«Սերժ Սարգսյանը կլինի որպես նախագահ՝ վարչապետի թիկնոցով». Քաղաքագետ

23-01-2018
7346 դիտում
«Սերժ Սարգսյանը կլինի որպես նախագահ՝ վարչապետի թիկնոցով». Քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

- Պարո՛ն Շիրինյան, նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի՝ նախագահի թեկնածության առաջադրումը ի՞նչ է նշանակում: Արդյոք այս քայլը ցո՞ւյց է տալիս, որ Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ և արդեն այս քայլերով իր համար ճանապարհ է հարթում:

- Սերժ Սարգսյանն այս օրերին գործընթացը կառավարում է որպես նախագահ, վաղը կլինի որպես նախագահ՝ վարչապետի թիկնոցով: Ուրիշ այլ բան չկա: Սա միանշանակ է, եթե, իհարկե, չլինի ֆորս մաժոր, ինչը չենք կարող կանխատեսել:

Իսկ թե ինչո՛ւ են Արմեն Սարգսյանին բերում, Հանրապետականը լեգիտիմացնում է իշխանության արտաքին որակը՝ Եվրոպա, Անգլիա, թագուհի, օտար լեզու և այլն, որոնցից ոչ մեկը սահմանադրական պահանջ չէ: Ավելին՝ Արմեն Սարգսյանը չի կարող լինել չորրորդ նախագահ, քանի որ գործառույթները տարբեր են: Ես անձամբ նրա դեմ որևէ բան չունեմ, բայց սահմանադրական և օրենսդրական պահանջ չէ օտար լեզուների իմացությունը և այլն:

Իհարկե, շատ լավ կլինի, որ իմանա, բայց առաջին հերթին նա պետք է շատ լավ իմանա հայոց լեզու, Հայաստանի քաղաքական պատմություն, Հայաստանի պետականության պատմություն և հայ մշակույթ, քաղաքակրթություն: Սրանք որակներ են, մնացածն ընդհանրապես որակ չէ: Ընդ որում, ժողովրդի մեջ խոսում են, որ նա արևմտամետ է: Մեզ՝ որպես պետության և ժողովրդի, ո՛չ արևմտամետ, ո՛չ արևելամետ, ո՛չ թուրքամետ, ո՛չ էլ ռուսամետ են պետք: Մեզ պետք է հայաստանակենտրոն և հայամետ: Հիմա համեմատում են Անգլիայի թագուհու հետ:

Ձևականորեն ճիշտ է, բովանդակային առումով՝ ոչ, որովհետև Անգլիայի թագուհին ունի բարոյական այնպիսի հզորություն, որ եթե նույնիսկ նա չունենա օրինական հիմքեր, Անգլիայի ժողովրդի համար դա որևէ նշանակություն չի ունենա: Իսկ իրենք այդ որա՞կն ունեն, թե՞ ոչ: Հիմա մենք սովոր ենք Իսրայելի հետ համեմատել: Կրկնում են Իսրայելի տարբերակը՝ վարչապետություն նախագահով և այլն: Հիմա եթե իսրայելցուն հարցնեք` ո՞վ է վարչապետը, միանշանակ կասի՝ Բենիամին Նաթանյահուն, իսկ նախագահին չի իմանա: Ի վերջո, պառլամենտարիզմը բոլորովին ուրիշ բան է, դրա համար թող ժողովրդի աչքերը չյուղեն: Նախագահ է, բայց նախագահության հետ որևէ կապ չունի, միայն հավասարակշռող ֆունկցիա ունի:

- Այսինքն՝ եթե ընտրվի Արմեն Սարգսյանը, միևնույն է, նա չի՞ լինելու չորրորդ նախագահ:

- Ձևականորեն թվով չորրորդն է, բովանդակային իմաստով` նոր պառլամենտական հանրապետության առաջին նախագահը: Հավատացեք, որ որոշ նախարարների ֆունկցիաներից թույլ է լինելու նախագահի ֆունկցիան:

Իհարկե, լավ է, որ լեզու իմանա, շատ լավ կլիներ՝ դասական երաժշտություն իմանար և նման բաներ, բայց դա պետության կառավարման հետ շատ քիչ կապ ունի:

- Հաջորդ կարևոր իրադարձությունը վարչապետի ընտրությունն է լինելու: Սերժ Սարգսյանն ի վերջո կդառնա՞ վարչապետ, թե՞ ոչ:

- Սերժ Սարգսյանն արդեն հիմա վարչապետի գործ է անում: Այս ամբողջ փոփոխություններն ո՛ւմ համար էին, եթե ոչ իր, և նա բավարարում է Հայաստանի տարբեր խմբային շահերի պահանջները, և դրա համար էլ իբրև թե նորմալ անցում է կատարվում: Լևոն Տեր-Պետրոսյանը չէր բավարարում, նույնիսկ ընկերներն ըմբոստացան և հեռացրին նրան: Իսկ Սերժ Սարգսյանը բավարարում է խմբիշխանությունների կորպորատիվ շահերը, և բոլորը համաձայն են, իսկ երեք ուժ` հարյուր տոկոսով՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն վեճ չունի և Դաշնակցությունը, իսկ մնացածը երկրորդական են, այսքան քվեով էլ ինքը վարչապետ կընտրվի:

- Կարծում եք՝ նրա՝ վարչապետ դառնալն անցնցո՞ւմ կլինի:

- Դժվարանում եմ ասել` անցնցում կլինի, եթե ֆորս մաժոր չլինի: Եվ չեմ կարող բացառել, որ իշխանության մեջ կարող է որևէ խումբ լինել, որը միանշանակ դեմ կլինի, դա բացառված չէ: Հասկացողը կհասկանա` ինչ է կատարվում: Մեզ մոտ այս պարագայում ուղղակի իշխանության վերաբաժանում է լինում մտերիմների միջև: Մի երկու ըմբոստացողի կհեռացնեն, մի երկու խելոք կբերեն, բայց էությունը կմնա նույնը: Ես առաջարկում էի՝ հիմնե՛ք չորրորդ հանրապետություն, առանց վախենալու, ինչպես ժամանակին արեց գեներալ դը Գոլը՝ ասելով՝ մեռավ չորրորդ հանրապետությունը, կեցցե՜ հինգերորդը: Բայց մեզ մոտ դա չեն անում, ինչը նշանակում է, որ իսթեբլիշմենթը բավարարված է ներկա վիճակի պահպանումով, դրա համար էլ մենք ստաբիլ չենք զարգանում, և կայուն վիճակ է, կայունությունը ճահիճ է:

Մանե Հարությունյան

MediaLab.am