«Երկիր». Սյունիքի մարզպետը Որոտանի վրա 2 փոքր ՀԷԿ է կառուցում

«Որոտան գետի հունում 2 փոքր ՀԷԿ-եր կառուցելու համար կփոխվի անտառային և գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան: Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղական համայնքի անտառային հողերից 0,0516 հա և գյուղատնտեսական նշանակության հողերից 0,0484 հա կփոխադրվեն էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, իսկ Անգեղակոթ համայնքից այդ նպատակով կփոփոխվի 0,1 հա անտառային հողի կատեգորիա»,- գրում է «Երկիր»-ը:

Ուսումնասիրելով կառավարության երեկվա ընդունած որոշումը՝ թերթը պարզել է, որ վերոհիշյալ ՀԷԿ-երը կառուցվելու են միմյանցից 42 մ հեռավորության վրա: Ավելին` «ՀէԿ-ի նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք» կետում նշված է, որ այն իրականացնելու է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որը յուրաքանչյուր ՀէԿ-ի համար կներդնի 325 միլիոն դրամ, իսկ արդյունքում կստեղծվի, ընդհանուր առմամբ, 8 աշխատատեղ:

© Medialab.am