«Վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության». Հայտարարություն՝ Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագծի վերաբերյալ

16-11-2017
3616 դիտում
«Վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության». Հայտարարություն՝ Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգից տեղեկացանք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի անվանումը փոխվել է։ Այժմ օրենքի նախագիծը հանդես է գալիս «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերտառությամբ։

Դեռևս վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության։ Անհատի պաշտպանության ու աջակցության շեշտադրումից փոխվելով դեպի ընտանեկան համերաշխություն, որն իրավական որևէ սահմանում չունի և հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձևակերպումների հետ։ 

Նշենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ի սկզբանե բարձրաձայնել է նախագծում տեղ գտած  մի շարք խնդիրների մասին, սակայն այժմ, նմանատիպ՝ կոնցեպտուալ, գաղափարական և մարդու իրավունքների հիմնադրույթներն անտեսող փոփոխություններից հետո, իր անհամաձայնությունն է հայտնում նման նախագծի առնչությամբ։

Այժմ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի իրավաբաններն ուսումնասիրում են նախագծում տեղ գտած փոփոխությունները, և շուտով մենք մանրամասն անդրադարձ և իրավական գնահատական կհնչեցնենք՝ ամեն փոփոխված դրույթի վերաբերյալ։

Մինչ այդ, որպես ընտանեկան բռնության խնդրով զբաղվող հասարակական հիմնական մասնագիտացված կառույց, ՀՀ կառավարությունից և ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջում ենք․

Ա․ Վերականգնել օրինագծի նախկին անվանումը, որը բխում էր անհատի իրավունքի պաշտպանության հրամայականից և համապատասխանում՝ ընտանեկան բռնությունը կարգավորող իրավական փաստաթղթերի միջազգային ձևակերպմանը։ 
Բ․ Զերծ մնալ օրինագծում՝ մարդու իրավունքներին և միջազգային իրավական նորմերին հակասող,   օրինագիծը խեղաթյուրող փոփոխություններ իրականացնելուց։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա