«Ինչքա՞ն կարող են զոհվել մեր զինվորները, երեք հոգի ջրահեղձ են լինում, երեքը ականի վրա են պայթում, ո՞վ է պատասխան տալու». Ժաննա Ալեքսանյան

23-11-2017
4810 դիտում
«Ինչքա՞ն կարող են զոհվել մեր զինվորները, երեք հոգի ջրահեղձ են լինում, երեքը ականի վրա են պայթում, ո՞վ է պատասխան տալու». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

- Տիկի՛ն Ալեքսանյան, նախօրեին ականի պայթյունից երեք զինծառայող է զոհվել, մեկը ծանր վիրավոր է։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էիք արել, որ Վիգեն Սարգսյանն անձամբ պարտավոր է բացատրություն տալ և դեպքի մանրամասները ներկայացնել հանրությանը։ Ինչո՞ւ ունենք այս վիճակը, և ովքե՞ր են պատասխանատու տեղի ունեցածի համար։

- Վիգեն Սարգսյանն է ստանձնել պաշտպանության համակարգի պատասխանատվությունը և ներկայանում է որպես հայրենասեր մարդ, մտահոգ նախարար, բայց մենք տեսնում ենք, որ զինվորների մահվան դեպքերը շատանում են, և լսում ենք անիմաստ մահերի մասին։ Ինչո՞ւ պետք է զինվորներն ականի պայթյունից մահանան, ո՞ւր է այդ վերահսկողությունը։ Ինչո՞ւ հանրությանը չի ներկայացվում այդ ամենը։ Սա ազգային սուգ է, երեք զինվոր ես կորցնում ու բացատրություն չե՞ս տալիս։ Ի՞նչ է եղել, որ երեք զինվոր ականի պայթյունից զոհվել է։ Ո՞վ է այդ զորամասի հրամանատարը և ինչո՞ւ վերահսկողություն չի իրականացրել։ Հրամանատարը պետք է հեռացվի իր պաշտոնից։ Արծրուն Հովհաննիսյանը հարցազրույց է տվել, որտեղ ոչ մի հստակ բան չի ասել, անտեղյակ են, թե ինչ է տեղի ունեցել։ Ինչքա՞ն կարող են զոհվել մեր զինվորները, երեք հոգի ջրահեղձ են լինում, երեքը ականի վրա են պայթում։Ո՞վ է պատասխան տալու։ Մահերի թիվն այնքան շատ է, որ չգիտես, թե ինչ անես։

- Կարո՞ղ ենք ասել, որ սա հերթական անփութության հետևանք էր։

- Նրանք ոչ մի կերպ չեն մեկնաբանում, բայց իմ տպավորությամբ, այո՛, վերահսկողություն չի իրականացվում, և զինվորներն անիմաստ զոհվում են։ Ու հետո` իրենք ասպիրանտներ են բանակ զորակոչում։ Պատասխան տվե՞լ են իրենք այս զոհերի համար։ Նախարարը պարտավոր է պատասխան տալ, պարտավոր է այցելել զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիք և մեղա գալ նրանց առջև։ Ոչ թե զինվորը մահանա, հետո ծնողի երեսը չուզենան տեսնել։

- Ստացվում է, որ բանակում խաղաղ պայմաններում ավելի շատ ենք կորուստներ ունենում, քան հակառակորդի գնդակից։ Ինչպիսի՞ն է դինամիկան վերջին տարիներին։

- Ես հիմա թվերը չունեմ, բայց եթե մենք սահմանին զոհեր ունենք, չպետք է ներսում էլ զոհեր ունենանք։ Բացի այդ, որևէ մեկը չի մտահոգվում այդ մահերով։ Երբեք որևէ մեկը չի նստում ասում՝ եկեք նստենք, տեսնենք` ինչ է պատահել, որ այսքան զոհվում են, ի՞նչ անենք, որ չզոհվեն։ Բացարձակ անտարբերություն է, մտահոգության բացակայություն։ Մենք չգիտենք` նախարարն ի՞նչ է անում այս ուղղությամբ, ընդհանրապես, որևէ մեկը պատժվո՞ւմ է այդ զոհերի համար, թե՞ ոչ։ Համատարած անպատժելիության մթնոլորտ է, իրենք իրենց մարդկանց ազատում են պատասխանատվությունից, իսկ խեղճուկրակ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները գնում զոհվում են, պաշտոնյաների երեխաները չեն ծառայում, չեն զոհվում, ու որևէ խնդիր չունի բանակը։ Մնացածն էլ ինչ ուզում է թող լինի։ Ա՛յ այս մոտեցումն է բանակում։

