«Meds Yeghern». Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին խուսափեց «ցեղասպանություն» բառից

«Meds Yeghern». Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին խուսափեց «ցեղասպանություն» բառից
«Meds Yeghern». Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին խուսափեց «ցեղասպանություն» բառից

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում` նախկին տարիների նման կրկին անգամ խուսափել է  «ցեղասպանություն» բառից այս անգամ եւս նշելով` հայերեն «Մեծ Եղեռն»:
Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը` մեջբերելով ԱՄՆ նախագահի ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ  ելույթի ամբողջական տեքստը:
«Մենք բոլորս այսօր հիշում ենք Մեծ եղեռնը և հարգանքի տուրք մատուցում նրանց, որոնք զոհվել են 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկի հետևանքով: 98 տարի առաջ` Օսմանյան կայսրության գոյատևման վերջին տարիներին, 1,5 մլն հայեր սպանդի են ենթարկվել և զոհվել աքսորի ճանապարհին:

Հարգանքի տուրք ենք մատուցում` հիշատակելու համար կորսված կյանքերը և հիշելու համար նրանց աննկարագրելի տանջանքները: Միանում ենք ամբողջ աշխարհում և այստեղ` ԱՄՆ-ում, զոհերին հարգանքի տուրք մատուցող նահանգներին, կազմակերպություններին, համայնքներին և ընտանիքներին: Ինքներս մեզ հիշեցնում ենք նաև պատմության նման մութ էջերի կրկնությունը թույլ չտալու մեր պարտավորության մասին:

Ես լիովին հավատարիմ եմ 1915թ. տեղի ունեցածի վերաբերյալ իմ տեսակետին և այն չի փոխվել: Մեր բոլորի շահերից է բխում փաստերի ամբողջական, ազնիվ և արդարացի ընդունումը:

Պետություններն առավել հզոր են դառնում անցյալի ցավոտ տարրերն ընդունելու և դրանց հետ հաշվի նստելու միջոցով` այսպիսով հիմք դնելով առավել արդարացի և հանդուրժողական ապագայի համար: Միացյալ Նահանգներում մենք ըստ արժանվույն ենք գնահատում այս դասերը, քանի որ փորձում ենք հաշվի նստել մեր պատմության ամենամութ որոշ հատվածքների հետ:

Մենք ողջունում ենք այս ճանապարհին ոտք դրած խիզախ հայերին և թուրքերին ու հորդորում ենք առավել մեծ թվով մարդկանց կատարել նման քայլեր՝ իրենց և իմ երկրների կառավարությունների աջակցությամբ:

Հայ ժողովրդի պատմությունն ու ժառանգությունը վկայում են անսանձելի ոգու և հսկայական դժբախտություններին և տառապանքներին դիմադրելու մեծ կարողության մասին:

Միացյալ Նահանգներն առավել հզոր է դարձել մեր հասարակությանը, մեր մշակույթին և մեր համայնքներում ամերիկահայերի ունեցած ներդրումների շնորհիվ: Մենք որոշ չափով փոխհատուցում ենք այս ներդրումը՝ աջակցություն ցուցաբերելով հայ ժողովրդին, որն աշխատում է կառուցել այնպիսի պետություն, որը հպարտություն կպատճառեր իրենց նախնիներին, պետություն, որտեղ հարգանքով են վերաբերվում ժողովրդավարության, մարդու ազատության և արժանապատվության նկատմամբ:

Այսօր մենք միանում ենք ամենուրեք ապրող հայերին` հիշելով Մեծ Եղեռնի սարսափը, հարգանքի տուրք մատուցելով նահատակների հիշատակին և վերահաստատելով Հայաստանի ժողովրդի նկատմամբ մեր հարատև նվիրվածությունը»,-նշել է Բարաք Օբաման:

© Medialab.am