«Կոռուպցիան եկել է ժողովրդի հետ, ժողովրդի հետ էլ վերանալու է». Վահրամ Բաղդասարյան

07-03-2018
6394 դիտում
«Կոռուպցիան եկել է ժողովրդի հետ, ժողովրդի հետ էլ վերանալու է». Վահրամ Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

- Պարո՛ն Բաղդասարյան, Հայաստանում ԱՄՆ և Եվրամիության դեսպանները պարբերաբար ՀՀ իշխանություններին հորդորում են իրական պայքար մղել կոռուպցիայի դեմ: ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին անգամ հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի գումարները Եվրամիությունը ամբողջությամբ չի հատկացնի Հայաստանին, եթե իրական պայքար չլինի: Մենք տեսնում ենք, որ պարբերաբար կոռուպցիոն դրվագներ են բացահայտվում, օրերս էլ բանակին առնչվող 45 մլն դրամի չարաշահումների դեպք բացահայտվեց: Հնարավո՞ր է, որ այսպիսով իշխանություները փորձում են այնպես անել, որ ԵՄ-ի կողմից նորից գումարներ ստանան:

- Անկախ նրանից, թե Եվրամիությունը կամ Սվիտալսկին կտա՞ն այդ գումարները, թե՞ ոչ, մենք այդ գումարների համար չենք աշխատում: Մենք պետք է աշխատենք, որ հնարավորինս արմատախիլ անենք կոռուպցիան, քանի որ դա մեր տնտեսությանը խանգարող հանգամանք է, մենք բազմիցս դա ասել են: Եվ պետք է նկատել դրական քայլերը, մենք գնում ենք դեպի առաջ:

- Որտե՞ղ է կոռուպցիան:

- Կոռուպցիան եկել է ժողովրդի հետ, ժողովրդի հետ էլ վերանալու է: Աշխարհի բոլոր երկրներում էլ կա կոռուպցիա: Մեզ մոտ նախկինում մատնացույց էին անում առողջապահության և կրթության ոլորտը, բայց արդեն դրական փոփոխություններ դուք տեսնում եք այդտեղ: Կոռուպցիան հաղթահարելու համար մենք պետք է մտածենք տնտեսական աճի մասին: Ես չեմ կարող մատնանշել մի ոլորտ, որտեղից կոռուպցիան լիովին արմատախիլ է արվել: Կոռուպցիան միայն կաշառքը չէ, լայն հասկացություն է, որի սահմանումը դեռ որևէ մեկը չի տվել:

- Եթե անդրադառնանք օրերս բանակին առնչվող շուրջ 45 մլն դրամ յուրացման դեպքին, ի՞նչ է տեղի ունենում:

- Սա առաջին դեպքը չէ բանակի կամ մյուս ոլորտների հետ կապված, ի՞նչ է, կոծկեի՞նք այդ դեպքը: Այդ բացահայտումները պարբերաբար պետք է կրկնվեն, ում ձեռքը կգնա դեպի պետական բյուջե, այդ ձեռքը պետք է կտրել: Հակառակ դեպքում մենք ինչ նպատակներ որ դնում ենք, դրանց չենք կարող հասնել:

- Ասում եք՝ պետք է կտրել բյուջեից գողացողների ձեռքը, բայց, օրինակ՝ պաշտոնյաների համար ճոխ ծախսերը շարունակվում են: Եռաբլուրում հերթական անգամ աչքի են ընկել պաշտոնյաների շքեղ մեքենաները: Դա այն ֆոնին, երբ առաջնագծում դիրքերն ամրացնելու համար հասարակությունից տուֆի գումար են հավաքում: Արդյոք նպատակահարմար չէ՞ր այդ շքեղ ծախսերի փոխարեն բանակի կարիքները հոգալ:

- Ո՞ր շքեղության մասին է խոսքը, ծառայողական մեքենանե՞րը նկատի ունեք: Դա նորմալ երևույթ է, վերջիվերջո երկիրը պետք է նաև ներկայացուցչական ձև ունենա, որ տարբեր հյուրերի ընդունի և այլն: Այսքան կրճատում են ծառայողականները, Ազգային ժողովում դուք շքեղ մեքենա տեսե՞լ եք:

- Այո՛, իհարկե, տեսել ենք:

- Ի՞նչ է, «Զապորոժեցո՞վ» պետք է ման գանք, ամոթ չէ, «Ժիգուլիո՞վ»:

- Բայց արդյոք կարելի՞ է, որ պաշտոնյաներն այդքան շքեղություն իրենց թույլ տան մի երկրում, որտեղ հասարակության մի մասն աղքատ է:

- Թույլ տվեք ես նման տիպի հարցերի չպատասխանեմ:

- ՀՀԿ-ականներն այս օրերին միաբերան կրկնում են, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի ղեկավար է: Ինչո՞վ է նա անկրկնելի, եթե մենք տեսնում ենք, որ երկրում աղքատությունը, անարդարությունն աճել են, վերջին տարիներին նաև բռնություններն են աճում: Հենց Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին է սա եղել:

- Դինամիկ և պարբերական դրական աճ է նկատվել մարդու իրավունքների ու ազատ խոսքի ոլորտում: Դուք նայեք 1990-ականները, եթե որևէ ընդդիմադիր փորձեր որևէ լրատվությամբ ազատ խոսք ունենար ու քննադատեր իշխանությանը: Բոլոր իրավունքները ձեզ են տրված, ում հասցեին ինչ ուզում՝ ասում եք: Անպատժելիության մթնոլորտ է այսօր մեդիադաշտում: Մարդկանց ընտանիքների վերաբերյալ, ամեն ինչի մասին խոսում եք, ըստ շրջանառվող լուրերի գրում եք ամեն ինչ: Էլ ի՞նչ ազատություն եք ուզում, սրանից ավելի ի՞նչ ազատություն եք ուզում: Ձեր ընդդիմադիր գործընկերներին հարցրեք՝ բան կա՞, որ ուզենան ասել, բայց չասեն: Բռնություն, ի՞նչ բռնություն:

- Հայաստանից արտագաղթողների մի մասը պատճառաբանում է, որ արդարության պակասի, անպատժելիության մթնոլորտի պատճառով են արտագաղթում: Դուք չե՞ք նկատում նման խնդիրներ:

- Այդ բանը միշտ եղել է, առաջինը դա ցիտել եմ ես, որ ոչ թե սոցիալական պայմաններն են պատճառը, այլ հիմնական դժգոհությունը վերաբերում է մարդկանց պաշտպանվածության խնդրին և այլն: Դա է պատճառը, որ իրավական դաշտում ամբողջովին բարեփոխումներ են կատարվում: Եթե մենք ամեն ինչից գոհ լինեինք, այդ բարեփոխումներին չէինք գնա: Այո՛, մենք ունենք լուրջ բացեր դատաիրավական համակարգում, և այդ բացերը պետք է վերացնել: Մարդու պաշտպանվածության հարց կա, բյուրոկրատական քաշքշուկներ են, դատական պրոցեսներ են գնում քաղաքացիական գործերով, երեք-չորս տարի տևում են: Եվ մենք պետք է հասնենք այն բանին, որ անենք այդ բարեփոխումները, պետք է դատավորների քանակն ավելացնենք: Կան այդ խնդիրները, չենք ժխտում: Եթե ամեն ինչ լավ լիներ, ինչո՞ւ էինք այս համակարգը փոխում, գնում խորհրդարանական համակարգի, ամբողջ դատական համակարգը փոխում:

- Եթե Սերժ Սարգսյանն անթերի ու անփոխարինելի գործիչ է, ինչպես ՀՀԿ-ականներն են ասում, ապա ինչո՞ւ է նրա պաշտոնավարման տարիներին մոտ կես միլիոն մարդ լքել Հայաստանը:

- Իսկ դուք տեղյա՞կ եք, թե Ֆրանսիայից ինչքան մարդ է արտագաղթում, Շվեյցարիայից: Դուք նայում եք արտագաղթը, էդ թվերով եք խոսում, բայց չեք նայում՝ մարդիկ գնում են, աշխատում ու վերադառնում են: Եվ մենք ասում ենք՝ պետք է այնպիսի տնտեսական պայմաններ ստեղծենք, որ այդպես չլինի: Իհարկե, տարբեր պատրվակներ կան արտագաղթելու՝ սկսած բանակից խուսափելուց մինչև այն պատճառաբանությունները, թե պատերազմական երկիր ենք: Մենք պետք է կարողանանք ստեղծել այն համակարգը, որի պայմաններում գնացածների վերադարձի մասին մտածենք: Այդ փորձը կատարվում է:
Իսկ ինչ մնում է Սերժ Սարգսյանի անփոխարինելու լինելուն, դրանք անհատական կարծիքներ են: Եվ ես խնդրում եմ՝ նայեք տարեգրությունը, թե նման կիսապատերազմական կամ պատերազմական երկրում ամենակարևոր հարցը ո՞րն է, դա մեր անվտանգության խնդիրն է: Ունե՞ք ուրիշ մարդիկ, բերեք քննարկման առարկա դարձնենք:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am