- Նախօրեին տարկետման իրավունքի համար պայքարող ուսանողները կլոր սեղանի շուրջ նստեցին իշխանության ներկայացուցիչների հետ։ Ձեր կարծիքով` այսկերպ հնարավո՞ր է հասնել փոփոխության, որ տարկետման իրավունքը վերականգնվի։

- Ես չեմ կարծում, որ հնարավոր է որևէ փոփոխության հասնել։ Այս իշխանությունը, հատկապես հանրապետականները, որևէ զիջում համարում են պարտություն։ Անհանդուրժող իշխանությունն ինչպես ուզում, այդպես էլ անում է։ Ինչպես պատկերացնում են, ուզում են այդպես անել։ Մենք տեսանք, թե նրանք ինչ վերաբերմունք ունեին ուսանողների նկատմամբ, ինչ վերամբարձ տոների մեջ էին, ինչ կոպիտ էին հետները խոսում։ Այնքան էին չափն անցել, որ որոշեցին ձևական այս քննարկումն անել։ Ես չեմ հավատում, որ դա ինչ-որ արդյունք կտա։ Ասպիրանտներին բանակ զորակոչելու փոխարեն թող կանխեն այդ մահվան դեպքերը։ Ես չգիտեմ, թե ասպիրանտներից հետո ո՛ւմ են զորակոչելու բանակ։

- Ձեր կարծիքով՝ այս իրավիճակն ինչի՞ կհանգեցնի, գիտության վնասը մե՞ծ կլինի։ Տարկետման իրավունքը հանելու նպատակը սոցիալական արդարություն հաստատե՞լն է, թե՞ ընդհանրապես բանակում զինվորների թվաքանակի խնդիր կա։

- Հայաստանում գիտությունն այնքան մոռացված է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են իշխանության մեջ ներգրավվում կրիմինալի հետ կապ ունեցող անձինք։ Ի՞նչ գիտություն նրանց համար, իշխանության համար գիտություն գոյություն չունի, դրա համար էլ կեղծ են համարում ուսանողների բողոքը։ Իսկ ուսանողները պայքարում են իրական արժեքների համար։ Ինչպես ասացին բողոքի ելած տղաները, այո՛, բանակը պետք է գա դեպի գիտություն, որ բանակում փոխվի անկիրթ ու անպատժելիության մթնոլորտը։ Ես կարծում եմ, որ նրանք բանակը համալրելու խնդիր ունեն և ամեն գնով երիտասարդներին տանում են` պաշտոնյաների զավակների փոխարինելու համար։

- Բայց նշվում է, որ առաջին հերթին հենց պաշտոնյաների զավակներին են բերելու բանակի դաշտ, որ այս նախաձեռնություններով թափանցիկ են դարձնելու գործընթացները, կանխելու են կոռուպցիան։

- Իշխանությունները պարզապես ստում են։ Մենք չենք տեսել որևէ բան, որ ասվում և արվում է՝ Սերժ Սարգսյանից սկսած։

- ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե ինքը տեսել է առաջնագծում ծառայող պաշտոնյաների երեխաների։ Դուք, որ այսքան տարի ուսումնասիրում եք դաշտը, լինում եք զորամասերում, հիշո՞ւմ եք երբևէ նման դեպքի մասին։

-Եթե Վահրամ Բաղդասարյանը նման բան է ասում, թող մի օրինակ բերի։ Նա անուն չի հնչեցնում, իսկ դա նշանակում է, որ մենք նրան չհավատալու հիմքեր ունենք։

Մանե Հարությունյան

MediaLab.am