«Ինչո՞ւ պետք է Ռուսաստանում տաժանակիր աշխատանք անող մարդը չփորձի իր որդուն տանել, եթե գիտի, որ բարձրաստիճան պաշտոնյայի տղան չի ծառայում». Լենա Նազարյան

27-10-2017
5744 դիտում
«Ինչո՞ւ պետք է Ռուսաստանում տաժանակիր աշխատանք անող մարդը չփորձի իր որդուն տանել, եթե գիտի, որ բարձրաստիճան պաշտոնյայի տղան չի ծառայում». Լենա Նազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

- Լենա ՛, ԱԺ-ում քննարկվում է մեծ աղմուկ բարձրացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Ձեր ելույթում նշեցիք, որ Գևորգյան ճեմարանի և Վազգենյան դպրանոցի ուսանողները ազատված են ծառայությունից կառավարության որոշմամբ, և որ սա կիսատ արդարության տպավորություն է ստեղծում։ Կարծում եք` միայն նրա՞նց համար է բաց դուռ թողնված նախագծում։

- Պաշտպանությայն նախարարը, զինվորական ծառայության և բուհական տարկետման հետ կապված իր մոտեցումը ներկայացնելիս, շեշտը դրել էր արդարության վրա: Ասում էր, որ բուհական տարկետումը փախուստի դուռ է, որ բոլորը պետք է ծառայեն, և չպետք է լինի ոսկե երիտասարդություն: Ամեն ինչ հասկանալի կլիներ, եթե չլիներ մի բայց. տարբեր տարեթվերին ՀՀ կառավարության 10-ից ավելի որոշմամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի 100-ից ավելի սան, ուսանող և միաբան ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից, իսկ 500-ից ավելին՝ տարկետում է ստացել, և նախարարը հարց ու պատասխանի ժամանակ չհաստատեց, որ այս պրակտիկան այլևս չի շարունակվի: Ճիշտ կլիներ, որ արդեն իսկ հստակ որոշմամբ գար խորհրդարան, հետո խոսեր արդարությունից:

Ոչ ոք չի վիճարկում, որ բուհական տարկետումները դարձել են փախուստի դուռ՝ բազմաթիվ կոռուպցիոն մեխանիզմներով: Փախուստի դուռ են նաև բժշկական հանձնաժողովները. պաշտոնական վիճակագրության համաձայն` բանակից ազատվող100 հոգուց 90-ն ազատվում են բժշկական ցուցումով: Փախուստի դուռ է արտագաղթը: Փախուստի դուռ է զինակոչիկի՝ պաշտոնեական դիրքը չարաշահող հայրը: Բայց ո՞վ է բացել այս դռները: ՀՀԿ-ն17 տարի իշխանություն է, ու նրա ձեռքով են բացվել այս փախուստի դռները՝ առաջին հերթին հենց իրենց և իրենց մերձավորների համար:

Այս ամբողջի մեջ տարկետումը մի փոքր մաս է, որի վերացման և ընդհատված կրթության դեպքում պարագայում կա վտանգ, որ թեկուզ մի քանի ուսանող չի վերադառնա գիտական դաշտ, իսկ խուսափողները կօգտվեն այլ բաց դռներից՝ բժշկական հանձնաժողով, արտագաղթ և կոռուպցիոն այլ ձևեր: Մեր առաջարկն էր` սկսել փակել այն փախուստի դռները, որոնք ոչնչով չեն սպառնում կրթությանն ու գիտությանը: Միայն այն փաստը, որ բանակից ազատվող100 զորակոչվածից 90-ն ազատվում են բժշկական ցուցումով, վկայում է այն մասին, որ բժշկական հանձնաժողովները պետք է լինեին նախարարի ամենաթիրախավորված ոլորտը բարեփոխումներ սկսելու համար: Մեր առաջարկն էր սկսել ամենախորքային խնդրից, որ կասկածներ չմնան:

- Գիտությունը, ըստ Ձեզ, որքանո՞վ կտուժի այս նախագծի՝ օրենքի ուժ ստանալու դեպքում։

