Հացադուլը դադարեցված է. Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է հայրենակիցներին

Հացադուլը դադարեցված է. Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է հայրենակիցներին
Հացադուլը դադարեցված է. Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է հայրենակիցներին

“Նախ անտեսում են քեզ, հետո` արհամարհում, ապա հարձակվում են քո վրա, իսկ վերջում դու հաղթում ես”. Մահաթմա Գանդի:
360 ժամ առաջ ես՝ որպես հպարտ եւ իրավազրկված քաղաքացի, մեր պետական դրոշով զինված, մտա Ազատության հրապարակ: Այս երկու շաբաթների քաղաքացիական ծոմ-հացադուլը, որը կրում է «Ծոմ ազատության» խորագիրը, ես նվիրում եմ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության երկրորդ տասնամյակի տարեդարձին:
Եվ հիրավի` Ազատության այս քաղաքացիական սրբավայրը, ինչպես բոլորս գիտենք, վերջին շաբաթների ընթացքում առանց խտրականության կամ հարանվանության, առանց հատվածապաշտության, դարձել է այդ նույն արժեքների` ազատության, անկախության, ինքնիշխանության, ազգի միասնության հավաքատեղի:

Եվ եթե գործող իշխանություններից տակավին չի եղել քաղաքականության մեջ, պահի ճակատագրականության գիտակցման մեջ էական փոփոխություն, մենք` բոլորս, կարծում եմ, քաղաքական եւ քաղաքացիական ողջ տարրապատկերում տեսնում ենք, որ հասարակության մեջ` ալեհերից մինչեւ մտավորական եւ, հատկապես, երիտասարդություն, մենք ապրել ենք ոգու եւ գիտակցության բարձրացման մի հանգրվան: Այլեւս ժամանակն է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները գիտակցեն բանականությամբ եւ ոգով, որ իրենք են մեր պետականության, քաղաքական օրակարգի եւ մեր սերունդների ճակատագրի տերը:

Այստեղ մենք տեսանք, որ բանավեճերի, զորակցական այցելությունների, երգ ու պարի ազատության միջոցով մեր ժողովուրդը պահանջում է իշխանության վերադարձը իրեն, պահանջում է թե՛ ընտրական եղանակներով, թե՛ ըստ էության: Մենք տեսանք, որ հայ ժողովուրդը մերժում է կուսակցապետության վտանգը, որն այսօր տարածվում է մեր երկրում, խորապես գիտակցում է, որ պետք է մեկընդմիշտ վերացնել իշխանական կոռուպցիան, շահի բախումը, հացի, աշխատանքի, մայրենի լեզվի, մաքուր միջավայրի իրավունքը վերադարձնել ժողովրդին: Ալեհերից մինչեւ երիտասարդություն կա այն գիտակցումը, որ մեր արտաքին խնդիրները կլուծվեն միայն ներքին ժողովրդավարությամբ եւ ազատությամբ, Արցախի հարցում` նրա սահմանադրական սահմաններով Հայաստանի կողմից դե յուրե ճանաչմամբ, Թուրքիա-Հայաստան հարաբերություններում` ամոթաբեր եւ հակապետական, ապազգային ու հակաիրավական արձանագրություններից ստորագրությունների հետկանչմամբ:

Այս ամենն արդեն օրակարգում է, եւ անհրաժեշտ է, որ առաջիկա շաբաթների ու ամիսների ընթացքում այն, ինչ մեկնարկել է, գտնի իր շարունակությունը: Ես ուժեղացած եմ, օրհնված, հզորացած, այս թեկուզ մի քայլ գիտակցմամբ, ոգու մի աստիճան բարձրացմամբ, բայց գործը տակավին արված չէ:

Միաժամանակ ինձ ցնցել, հուզել է իմ համաքաղաքացիների ինքնաբուխ, անհրավեր արձագանքն իմ համեստ քաղաքացիական ահազանգին: Կարեւորը ոչ միայն քանակն է, այլեւ որակը, որ վերջին 15 օրերի ընթացքում կար Ազատության հրապարակում: Հազարավոր համաքաղաքացիներ, մտավորականներ, ոչ կառավարական կազմակերպություններ, լրագրողներ, բնապահպաններ, քաղաքական կուսակցություններ, երիտասարդներ, դպրոցականներ եւ շարքային մարդիկ եկել են ոչ միայն զորակցելու, այլեւ իրենց մտահոգությունը, սրտի ցավը ինձ փոխանցելու համար: Ես ասել եմ եւ կկրկնեմ` իմ մեծագույն ցավն այսօր այն է, որ ուրիշներին եմ ցավ եւ մտահոգություն պատճառել: Ինքս չեմ զգում ոչ ցավ, ոչ էլ քաղց:

Այս համատարած զորակցության, հորդորների, կոչերի հենքին բոլոր դեպքերում ես ունեմ իմ ներքին ժամանակացույցը, իմ կամքը, իմ քաղաքացիական դիրքորոշումը: Այս կոչերն ինձ համար շատ թանկագին են, բայց երբեւէ չեմ ակնկալել, որ որեւէ աշխարհիկ կամ հոգեւոր առաջնորդ այցելի ու խնդրի ինձ, որպեսզի դադարեցնեմ հացադուլը: Ես միշտ ապավինել եմ իմ ներքին զգացողությանը, որովհետեւ ուզում եմ առաջին հերթին հավատարիմ լինել ինքս ինձ եւ ապա` բյուրավոր մեր համաքաղաքացիների սրտացավ խնդրանքներին:

