ Տեր-Պետրոսյանն ընդամենը որոշ իրողություններ է արձանագրել։

Հորդորում եմ զայրույթի սլաքներն ուղղել այն արկածախնդիրներին, որոնք դրանք իրողություններ դարձրին։

Առաջին նախագահը նշեց, որ Արցախը միջազգայնորեն Ադրբեջանի տարածք է համարվում, այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը պատերազմում ամբողջությամբ չգրավեց Արցախը, այդքան առաջացել էր: Ինչո՞ւ է նման պնդում անում Տեր-Պետրոսյանը:

Մի շատ պարզ պատճառով. այդ առաջխաղացումը կանգնեցվեց Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանի շահերից չի բխում, որ Արցախն ամբողջությամբ ու անվերապահորեն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։

Եվ կապ չունի, որ Արցախը բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածք։ Տեր-Պետրոսյանն ընդամենը շատ տխուր իրողություն է արձանագրում, ընդ որում՝ իրողություն, որը բացահայտում չպիտի լիներ որևէ մեկի համար, բայց տպավորություն ունեմ, որ շատերի համար բացահայտում է։

Մենք ընդամենը դե ֆակտո վերահսկողություն ունեինք Արցախում մինչև վերջերս, բայց դա ամրագրված չէր միջազգային որևէ համաձայնությամբ ու վճռով։ Այն տարիներին ևս Արցախը միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում էր Ադրբեջանի սուվերեն տարածք։

Պարո՛ն Գրիգորյան, իսկապե՞ս որևէ հայ այլևս չի կարող ասել, որ ինքը կլուծի Ղարաբաղի հարցը: Շատերի մոտ տպավորություն է, թե առաջին նախագահի հարցազրույցն ամբողջությամբ և, հատկապես, Արցախի մասը հոռետեսական էր: Ի՞նչ կարծիքի եք:

– Ասել կարող են։ Բայց հարցն այն է, թե ինչպես կարելի է այդ մարդկանց լուրջ ընդունել։

Այսօր ռուսներից պիտի թույլտվություն հարցնենք Արցախ մուտք գործելու համար։ Այսօր մենք ինքնուրույն չենք կարողանում նույնիսկ Հայաստանի սահմանները մարդավարի պաշտպանել։

Քանի՞ գրոշի արժեք ունի որևէ պոլիտիկանի պոռոտախոսությունը, թե ինքը կլուծի Ղարաբաղի հարցը։ Իսկ հարցազրույցը հոռետեսական չէր, հարցազրույցը սթափության հերթական կոչն էր։

Տեր-Պետրոսյանը հերթական անգամ ստանձնեց ժողովրդի աչքից քողը հեռացնելու և ժողովրդին դառը ճշմարտություններ ասելու սարսափելի անշնորհակալ առաքելությունը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am