- Ես կարծում եմ` գիտությունը մեծապես տուժում է պետության կողմից աջակցություն չստանալու պատճառով: Տուժում է, երբ ՀՀ ԳԱԱ նախագահը Հայաստանն անվանում է քոսոտ երկիր ու վերընտրվում այդ պաշտոնում: Ես հասկանում եմ, երբ պաշտպանության նախարարը փորձում է իր ոլորտ գրավել երիտասարդներին՝ առաջարկելով տարբեր ծրագրեր և արտոնություններ: Իսկ ի՞նչ է առաջարկում կրթության և գիտության նախարարը, որ երիտասարդների համար գրավիչ լինի նաև կրթության և գիտության ոլորտը: Ես չեմ տեսնում որևէ համարժեք գրավիչ ծրագիր կրթության և գիտության ոլորտում, որը կոգևորի երիտասարդին, նրան գումար աշխատելու հնարավորություն կտա և հեռանկար կբացի: Իմ կարծիքով` խնդիր է, որ պետության վարած քաղաքականությունն այնպիսին է, որ երիտասարդի համար գումար աշխատելու, կարգավիճակ ստանալու, անգամ գիտական նվաճումներ ունենալու միակ հեշտ հասանելի դաշտը մնում է ռազմականը: Ի վերջո, ինչո՞ւ հարյուրավոր երիտասարդներ (չհաշված մի փոքրիկ խումբ) դուրս չեկան փողոց և չդժգոհեցին տարկետման վերացման համար: Որովհետև նրանցից շատ քչերն են տեսնում իրենց ապագան գիտության մեջ, որովհետև պետությունը նրանց գիտական կարիերա անելու հեռանկար չի տալիս, որպեսզի նրանք պայքարեն դրա համար: Ի՞նչ է ստացվում. որ, իսկապես, փախուստի դռան մոտ կանգնած մարդիկ են մեծամասնությունը: Եվ սա միանշանակ իշխանության մեղքն է:

- Շատերը նշում են, որ գիտնականներին չպետք է տանել առաջնագիծ, որովհետև այդպիսով նրանց դնում ենք թնդանոթի կրակի տակ, իսկ դա զգալի վնաս կհասցնի գիտությանը։ Տարկետման իրավունքը հանելու դեպքում, արտագաղթը չի՞ ավելանա։

- Ընդունված պրակտիկա է, որ հաջողության հասած յուրաքանչյուր գիտնականի կամ մարզիկի դեպքում տարկետման կամ պարտադիր ծառայությունից ազատման հարցը կարող է որոշվել կառավարության առանձին որոշմամբ: Այո՛, ես էլ եմ կարծում, որ գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրենց տարիքին համապատասխան նվաճումների հասած մարդիկ պետք է ազատ լինեն իրենց ոլորտում աշխատելու և ստեղծագործելու, որովհետև նրանց աշխատանքի արդյունքը հանրային կարևորություն և օգտակարություն ունի: Չեմ կարծում, որ տարկետումն է այն հանգամանքը, որ մարդկանց հետ է պահում արտագաղթից: Արտագաղթի ավելի լուրջ պատճառներ էլ կան Հայաստանում. պատերազմի վտանգը, բանակային ծառայության վտանգները, 570-ից ավելի համայնքներում խմելու ջրի խնդիրը, գործազրկությունը կամ քիչ վարձատրությունը…

- Ծառայությունից հենց պաշտոնյաների որդիներն են խուսափում։ Կարծում եք` այս օրենքը կարող է զսպաշապի՞կ լինել։

- Սա էլ է բանակից խուսափելու հիմնական պատճառներից մեկը: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանում տաժանակիր աշխատանք անող մարդը չփորձի իր որդուն Ռուսաստան տանել, եթե գիտի, որ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի տղան չի ծառայում: Այս հարցում եթե ոչ զսպաշապիկ, ապա գոնե խտրականության ու անարդարության դեմ ձայն բարձրացնող կարող են լինել միայն հանրային վերահսկողությունը, պահանջը ու անկաշկանդ լրատվությունը:

- Եզրափակիչ ելույթում պաշտպանության նախարարը, անդրադառնալով «Ելք» դաշինքի պատգամավորներին, կոնկրետ մեղադրանքներ հնչեցրեց:

- Ինձ համար մի փոքր անսպասելի էին նախարարի հեգնական պատասխաններն ու մեղադրանքները, որոնք, ի դեպ, իրականությանը չեն համապատասխանում: Նա ասաց, թե Էդմոն Մարուքյանը չի ծառայել բանակում, մինչդեռ լիարժեք երկու տարի ծառայել է: Իսկ Արարատ Միրզոյանը ՊՆ պատվոգիրը ստացել է ապրիլյան պատերազմից հետո որպես կամավոր շուրջ մեկ ամիս դաշտային և ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար: Ինչ վերաբերում է նախարարի այն խոսքին, թե ընդդիմությունը 18 հոգու հետևից է ընկել (նկատի ունենալով այս տարի Գևորգյան ճեմարան ընդունվածներին), ապա ինձ համար խնդիրն առավելապես արդարության շահարկումն էր: Թեև նախագիծն ունի իր դրական կողմերը, բայց մենք դեմ ենք քվեարկելու, քանի որ չունենք վստահություն և չենք պատրաստվում պատասխանատվություն ստանձնելու բացված փախուստի դռների համար:

Մանե Հարությունյան

MediaLab.am