Դրան ավելացան վերջին շրջանում իմ մասին հոգ տանող բժիշկների հետազոտությունները, խնդրանքներն ու հորդորները, ովքեր արդեն մասնագիտորեն պնդեցին, որ թեւակոխում է առողջության համար խիստ վտանգավոր եւ անկանխատեսելի շրջան: Ես շնորհակալ եմ, Հայաստանն ունի այնպիսի շնորհալի, բարձրակարգ բժիշկ-մասնագետներ, որ ոչ մի տեղ չեք գտնի:

Այս ամենին գումարվեց ընտանեկան եւ անձնական մի պահ, որը կուզեի Ձեզ հետ կիսել. վաղը լրանում է իմ աչքի լույս Շուշիի` իմ դստեր 18 տարին, եւ նրան շնորհավորելով հանդերձ կամ շնորհավորելու համար ինձ նաեւ հաշիվ եմ տալու իմ ընտանիքի առջեւ: Հայաստանյան գործունեության բերմամբ` ես ինչ-որ տեղ թերացել եմ նաեւ իմ հայրական պարտականությունների մեջ` Կարինի, Տարոնի, Վանի, Շուշիի եւ Արմենի նկատմամբ: Եվ ունեմ իրենց եւ, հատկապես, Շուշիի հանդեպ անհուն սեր ու տակավին չմարված հայրական պարտք:

Այս բոլորը հանրագումարի բերելով եւ փորձելով տուրք չտալ տարատեսակ մեկնաբանությունների, բամբասանքների, մեր առօրյան ապականող զրպարտանքների, ես հավատում եմ, կարծում եմ` դուք նույնպես, որ հեռու չէ ազատության, Հայաստանի ապագայի եւ ճշմարտության լույսը: Բնականաբար` այն մոտեցնել ես միայնակ չեմ կարող, պետք է միասին անենք: Կիսատ մնացած գործը, անցնելիք ճանապարհը ոչ ոք առանձին չի կարող հաղթահարել: Դա բոլորիս պարտքն է` ամբողջացնել այդ ճանապարհը եւ հասնել բաղձալի նպատակին:

Քիչ հետո ես պիտի խնդրեմ տեր Գրիգորին, որ իր աղոթքով, խորհրդանշական հացի օրհնությամբ եւ կիսմամբ Ազատության ծոմի առաջին արարն ավարտված համարել:

Բայց դա չի նշանակում, որ պայքարն ավարտվում է: Սա երկար շղթայի սոսկ մի փոքրիկ օղակն է, որ տեղի ունեցավ այս հրաշալի հրապարակում վերջին 15 օրերի ընթացքում: Ես եւ մենք միասին դարձյալ պիտի վերադառնանք հրապարակ ու ամբիոններ` սահմանից սահման եւ մայրաքաղաքում հաջորդիվ քաղաքացիական ու քաղաքական գնահատական տալով երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին, գործող իշխանության պահվածքին, ընդդիմության շատ լուրջ հիմնախնդիրներին եւ, առաջին հերթին, այն քայլերին, միջոցառումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը եւ հայ ժողովրդին հնարավոր կործանումից, արյունից եւ այսօրվա անարդար, անիրավ վիճակի խորացումից ետ պահելու համար: Պետք է վերադառնանք եւ միասին շարունակենք այս պայքարը: Պայքար, որի մեջ չի լինելու առաջամարտիկ կամ հետնապահ, չի լինելու ընդգծված լիդեր կամ թիկունքային, անտեսված քաղաքացի: Միասին` բոլոր մասնագիտությունների, տարիքների մարդիկ եւ, հատկապես, երիտասարդությունը, որն ինձ մեծ լիցք է հաղորդում, պետք է մաս կազմեն այն ճանապարհի, որն, անտարակույս, մեզ տանելու դեպի ազատ, արդար, արժանապատիվ եւ իրավական Հայաստան: Այդ ապագան կերտենք արդեն այսօր, միատեղ ջանքով եւ` ի կատար:

Սրտաջերմ երախտագիտություն եմ հայտնում բոլոր իմ համաքաղաքացիներին, այստեղ աշխատած կամավորներին, իմ կողքին գիշերներ լուսացրած այս լուսավոր տղաներին, առաջին ցուրտ գիշերից մինչեւ վերջ ինձ այցելած գործընկերներին, լրագրողներին, մտավորականներին եւ շարքային քաղաքացիներին Հայաստանից, Սփյուռքից, Արցախից, բոլոր-բոլոր նրանց, ովքեր իրենց խոսքով, կոչով, հորդորով զորակցեցին, ինչով նաեւ իմաստավորվեց, հասունացավ հանգրվանային անցման այս շրջանը: Նմանապես բժիշկներին` նրանց բարձրակարգ մասնագիտական օգնության եւ մարդկային վերաբերմունքի համար:

Ուրեմն` ճանապարհը շարունակվում է, մենք դեռ շատ գործեր ունենք միասին անելու: Նոր շնչով, նոր լիցքով, նոր բանաձեւով եւ նոր Հայաստանի հավատամքով:

Հավատք եւ Հայրենիք:

30 մարտի 2011թ.

Երեւան, Ազատության հրապարակ