«Ուտելիքով բարեկեցություն որոշելը բնորոշ է աղքատ ժողովուրդներին, աղքատ մարդկանց». Անուշ Սեդրակյան

27-12-2017
7042 դիտում
«Ուտելիքով բարեկեցություն որոշելը բնորոշ է աղքատ ժողովուրդներին, աղքատ մարդկանց». Անուշ Սեդրակյան

Ամանորին հաշված օրեր են մնացել։ Ամեն տարվա նման այս տարի էլ շատերը ամանորը կդիմավորեն վարկով, պատքով, բայց ճոխ սեղաններով։

Հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը «Մեդիալաբի» հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչո՛ւ են մարդիկ Ամանորի ճոխ սեղանը վարկով, պարտքով նախընտրում ավելի խորքային խնդիրներից, նկատեց, որ դա ազգային արմատ ունի, որովհետև հայերն ընդհանրապես ուտելու մշակույթին շատ մեծ ուշադրություն են դարձնում, բայց այդ ուտելու մշակույթը զարմանալիորեն երբեք չի ներառել ուտելու էսթետիզմը, ինչպես, ասենք, ֆրանսիացիների մոտ։

«Շեշտադրումը հիմնականում արվում է քանակի վրա, որովհետև հայերի պատկերացմամբ՝ այդ քանակը հարստության, ուրիշներից տարբերվելու նշան է։ Բայց ուտելիքով բարեկեցություն որոշելը նաև բնորոշ է աղքատ ժողովուրդներին, աղքատ մարդկանց, և դա շատ վատ է, որ մենք ուտելիքի քանակով որոշում ենք մարդկանց դիրքը հասարակության մեջ և, ընդհանրապես, նրա բավարարվածությունը կյանքից։ Նույն շարքին կարող ենք դասել այդ կոկորդիլոսի ու ջայլամի մսերը, բոլոր այն էկզոտիկ ու ոչ տիպական կերակուրները, որոնք չեն ծառայում որևէ էքսկլյուզիվ համային բավարարմանը, բայց իրականում ինքնասիրության շոյիչ բաղադրիչներ են։ Դրանով մարդուն թվում է, թե ինքը տարբերվում է մյուսներից»,- ասաց հրապարակախոսը։

Նրա խոսքով՝ մեր մեղքն է, որ հասարակությունը դեռևս տարբերվելը, հաստատվելը, ինքնաբավ լինելը չափում է այդ չափանիշներով։ Բացի այդ, դա խորհրդային անցյալի մնացուկ է, որովհետև Հայաստանում շատ դժվար էր ուտելիք ճարել, և հիմա այդ ուտելիք ճարելու կոնցեպտը շարունակում է ապրել՝մանավանդ այդ սերնդի պատկերացումներում։

Սեդրակյանը նաև նկատեց, որ դա է պատճառը, որ հասարակության մեծ մասը չի կարողանում ունենալ այն տոները, որոնց իրենք արժանի են, այն է՝ ամանորը դրսում անցկացնելու տոնը, մեծ տան մեջ մեծ ընտանիք հավաքելու տոնը, ինչպես ամերիկյան Ծննդյան տոների ավանդույթն է, երբ բոլորը հավաքվում են, այն է՝ Ծննդյան օրերի կապակցությամբ իրական կրոնականությունն արտահայտելու տոնը, իսկապես եկեղեցի գնալու և այլն։

«Մարդուն տոնն անհրաժեշտ է։ Եվ ահա մարդիկ տոնում են տոնը, որ իրենց օդի ու ջրի պես անհրաժեշտ է այդ ձևով։ Բարեբախտաբար, երիտասարդությունը, այնուամենայնիվ, հեռանում է այդ ավանդույթից։ Ակնհայտ է, որ երիտասարդության մոտ արդեն տոնի կոնցեպտը փոխվել է։ Եվ մենք պետք է նպաստենք, որ նորը գա և արտամղի հինը, որովհետև հինն իսկապես աբսուրդ է, շատ վատ է առողջության համար այդ գերսնունդը, շատ վատ է մարդկանց գրպանի համար, որովհետև շատերը հիմնականում պարտքով են անում, և, ընդհանրապես, այնքան բան է փչանում և դեն նետվում ամանորյա օրերին, որ պրակտիկ արևմտյան հասարակությունը երբևէ իրեն թույլ չէր տա ռեսուրսների այդպիսի անիմաստ վատնում»,- ասաց Անուշ Սեդրակյանը։

Նրա դիտարկմամբ՝ արևմտյան հասարակությունը գիտի, որ իր տնտեսած փողերով կարող է գնել սեփականություն, կարող է գնալ շրջագայության։ Հայաստանում, սակայն, տնտեսած փողերով ոչինչ հնարավոր չէ անել, որովհետև մինիմալ գումարներ են, դրա համար հիմնականում ցածր ապահովված և միջին խավի մարդիկ այդպիսի ուտելիքային գերակայություն են դնում իրենց առջև, որովհետև դա լուծելի խնդիր է։

Լուսանկարը՝ «ՄեդիաԼաբ»

Մանե Հարությունյան

MediaLab.am