«Հիմա և՛ ինքը չկա, և՛ Շուշին, մայիսի 9-ին էլ Շուշի չենք գնալու»․ գեներալ-մայոր Արայիկ Գրիգորյանը զոհվել է առաջնագծում՝ զինվոր «խոխեքի» կողքին

ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր 51-ամյա Արայիկ Գրիգորյանը պատերազմի առաջին օրերից առաջնագծում էր. սկզբում՝ «Եղնիկներում», հետո՝ Հադրութում, այնուհետև՝ Սղնախ գյուղում, որտեղ էլ պատերազմի ավարտից մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 5-ին, երեք զինակիցների հետ անհավասար մարտում զոհվել է: 

Զինակիցները պատմում են՝ Գրիգորյանը հատուկ նշանակության ջոկատի կազմում նախընտրել է լինել շարքային զինվորի կողքին և անմիջականորեն պատերազմի դաշտում վարել մարտը: Շարքային հատուկենտ զինվորները, որոնք հիմա ողջ են մնացել, Արայիկ Գրիգորյանին հիշում են որպես հոգատար, ամեն պահի քաջալերող հրամանատարի:

«Գիշերն անցնում էր շարքերով, դուխ տալիս, որ չվախենանք: Երբ ջրի պակաս էր լինում, ջուր էր ուղարկում, ուտելիք էր ուղարկում, իսկ մարտի ժամանակ անում էր այնպես, որ ջահելներին չծանրաբեռնի»,- պատմում են հատուկ նշանակության ջոկատի ծառայողները:

Գրիգորյանը պատերազմը սկսվելուց շատ չանցած որոշում է թողնել գրասենյակից կառավարումը և մեկնում դիրքեր, որ լինի շարքային զինվորների կողքին, որոնք անհավասար պայքար էին մղում հակառակորդի դեմ։

Արայիկ Գրիգորյանի ավագ դուստրը՝ 28-ամյա Մարիամ Գրիգորյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է, ամեն անգամ հուզվում է, երբ խոսում է հոր մասին։ Ասում է՝ անսահման ցավում է։

«Ես իրեն ասում էի՝ դա քո տեղը չի, արի Ստեփանակերտ՝ քո աշխատավայր, էդտեղից կառավարի, ինքն ասում էր՝ չէ՛, գիտես, Մարիա՛մ, խոխեքը մենակ են։ Երբ որ ինքը զոհվեց, իր վարորդը պատմում է, որ նրա վերջին խոսքերը էդ բառն էր՝ խոխեքը, խոխեքը։ Իր մանկության ընկերոջ տղան ևս զոհվեց, միասին էին, վերջում տվել է նաև այդ երեխայի անունը՝ խոխեքը, խոխեքը ու Յաշկան»։

Մարիամն ասում է՝ հայրը երբեք չէր պատկերացնի, որ պատերազմը նման ավարտ կունենա, քանի որ միշտ ասում էր՝ «սպասեք, ամեն ինչ լավ ա լինելու»: Պատերազմից հետո Արցախի տարածքների և մարդկային հսկայական կորուստների համար, Մարիամի խոսքով, հայրը խոր ցավ կզգար. «Հայրս շատ զգայուն էր, հոգեբանական շատ ծանր հուզումնալից վիճակում կլիներ»:

«Պատմում են՝ որ շատ ոգի էր տալիս ու շատ լավատես էր։ Մենք որ հեռուստացույցով լուրերն էինք նայում, կարդում, ընկճվում էինք, ասում էինք՝ լավ չի լինի, բայց խոսում էինք իրա հետ՝ ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու»,- հիշում է Մարիամը։

Գրիգորյանների ընտանիքը չի համակերպվում Արայիկ Գրիգորյանի մահվան հետ: Երկու թոռնիկները չգիտեն, որ պապը մահացել է, իսկ նրա բացակայության հետ կապված պատմություններն ավարտվում են՝ «պապիկը Երևանում է, շուտով կգա» պատճառաբանություններով: 

«Բավականին ծանր զգացողություններ են, մենք մինչև հիմա չենք հավատում։ Գիտենք, որ ինքը ֆիզիկապես չկա, բայց երեկոները, երբ աշխատանքից տուն ենք գնում, սպասում ենք, որ աշխատանքից կգա: Նա աշխատանքով այնքան ծանրաբեռնված էր, ուշ էր տուն գալիս, մտածում ենք՝ կամ ինքը դեռ աշխատանքի ա, կամ հանդիպման, ու շուտով կգա»,- հուզվում է դուստրը։

Մարիամը հիշում է, որ նախորդ տարվա փետրվարին մայրը, հայրը և ինքը իր ծննդյան օրը, Երևանում են եղել: Հայրը ցույց է տվել այն ծննդատունը, որտեղ ինքն է ծնվել, այն շենքը, որի բնակարաններից մեկում ընտանիքը ապրել է որոշ ժամանակ: Խոստացել էր իրենց ընտանիքի համար այլ կարևոր վայրեր ևս ցույց տալ: 

«Բայց կիսատ մնաց»,- դողացող ձայնով ասում է Մարիամը: 

Այսօր արդեն Գրիգորյանները այցելության հիմնական վայրը դարձել է Եռաբլուրը, որտեղ հազարավոր հերոսների կողքին հուղարկավորված է Արայիկ Գրիգորյանը։

