«Նախագծում տեղ գտած հաշտության ինստիտուտի ուժեղացումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել և ավարտվել ավելի լուրջ բռնությամբ». իրավապաշտպան

10-12-2017
7534 դիտում
«Նախագծում տեղ գտած հաշտության ինստիտուտի ուժեղացումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել և ավարտվել ավելի լուրջ բռնությամբ». իրավապաշտպան

Ընտանեկան բռնության զոհերի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններն աշխատանքներ են իրականացնում, որպեսզի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծում տեղ գտած հասկացությունները, նախքան Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ նախագծի ընդունումը, փոփոխությունների ենթարկվեն: «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը:

«Հնարավոր է, որ հասկացությունների մասով, օրինակ՝ ավանդական արժեքների, համերաշխության վերականգնման ձևակերպումները փոփոխվեն: Մենք կաշխատենք որոշ պատգամավորների հետ, որպեսզի նրանք նման նախաձեռնությամբ ու առաջարկով հանդես գան: Իսկ «ընտանիքում բռնություն» հասկացությունը պետք է փոխվի «ընտանեկան բռնություն» բառերով»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Հիշեցնենք, որ կառավարությունը փոխել է «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի անվանումը՝ դարձնելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծ: Ազգային ժողովում բուռն քննարկումներից հետո դեկտեմբերի 8-ին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները խնդրահարույց են համարում թե՛ օրենքի նախագծի անվանման փոփոխությունը, թե՛ դրանում տեղ գտած որոշ հասկացություններ: Մասնավորապես, նրանք ահազանգում են, որ խնդրահարույց է այն, որ նախագծի թե՛ անվանումից, թե՛ ընդհանրապես նախագծից հանվել է «ընտանեկան բռնություն» եզրույթը, այն փոխարինվել է «ընտանիքում բռնություն» եզրով, ինչն իրավական տեսանկյունից լուրջ խնդիր է ստեղծում:
Նաև՝ նախագծում որպես սկզբունք է սահմանվել ընտանիքում ավանդական արժեքների պահպանումը և ընտանեկան համերաշխության վերականգնումը: Այս եզրույթները ևս, ըստ նրանց, իրավական սահմանում չեն:

Նրանք բողոքի ակցիաներ էին արել և նամակով դիմել կառավարություն, ներկայացնելով իրենց առաջարկությունները, սակայն կառավարությունը մերժել է դրանք: «Մեզ պատասխանել են, թե այն խնդիրները, որոնք առաջ ենք քաշել, չունեն իրավական այդպիսի սուր հիմքեր: Արդարադատության նախարարությունը կարծես թե փորձել է արդարացնել այն բոլոր փոփոխությունները, որոնք իրենք կատարել են:
Նախագծում տեղ գտած այդ հասկացությունները միասնականության իմաստով հակասում են նաև «Իրավական ակտերի մասին» օրենքին, որովհետև մենք «Սոցիալական աջակցության մասին» օրենքով արդեն ունենք «ընտանեկան բռնություն» հասկացության սահմանումը: Այսպիսով, մեկ երևույթի մասին երկու տարբեր իրավական ձևակերպումներ են լինում»,- ասաց Զառա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նախագծում տեղ գտած հաշտության հետ կապված ինստիտուտի ուժեղացումը շատ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, որովհետև պրակտիկայում ցանկացած նման փորձ ավարտվել է ավելի լուրջ բռնությամբ, իսկ երբեմն նաև՝ մահվան ելքով: Հատկապես, ըստ նրա, խնդրահարույց է ավանդական արժեքի ամրագրումն օրենքում, ինչն ընդհանրապես իրավական սահմանում չունի և հակասում է իրավական որոշակիության սկզբունքին:

Նշենք, որ խորհրդարանում քննարկումների ժամանակ պատգամավորները փորձում էին պարզել, թե ինչ նկատի ունեն իշխանության ներկայացուցիչները՝ ավանդական ընտանիք ասելով: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նման բացատրություն էր տվել. «Շատերն ասում են, թե ո՞րն է ավանդական ընտանիքը, ես ասեմ՝ ավանդական ընտանիքը դասական ընտանիքն է՝ հայրիկի և մայրիկի միությամբ, որտեղ ծնվում են առողջ երեխաներ, և որոնք մեր հասարակության ապագան են»:

«Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանը աբսուրդ է որակում այս բացատրութունները: «Ոչ մի բացատրություն չկա, թե ավանդական ընտանիքն ինչ է: Յուրաքանչյուրն իրեն հարմար բացատրություն է տալիս: Ես էլ կարող եմ ասել՝ ավանդական ընտանիքն ինձ համար այն ընտանիքն է, որը համերաշխ է, անկախ նրանից, թե այդ ընտանիքում հայր ու մայր են, թե մայր ու դուստր: Հետո՝ ավանդույթները դարերի ընթացքում փոխվում են, դրա համար մի քիչ աբսուրդ է, որ օրենքի միջավայրում այդ կոնցեպտները ներառվեն: Եթե օրենքից ենք խոսում, հստակ իրավունքներից պետք է խոսենք, անկախ նրանից, թե ով է այդ ընտանիքի անդամը»,- «Մեդիալաբին» ասում է Լարա Ահարոնյանը:

Նա նկատում է, որ Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ բացահայտվեց, որ որոշ պատգամավորներ վախեցած են այս նախագծից: Դա ակնհայտ երևում էր այդ պատգամավորների ելույթներից:

«Բռնությունն իրենց ընտանիքներում շատ լավ ամրացված է, դրա համար այդ վախն իրենց մեջ է մտել, որ հիմա կանայք կազատագրվեն ու իրենց դատի կտան: Եթե դու բռնություն չես կիրառում, չես վերահսկում քո կնոջ ամեն ինչը, դու չպետք է վախենաս նման օրենքից և ոչ էլ պետք է այդքան աբսուրդ արտահայտություններ անես: Եթե իրենց այդպես են պահում, ուրեմն ինչ-որ բանից վախենում են»,- ասում է Ահարոնյանը:

Նա հավելում է, որ մյուս կողմից էլ՝ շատ կարևոր է օրենքով պաշտպանական մեխանիզմների ամրագրումը, ինչը կա: Այսինքն՝ նախագիծը հակասական է, մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ: Այն կազմակերպություններին, որոնք ընտանեկան բռնության զոհերի իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում, հենց այսօր պետք են այդ պաշտպանական մեխանիզմները: Հետևաբար, ըստ Լարա Ահարոնյանի, ինչքան շուտ օրենքը վերջնական ընդունվի ու գործի, այնքան լավ:

Լառա Ահարոնյանն ասում է, որ իրենք աշխատելու են, որ թեկուզ տարիներ անց այս օրենքում փոփոխություններ կատարվեն: Ըստ նրա՝ պետք է անպայման փոփոխվեն այդ անընդունելի ու խայտառակ ձևակերպումները:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am