Գեներալ-մայոր Արայիկ Գրիգորյանը Արցախի պետական սահմանները պաշտպանելիս մարտական գործողություններում ցուցաբերած անձնական խիզախության, արիության և հմուտ գործողությունների համար ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: 

Գրիգորյանը 1995-ի հոկտեմբերի 19-ից ծառայության է անցել է Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ, 2019-ի նոյեմբերի 15-ից Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալն էր: Դրանից մի քանի օր անց Արցախի նախագահի հրամանագրով Գրիգորյանին շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում:

Մարիամը նշում է, որ հայրը շատ կարգապահ ու ճշտապահ էր, նվիրված ու շատ ուշադիր հարազատների նկատմամբ: Այդ բնավորության գծերը Մարիամն ինքը ժառանգել է հորից: 

«Ամենանածանր պահին հայրս կարող էր այնպիսի խորհուրդ տալ, որը սիրտդ կհովացներ։ Մայրիկի համար էլ, անկեղծ ասած, շատ ծանր է, որովհետև հայրիկը հուսալի հենարան էր՝ և եղբայր էր, և ընկեր էր, և ամուսին, անչափ հոգատար էր, այդ հոգատարությունը աննկարագրելի է»,- ասում է Մարիամը։

Մարիամը նշում է, որ հոր հետ եղել են ոչ թե հայր-դուստր հարաբերություններ, այլ ավելին՝ ընկերներ են եղել, ցանկացած հարց միասին են քննարկել: Ասում է, որ իր համար հայրը գլխավոր խորհրդատուն և աջակիցն էր։

«Չկար մի թեմա կամ մի հարց, որ միասին չքննարկեինք, սովորություն ունեինք, անկախ հորս աշխատանքային ծանրաբեռնվածությունից կամ ինչ-որ այլ հանգամանքից, ես ու հայրս ամեն երեկո քայլում էինք Ստեփանակերտում, քայլելիս քննարկում էինք, գաղափարներով էինք կիսվում»,- կարոտով ասում է Մարիամը։ 

Երիտասարդ աղջկա և հոր զրույցի թեման անսահմանափակ է եղել՝ քաղաքականությունից մինչև մարդկային հարաբերություններ. 

«Մեր հարաբերությունները ջերմ էին ու ընկերական: Երբ խնդիրներ էի ունենում, կիսվում էի իր հետ, զրուցում էինք, և ես միշտ զարմանում էի՝ ինչպես էր նա միշտ իմաստուն լուծումներ առաջարկում: Միշտ նրա առաջարկած հարցի լուծումը ամենաճիշտն էր: Եվ հիմա ես ամենաշատն ունեմ նրա ներկայության, նրա խորհուրդների, մեր հետաքրքիր զբոսանքների ու օրերի կարիքը»:

Մարիամն ասում է, որ հոր զոհվելուց հետո ընտանիքի համար կյանքն իմաստազրկվել է:

«Երբեմն փորձում եմ մոտիվացիա գտնել, ասում եմ՝ ինքն այդքան բանի է հասել, այդքան էներգիա է դրել, որ մենք լավ լինենք, ինքը գնաց հանուն հայերի արժանապատվության, փորձում եմ որևէ կերպ իր կիսատ թողածը անել»։
Մարիամը հիշում է, որ մայիսի 9-ին ավանդույթ կար՝ հայրը տոնական հագնվում էր, պատրաստվում և աշխատակիցների հետ գնում Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատուն, այնուհետև՝ Շուշի՝ մասնակցելու տոնական միջոցառումների: Այժմ դուստրը ցավով ընդգծում է, որ ոչ Շուշին կա, ոչ էլ հայրը։

«Նրա կենդանության օրոք Շուշին հայկական էր։ Եթե նա ողջ լիներ, մեծ ցավ կապրեր, շատ լուրջ էներգիա և առողջություն էր ներդրել, որ երկիրը կայանա, համապատասխան ոլորտը զարգանա, եթե իմանար՝ այսպիսի ընթացք է եղել, շատ ծանր ապրումներ կունենար։ Հիմա և ինքը չկա, և Շուշին։ Մայիսին 9-ին էլ Շուշի չենք գնալու»,- հուզմունքով ասում է Մարիամը։

Չկան նաև Դիզափայտը, Կատարոն, որտեղ պատերազմից առաջ՝ սեպտեմբերի 6-ին, ընտանիքով ուխտագնացության էին մեկնել: «Դա մեր ընտանեկան վերջին ջերմ հիշողությունն է»,- ասում է նա:

Երիտասարդ աղջիկն այժմ մի երազանք ունի՝ ապրել ու գործել այնպես, ինչպես հայրը՝ արժանապատիվ, կարգապահ, բարոյական վեհ նպատակների հետևելով, մարդկանց նկատմամբ հարգալից ու նրանց օգնելով:

«Հիմա եթե ապրում ենք առանց նրա, փորձենք ինչ-որ կերպ նրա արժանի ժառանգը լինել։ Այնպես ապրենք, որ նա միշտ հպարտանա, որովհետև նա միշտ այնպես էր անում, որ ես, քույրս և մայրիկս և, ընդհանրապես, հարազատներս հպարտանանք»,- ասում է Մարիամը։

Արփինե Արզումանյան

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am